Aller au contenu principal

Փարիզի բուսաբանական այգի


Փարիզի բուսաբանական այգի


Փարիզի բուսաբանական այգի (ֆր.՝ Jardin des plantes de Paris) բուսաբանական այգի, որը բաց է հանրության համար Փարիզի 5-րդ թաղամասում, Փարիզի մզկիթի, Ժուսյեի համալսարանի և Սենի միջև։ Այն Բնական պատմության ազգային թանգարանի մի մասն է։ Զբաղեցնում է 28 հա տարածք։ 1993 թվականի մարտի 24-ից ամբողջ այգին և նրանում պարունակվող շենքերը, արխիվները, գրադարանները, ջերմոցները, կենդանաբանական այգին, արվեստի գործերը և նմուշների հավաքածուն համարվում են Ֆրանսիայի ազգային պատմական տեսարժան վայրեր։

Պատմություն

1635 թվականի մայիսի 2-ին Լյուդովիկոս XIII թագավորի բժիշկները Փարիզում կազմակերպեցին բուժիչ բույսերի այգի։

Ֆրանսիական հեղափոխությունից առաջ այգու տնօրենն էր կոմս Բուֆոնը։

Բուսաբանական այգու կենդանաբանական մասը (ֆր.՝ ménagerie du Jardin des Plantes) բացվել է 1794 թվականին, բուն այգին կառուցվել է 19-րդ դարում։

Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ (1870-1871) Փարիզի գերմանական պաշարման ժամանակ կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտարարեց, որ չի կարող կերակրել կենդանիներին և սկսեց նրանց միսը առաջարկել վաճառքի։ Վաճառքի են անցել կենդանաբանական այգու պահվող գրեթե բոլոր կենդանիները, այդ թվում՝ երկու ասիական փղեր՝ Կաստորը և Պոլուքսը։ Օսման բուլվարում գտնվող անգլիական մսամթերքի խանութի սեփականատերը դրանք գնել է 27000 ֆրանկով զույգի համար։ Կենդանաբանական այգու կենդանիներից ճաշատեսակներ էին մատուցվում հարուստների համար ռեստորաններում, մինչդեռ աղքատները ուտում էին շներ, կատուներ, առնետներ և մկներ։

Ֆրանս-պրուսական պատերազմի ավարտին միջոցներ ձեռնարկվեցին կենդանաբանական այգին վերականգնելու համար, մանավանդ որ որոշ կենդանիներ ողջ մնացին՝ ոչ ոք չէր համարձակվում գնել գետաձին 80 հազար ֆրանկով, ինչպես նաև առյուծներ, վագրեր և կապիկներ

Բնական պատմության թանգարանի վերափոխման ծրագրի շրջանակներում 2011 թվականին բուսաբանական այգին վերանորոգվել է։

Բնական պատմության ազգային թանգարան

Բնական պատմության ազգային թանգարանն անվանվել է «Բնական գիտությունների Լուվր»։ Այն պարունակվում է բուսաբանական այգու երկայնքով տեղակայված հինգ շենքերում. Էվոլյուցիայի պատկերասրահ, հանքաբանության և երկրաբանության պատկերասրահ, բուսաբանության պատկերասրահ, պալեոնտոլոգիայի և համեմատական անատոմիայի պատկերասրահ, և միջատաբանության լաբորատորիա։

Էվոլյուցիայի պատկերասրահ

Էվոլյուցիայի մեծ պատկերասրահը նախագծվել է Ժյուլ Անդրեի կողմից։ 1867 թվականին Նա դարձել է թանգարանի ճարտարապետ, և նրա աշխատանքները գտնվում են Պլանտյան այգում։ Այն բացվել է 1889 թվականին Փարիզի համընդհանուր ցուցահանդեսի ժամանակ, թեև այն չի ավարտվել այնպես, ինչպես նախատեսված էր. այն դեռևս չունի մեծ ճակատ, որը գտնվում է Ջեֆրոյ-Սենթ-Հիլեր փողոցի կողմից։ Հիմնական ճակատը, որը նայում է այգու երկու հիմնական ծառուղիներին, շրջապատված է երկու լապտեր աշտարակներով։

Հանքաբանության և երկրաբանության պատկերասրահ

Հանքաբանության և երկրաբանության պատկերասրահի դիմաց կանգնած է թագավորական այգու ծառերից մեկը՝ Sophora Japonica ծառը, որը տնկել է Բեռնար դե Ժուսյեն 1747 թվականին։ Պատկերասրահը կառուցվել է 1833-1837 թվականներին Չարլզ Ռոհոլ դե Ֆլերիի կողմից։ Ներսում գտնվող հավաքածուն ներառում է մոտ վեց հարյուր հազար քարեր, ցեղեր և բրածոներ։

Բուսաբանության պատկերասրահ

Բուսաբանության պատկերասրահի դիմաց Փարիզի ամենահին ծառն է՝ Սպիտակ ակացիանն, որը Ֆրանսիա է բերվել 1601 թվականին Ամերիկայից։ Պատկերասրահը կառուցվել է 1930-1935 թվականներին Ռոքֆելլերի հիմնադրամի դրամաշնորհով։ Պատկերասրահում պահվում են բոլոր հայտնի բուսատեսակների նմուշները՝ ներկայացված 7,5 միլիոն բույսերով։ Առաջին հարկի պատկերասրահն օգտագործվում է ժամանակավոր ցուցադրությունների համար։

Պալեոնտոլոգիայի և համեմատական անատոմիայի պատկերասրահ

Այս պատկերասրահը գտնվում է իրիսների այգու կողքին, որը պարունակում է Իրիսի 260 տեսակ։ Շենքը կառուցվել է 1894-ից 1897 թվականներին մետալիկ ճարտարապետության մասնագետ Ֆերդինանդ Դուտերի կողմից, որի ամենահայտնի շենքը եղել է 1889 թվականի Փարիզի ցուցահանդեսի Մեքենաների պատկերասրահը։ Պատկերասրահն ընդլայնվել է 1961 թվականին՝ ճարտարապետ Անրի Դելաժի կողմից աղյուսով հավելումով։ Ինտերիերը մեծապես զարդարված է ժանյակավոր երկաթե աստիճաններով և դետալներով։ Այն ցուցադրում է դինոզավրերի և այլ խոշոր ողնաշարավորների բրածո կմախքների մեծ հավաքածու։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Փարիզի բուսաբանական այգի by Wikipedia (Historical)


Langue des articles



PEUGEOT 205

Quelques articles à proximité