Aller au contenu principal

Մոգադոր (թատրոն)


Մոգադոր (թատրոն)


«Մոգադոր» (ֆր.՝ Le théâtre Mogador), թատրոն Փարիզում, Ֆրանսիա։ Գտնվում է նույնանուն փողոցի 25 համարի տանը, Փարիզի 9-րդ շրջանում։ Կառուցվել է 1913-1919 թվականներին, ըստ ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծի։

Պատմություն

Թատրոնի շինարարությունն սկսվել է 1913 թվականին իմպրեսարիո Ալֆրեդ Բուտի միջոցներով` նրա կողմից վարձակալված հողատարածքում, որտեղ ավելի վաղ եղել է ախոռ։ Շենքը նախագծվել է ճարտարապետ Բերթի Կրյուի նախագծով լոնդոնյան «Պալադիում» երաժշտասրահի նմանությամբ։ Թատրոնը բացվել է 1919 թվականի ապրիլի 21-ին, «Բարև, Փարիզ» ներկայացմամբ։ Այնտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը, ով այդ ժամանակ Ֆրանսիայում էր Վերսալյան պայմանագիրը կնքելու համար, և ԱՄՆ ապագա նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը։ Ի սկզբանե թատրոնը կոչվել է «Պալատական թատրոն» (ֆր.՝ Le Palace Théâtre), բայց շուտով այն փոխարինվում է «Մոգադոր» անվանումով։ 1922 թվականին Էռնեստ Անսերմի ղեկավարությամբ թատրոնում անց են կացվում Դյագիլևի ռուսական բալետի համերգներ։ Երեկոյան ժամերին ընկերությունը հանդիսականներին էր ներկայացնում «Շահրիզադեն», «Քնած գեղեցկուհին» և «Ֆավնի հետկեսօրյա հանգիստը» ներկայացումները։ Ցերեկային ժամերին ներկայացվում էին թատրոնի խաղացանկային բեմադրությունները։ 1941 թվականին թատրոնի ղեկավարն է դառնում Անրի Վառնան։ Նրա ղեկավարության տարիներին «Մոգադոր»-ը հայտնի է դառնում արտերկրում այնպիսի ներկայացումների շնորհիվ, ինչպիսիք են «Արքայական մանուշակներ», «Միխայիլ Ստրոգով», «Ուրախ այրին», «Վենետիկի սիրահարները» և այլն։ 1983 թվականին թատրոնն առաջին անգամ վերանորոգվել է։ 2002 թվականին «Մոգադոր»-ում կայացել է ֆրանսիական թատերական «Մոլիեր» մրցանակաբաշխության արարողությունը։ 2003, 2005 և 2006 թվականներին ևս մրցանակաբաշխությունն անց է կացվել այստեղ։ 2005 թվականին թատրոնի սեփականատերն է դառնում Stage Entertainment թատերական կազմակերպությունը։ Այս առթիվ այն Ֆրանսիայում ստեղծում է «դուստր» կազմակերպությունը` Stage Entertainment France անվամբ, որը թատրոնում հիմնանորոգում է իրականացնում, որոշ տարածքներ ընդլայնվում են։ Նախասրահում նաև ներկայացվում է ժամանակակից նկարիչների 65 նկարների ցուցադրություն։ «Մոգադոր»-ը վերաբացվում է 2007 թվականի սեպտեմբերի 22-ին` «Առյուծ արքա» մյուզիքլի ազգային առաջնախաղով։ Հաջորդ տարիներին Stage Entertainment France-ը բեմադրել է նաև այլ լիցենզիոն ներկայացումներ. «Mamma Mia!» (2010-2012), «Գործի՛ր, քույրիկ» (2012-2013), «Գեղեցկուհին և հրեշը» (2013-2014)։ 2014 թվականի հոկտեմբերի 16-ից թատրոնում բեմադրվում է «Վամպիրների պարը» մյուզիքլը։ 2015-2016 թվականների թատերաշրջանում թատրոնում ցուցադրվել է Էնդրյու Լլոյդ-Ուէբերի «Կատուներ» մյուզիքլը։ 2016-2017 թվականներին Stage Entertainment France-ը թատրոնում ներկայացրել է լեգենդար «Օպերայի ուրվականը» մյուզիքլը։ Իր ցուցադրման 30-ամյակին ներկայացումն առաջին անգամ է ցուցադրվում այն քաղաքում, որտեղ ըստ սյուժեի տեղի են ունենում գործողությունները։

Հիմնական ներկայացումներ

  • 1919-«Բարև, Փարիզ»
  • 1922-«Դյագիլևի ռուսական բալետ»
  • 1923-«Կապույտ թռչուն»
  • 1931-«Օրփեոսը դժոխքում»
  • 1947-«Արքայական մանուշակներ»
  • 1950-«Ուրախ այրին»
  • 1964-«Միխայիլ Ստրոգով»
  • 1972-«Ողջույն, Դոլի»
  • 1978-«Պարոն Պունտիլան և նրա սպասավոր Մատին»
  • 1978-«Ժպիտների երկիր»
  • 1980-«Ստվերները»
  • 1983-«Սիրանո դե Բերժերակ»
  • 1987-«Կաբարե»
  • 1991-«Մերժվածները»
  • 1993-«Համբուրի՛ր ինձ, Քեթ»
  • 1994-«Իմ հիասքանչ լեդին»
  • 2001-«Notre-Dame de Paris (մյուզիքլ)» (վերականգնված)

«Stage Entertainment France»

  • 2007: «Առյուծ արքա»
  • 2010: «Mamma Mia!»
  • 2012: «Գործի՛ր, քույրիկ»
  • 2013: «Գեղեցկուհին և հրեշը»
  • 2014: «Վամպիրների պարը»
  • 2015: «Կատուներ»
  • 2016: «Օպերայի ուրվականը (մյուզիքլ)»

Տեխնիկական տվյալներ

  • Թատրոնի հանդիսասրահը տեղավորում է 1600 մարդ,
  • Բեմի մակերեսը 260 քմ է;
  • Բեմի չափերն են` 10,7 մ (լայնություն) և 12,7 մ (խորություն)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Թատրոնի պաշտոնական էջը «Stage Entertainment France»-ի կայքում Արխիվացված 2014-12-03 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Մոգադոր (թատրոն) by Wikipedia (Historical)


Langue des articles



ghbass

Quelques articles à proximité