Aller au contenu principal

Հաղթական կամար (Փարիզ)


Հաղթական կամար (Փարիզ)


Հաղթական կամար (ֆր.՝ Arc de Triomphe de l'Étoile), Փարիզի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Այն գտնվում է Շառլ դը Գոլի հրապարակում (ֆր.՝ Place de l'Étoile)։ Հուշարձանը կառուցվել է ի պատիվ Հեղափոխության և Նապոլեոնական պատերազմներում տարած հաղթանակների, 1806-1836 թվականներին, ճարտարապետ՝ Ժան Ֆրանսուա Շալգրեն։

Հաղթանակի ճանապարհ

Լյուդովիկոս XIV-ի օրոք Ելիսեյան դաշտերից ձգվող ճանապարհը միացնում էր երկու թագավորական նստավայրերը՝ Լուվրի և Վերսալի պալատները։ Այդ ճանապարհը անվանել են Հաղթանակի ճանապարհ։ Ելիսեյան դաշտերի վերջնամասում կառուցվում է հնգաձև հրապարակ,որտեղից սկիզբ է առել հինգ ճանապարհներ։ Հրապարակը նմանվում էր աստղի և նրան անվանել են Աստղի հրապարակ։ Հետագայում ճանապարհներին ավելանում են ևս յոթ ճանապարհ, և այն ստանում է տասներկու ճառագայթ-պողոտա անվանումը։ 1970 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի մահից հետո հրապարակը վերաանվանվում է նրա անվամբ՝ Շառլ դը Գոլի հրապարակ։ Հենց այդ տասներկու ճանապարհների կենտրոնում է գտնվում Հաղթական կամարը։

Պատմություն

1805 թվականին Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտի բանակը հաղթում է ռուս-ավստրիական բանակին։ Ճակատամարտը հայտնի է նաև «3 կայսրերի ճակատամարտ» անվամբ։ Ի պատիվ հաղթանակ տարած բանակին Նապոլեոն Բոնապարտը հրամայում է Շայո բլրի վրա կառուցել հաղթակամար։ Կառույցի նախագծերը սկզբնական շրջանում մի քանիսն էին,որոնցից մեկը իրենից ներկայացնում էր քարե մեծ փիղ՝ որի ներսում պետք է լիներ Նապոլեոնի հաղթանակներին նվիրված թանգարան։ Սակայն հաղթակամարի նախատիպ է դառնում Հռոմեական հրապարակի մուտքի մոտ կառուցած Տիտոսի մարմարե Հաղթակամարը (մ․թ․ 81 թվական)։

Փարիզի հաղթակամարի ճարտարապետը եղել է Ժան Ֆրանսուա Շալգրենը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1806 թվականին և ավարտվել 1836 թվականին։ Կամարի բարձրությունը 49,51 մետր է, լայնությունը 44,82 մետր, իսկ սյուների բարձրությունը՝ 29,19 մետր։ Կամարը զարդանախշված է չորս հիմնական քանդակային խմբերով՝ «Հաղթանակ 1810թ.», «Մարսելյեզ», «Խաղաղություն», «Դիմադրություն 1814թ.»:

Դրանից բացի կամարի վրա զետեղված են 128 ճակատամարտերի հարթաքանդակներ՝ «Աուստերլից»,«Աբուկիրի հաղթանակը», «Անցումը Արկոլ կամրջով», «Ժեմապեի ճակատամարտը», «Փառավոր բանակի քայլերթը», «Ալեքսանդրիայի նվաճումը» և այլն։ Կամարի սյուների վրա գրված են 558 ֆրանսիացի սպաների անուններ։

Կամարի շուրջը տեղակայված գրանիտե հարյուր թումբերը պատրաստված են ի պատիվ Նապոլեոնի երկրորդ գահակալության հարյուր օրերի։ Թումբերը իրար միացված են պողպատե շղթաներով։ Քաղաքական բախումների պատճառով շինարարությունը մի հաճախ ընդհատվում էր և նորից վերսկսվում։ Բոնապարտը միայն մեկ անգամ է տեսնում կամարի մակետը՝ 1810 թվականին, երբ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրանց II աղջիկ Մարիա-Լուիզա Ավստրիացին ժամանում է Փարիզ և նրանք ամուսնանում են։1840 թվականի դեկտեմբերի 15-ին Նապոլեոն Բոնապարտի աճյունափոշին սուրբ Հեղինե կղզուց տեղափոխում են Փարիզ և սգո թափորը հանդիսավոր կերպով անցնում է Հաղթական կամարի տակով։ Հաղթակամարի տակով են անցկացրել Լուի-Ադոլֆ Տիերի, Վիկտոր Հյուգոյի Լեոն Գամբետտայի, Մակ-Մագոնի, Ֆոշ Ֆերդինանդի, Ժան Ֆիլիպ Լեկլերկի, Լատր դե Տեսինիի և շատ նշանավոր մարդկանց աճյուններ։

Անհայտ զինվորի շիրիմ

1921 թվականի հունվարի 28-ին Առաջին համաշխարհային պատերազմում զոհված Անհայտ զինվորի մասունքները հանդիսավոր կերպով թաղում են կամարի տակ։ Ամեն տարի հուլիսի 14-ին այստեղ անց է կացվում զինվորական շքերթներ, որի ժամանակ անմահ կրակի մոտ ծաղիկներ են դրվում։ Անհայտ զինվորի շիրիմի վրա գրված է.

2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ տեղի ունեցան նաև Փարիզում։ Միջոցառման մասնակիցները զինվորական նվագախմբի և դրոշակակիրներին ուղեկցությամբ Ելիսեյան դաշտեր պողոտայից շարժվեցին Հաղթական կամար և Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի անունից ծաղկեպսակներ դրեցին Անհայտ զինվորի շիրիմին, որին հաջորդեց Հաղթակամարի անմար կրակի բորբոքման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, ֆրանսիացի քաղաքապետեր, պետական պաշտոնյաներ, ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • http://www.veter-stranstvii.ru/parij/dostoprim-pariz/ploshadi-pariza/311-plzvezgi.html Արխիվացված 2016-08-26 Wayback Machine

Text submitted to CC-BY-SA license. Source: Հաղթական կամար (Փարիզ) by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé