![Ֆոնտենբլո (ապարանք) Ֆոնտենբլո (ապարանք)](/modules/owlapps_apps/img/errorimg.png)
Ֆոնտենբլո ապարանքը (ֆր.՝ Château de Fontainebleau) վերածննդի ժամանակաշրջանի ապարանք՝ Սեն է Մառն ֆրանսիական դեպարտամնետում, որի շուրջ հետո կազմվել է Ֆոնտենբլո քաղաքը։ Այստեղ են ապրել Ֆրանսիայի շատ առաջնորդներ սկսած Լուի VII-ից մինչև Նապոլեոն III: Ապարանքում են ծնվել չորս միապետ՝ Ֆիլիպ IV Գեղեցիկը, Ֆրանցիսկ II Վալուան, Հենրի III -ը և Լյուդովիկոս XIII -ը։
Համարվում է Ֆրանսիայի պատմության խորհրդանիշներից մեկը։ Յոթ դար շարունակ հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների կառավարական պալատը և միայն 1870 թվականի կայսրության տապալումից հետո առհավետ դադարեցրել է իրականացնել իր պատմական գործառույթն ու վերածվել է թանգարանի։
1981 թվականին Ֆոնտեբլոյի պալատը և զբոսայգին մտել են ՅՈՒՆԵՍԿՈ –ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ։
Սկզբնական շրջանում պալատի տեղանքում թագավոր Լուի VII–ը կառուցում է որսորդական տնակ, այնուհետև վերածում այն իր քաղաքամերձ նստավայրի։
XVI դարում Ֆրանսիսկոս I թագավորն այդ նստավայրի տեղանքում կառուցում է նոր պալատ, որը երեք տարի շարունակ կառուցում են իտալացի վարպետները, այդ թվում՝ Ֆրանչեսկո Պրիմատիչչոն և Բենվենուտո Չելինին։ Ֆրանսիսկոս I անունը կրող պատկերասրահը, որն աչքի է ընկնում իր առանձնահատուկ փայտե զարդարանքներով և որմնանկարներով, միացնում է թագավորի ննջարանը Սուրբ Երրորդություն մատուռի հետ։
Ֆրանսիսկոս I –ի մահից հետո գահ է բարձրանում նրա որդին՝ Հենրի II-ը։ Վերջինս ամուսնացած էր Եկատերինա Մեդիչիի հետ, սակայն սիրահարված էր Դիանա դե Պուատյեին։ Ի նշան իր սիրո՝ Հենրին Դիանային նվիրում է Շենոնսո պալատը, իսկ Ֆոնտեբլոյում կառուցում է պարասրահ, որի պատերին տեղ-տեղ տեսնելի են Հենրիի ու նրա սիրուհու անվանագրերը։
Սրահում որմնանկարներից մեկը պատկերում է որսորդության աստվածուհի Դիանային՝ կրկին ի պատիվ Դիանա դե Պուատյեի։ Դիանայի պատկերը ներկա է անգամ պալատի բակում, որտեղ ցայտում է Դիանայի անունը կրող շատրվանը։
Հենրի II-ի ու նրա որդու՝ Հենրի III –ի մահվանից հետո, որը Վալուաների դինաստիայից վերջինն էր, պալատը գրեթե տասը տարի լքված վիճակում է մնում։
Միայն 1589 թվականին գահ բարձրացած Հենրի IV-ը՝ Բուրբոնների արքայատոհմի ժառանգորդը, վերադարձնում է թագավորական արքունիքը Ֆոնտեբլո և իրականացնում պալատի ամբողջական ռեստավրացիա։ Հենց այդ ժամանակ է ֆրանսիացի նկարիչ Մարտեն Ֆրեմինը նկարազարդում Սուրբ Երրորդություն մատուռը, որն իր այդ պահպանվել է մինչև օրս։
Երբ ֆրանսիական գահն անցնում է Լյուդովիկոս XIV –ին, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Նիկոլա Ֆուկեն, օգտագործելով թագավորության ֆինանսական միջոցները, Վո դե Վիկոնտում կառուցում է հրաշագեղ մի պալատ։ Շուտով Ֆուկեն ձերբակալվում է։ Լյուդովիկոս XIV –ը բարկացել էր այն հանգամանքից, որ նոր պալատն ավելի գեղեցիկ էր, քան թագավորական Ֆոնտեբլո նստավայրը, ինչից հետո նա ուղարկում է Ֆուկեի պալատի ճարտարապետներին կառուցելու Վերսալ պալատական համալիրը։ Մի քանի տարի անց Լյուդովիկոս XIV –ն արքունիքով տեղափոխվում է Վերսալ, որից հետո Ֆոնտեբլոն երկար ժամանակ մոռացվում է։
Հաջորդող թագավորներ Լյուդովիկոս XV -ը և Լյուդովիկոս XVI –ը Ֆոնտեբլո էին ժամանում միայն աշնանը։
Ֆոնտեբլոն նոր շունչ է ստանում միայն ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ Նապոլեոն Բոնապարտը սկսում է օգտագործել Ֆոնտեբլոն որպես իր պաշտոնական քաղաքամերձ նստավայր։ Նապոլեոնական շրջանի սրահներից են Գահասրահը, որը սկզբնական շրջանում ծառայել է որպես Նապոլեոնի ննջարան, ինչպես նաև հանրահայտ Կարմիր սրահը, որտեղ փոքրիկ կլոր սեղանի վրա Նապոլեոնը 1814 թվականին ստորագրում է գահից հրաժարվելու ասին փաստաթուղթը։
Պահպանվել է նաև հանրահայտ աստիճանը, որի վրա կանգնած փաստաթղթի ստորագրումից մի քանի օր անց կայսրը հրաժեշտ է տալիս իր գվարդիային։ Բակը, դեպի ուր դուրս է գալիս աստիճանը, հետագայում անվանվել է «Հրաժեշտի բակ» (ֆր. La cour des adieux):
Ֆոնտեբլո պալատը շրջապատված է երկու պարտեզով՝ Անգլիական և Դիանայի, որտեղ էլ գտնվում է որսորդության աստվածուհի Դիանայի շատրվանը՝ կոչված հիշեցնելու՝ Դիանա դե Պուատյեին։
Վերածննդի ոճով կառուցված այս պալատի շրջակայքում 25000 հեկտար տարածությամբ ձգվում են անտառներ, այդ իսկ պատճառով էլ Ֆոնտեբլոն Ֆիլիպ Օգոստոս և Լյուդովիկոս IX թագավորների սիրելի որսատեղին էր համարվում։
Ֆոնտեբլոյի շրջակայքում է գտնվում նաև «Մեծ ջրանցքով» զբոսայգին, XVIII դարի անգլիական այգիներ, վերսալյան սրահների ծաղկաթմբեր։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou