Aller au contenu principal

Թաքսիմ Գեզի


Թաքսիմ Գեզի


Թաքսիմ Գեզի այգի (թուրքերեն՝ Taksim Gezi Parkı), քաղաքային զբոսայգի Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Այգին գտնվում է Բեյօղլու թաղամասում։ Զբոսայգին քաղաքի ամենափոքր այգիներից մեկն է։ Նախկինում այգու տեղում եղել են զորանոցներ։ 2013 թվականին այգում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Բախման պատճառը Ստամբուլի քաղաքային իշխանությունների որոշումն էր հատել ծառերը և դրա փոխարեն կառուցել առևտրի կենտրոն։

Պատմություն

Այն վայրում, որտեղ ներկայումս գտնվում է այգին, 1806 թվականին կառուցվել են զորանոցներ, որոնք առավել հայտնի էին Հալիլ փաշայի հրետանային զորանոցներ անվամբ (թուրքերեն՝ Halil Paşa Topçu Kışlası): Զորանոցները կառուցված էին օսմանյան, ռուսական և հնդկական ճարտարապետական ոճերով։ Դրանք մեծապես տուժել էին Մարտի 31-ի պատահարի ժամանակ 1909 թվականին։

Ժամանակի ընթացքում զորանոցների ներքին բակը վերակառուցվում է և դառնում Ստամբուլի առաջին մարզադաշտը։ Թաքսիմ մարզադաշտում 1923 թվականի հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին խաղը՝ խաղալով ոչ-ոքի Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։

1936 թվականին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հրավիրեց ֆրանսիացի ճարտարապետ և քաղաքային դիզայներ Անրի Պրոստին Ստամբուլ՝ քաղաքային զարգացման պլանի մշակման համար։ Այդ պլանի շրջանակներում 1940 թվականին, երբ Ստամբուլի քաղաքագլուխը Լութֆի Քըրդարն էր, զորանոցները հիմնահատակ վերացվեցին։

Պրոստի նախագծի համաձայն, առաջարկվում էր քաղաքի կենտրոնում կառուցել քաղաքային մեծ զբոսայգի, որը կտեղակայվեր Թաքսիմ հրապարակի, Նիշանթաշը փողոցի և Մաչքայի միջև՝ ձգվելով մինչև Բոսֆոր։ Զբոսայգու կառուցումն ավարտվել է 1943 թվականին, և սկզբնական շրջանում կոչվել է Ինյոնյուի այգի (թուրքերեն՝ İnönü Park)՝ ի պատիվ երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի։ Ժամանակի ընթացքում այգու տարածքը կրճատվել է՝ ի հաշիվ նորակառույց հյուրանոցների։

2013 թվականին երկրի կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ վերականգնելու պատմական զորանոցները և վերացնելու այգին։ Դա հանգեցրեց ժողովրդական ցույցերի, որը վերածվեց այգու տարածքում վրանային քաղաքի ստեղծմանը։ Արդյունքում ցույցեր սկսվեցին Թաքսիմ հրապարակում, այնուհետև Ստամբուլի մնացած շրջաններում։ Ոստիկանների հետ բախումները սկսվեցին մայիսի 28-ին և միայն հունիսի 16-ին ոստիկանական ուժերը կարողացան ցուցարարներին հանել այգուց՝ միայն արցունքաբեր գազի օգնությամբ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Թաքսիմ Գեզի by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé