Aller au contenu principal

Կոմպյենյե


Կոմպյենյե


Կոմպյենյե (ֆր.՝ Compiègne), քաղաք Ֆրանսիայի հյուսիսային հատվածում, վարչականորեն՝ Պիկարդիա երկրամասի Ուազի դեպարտամենտում։ Համարվում համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Գտնվում է Ամյենից 65 կմ հարավ, իսկ քաղաքամայր Փարիզից՝ 71 կմ հյուսիս արևելք։ Քաղաքի տարածքով հոսում է Ուազա գետը։ Բնակավայրը նշանավորվում է նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո այստեղ է կնքվել Անտանտի և Գերմանիայի միջև հաշտության պայմանագիր։

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Կոմպյենյեի բնակչությունը կազմում է 40 732 մարդ։

Պատմություն

888 թվականին ֆրանսիացի ազնվական Էդ Փարիզացին Կոմպյենյեում թագադրվում է Ֆրանսիայի թագավոր։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում՝ 1430 թվականին, Անգլիայի թագավորության դաշնակից բուրգունդացիները Կոմպյենյեում գերեվարում են ֆրանսիական ազգային ազատագրական շարժման հերոս, Օռլեանի կույս Ժաննա դ'Արկին և հանձնում անգլիացիներին։ Վերջիններս էլ Ժաննային մեղադրում են հերետիկոսության մեջ և ենթարկում ինկվիզիցիայի։

1630 թվականին այստեղ է հաստատվում Մարիա Մեդիչին՝ Լյուդովիկոս Արդարի մայրը, ով էլ «խաբվածների օրվա» ընթացքում վերջնականապես ճանաչում է իր պարտությունը Ռիշելյեից և 1631 թվականին հեռանում Բելգիա։ 1789 թվականին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը հասնում է Կոմպյենյե։ Տեղի վանական քույրերը, ովքեր պայմքարում էին հանուն քրիստոնեական հավատի, սկսում են իրենց նվիրել հայրենիքի ազատության գաղափարին։ Սակայն այդ ճանապարհին ձերբակալվում են գործող ռոյալիստական ուժերի կողմից և զոհվում։ Նրանք պատմությանը հայտնի են «Կոմպյենյեի նահատակներ» անվանումով։

1918 թվականի նոյեմբերի 11-ին Կոմպյենյեի անտառում գտնվող ֆրանսիական բանակի հրամանատար մարշալ Ֆոշի սալոն-վագոնում Անտանտի և Գերմանիայի ներկայացուցիչները ստորագրում են զինադադարի պայմանագիր, որով փաստացիորեն ավարտվում է առաջին համաշխարհային պատերազմը։

Քսաներկու տարի անց՝ 1940 թվականի հունիսի 22-ին, նույն տեղում և գրեթե միևնույն ժամին, կնքվում է Կոմպյենյեի երկրորդ զինադադարը, որով ավարտվում էր Ադոլֆ Հիտլերի ֆրանսիական ռազմագործողությունը։ Պայմանագրի արդյունքում Ֆրանսիան բաժանվում էր երկու առանձին պետական կազմավորումների․ մի մասում հաստատվում էր Գերմանիայի օկուպացիոն վարչակարգը, իսկ մյուս մասում շարունակում էր գոյատևել ֆրանսիական պետականությունը։

Տեսարժան վայրեր

  • Կոմպյենյեի պալատը եղել է Ֆրանսիայի թագավորների նախկին նստավայրը։ Հիմնադրվել է Մերովինգների արքայատոհմի կառավարման ընթացքում, սակայն 17-18-րդ դարերում հիմնովին վերանորոգվել է։ Կառուցվածքային առանձնահատկությունը կլասիցիզմի տարրերի առկայությունն է։
  • Քաղաքապետի նստավայրը համարվում է 16-րդ դարի շինություն, որը ներկայումս ներառված է Ֆրանսիայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
  • Սուրբ Ժակի եկեղեցին 13-րդ դարում գոթական ոճով կառուցված հոյակերտ ճարտարապետական նմուշ է, որը հիմնովին վերանորոգվել է 15-16-րդ դարերում։

Տնտեսություն

Քաղաքում առկա են քիմիական, սննդամթերքի, մեքենաշինական հաստոցների և մետաղամշակման ձեռնարկություններ։ Տնտեսության գերակա ճյուղը զբոսաշրջությունն է։

Բնակչության զբաղվածության տեսապատկերը հետևյալն է․

  • գյուղատնտեսություն՝ 0,6 %
  • արդյունաբերություն՝ 13,8 %
  • շինարարություն և քաղաքաշինություն՝ 6,2 %
  • առևտուր, կապ և տրանսպորտ՝ 39,4 %
  • պետական և վարչական ծառայություններ՝ 40,0 %։

Ըստ 2013 թվականի տվյալների՝ գործազրկության մակարդակը կազմում է 18,2 % (ամբողջ Ֆրանսիայում՝ 13,5 %, Ուազի դեպարտամենտում՝ 13,7 %): Միջին հաշվով, մեկ շնչին բաժին է ընկնում մինչև 18 657 եվրո։

Ժողովրդագրություն

Բնակչության աճի ցուցանիշ

Կրթություն և գիտություն

Քաղաքում գործում են մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, ի դեմս Կոմպյենյեի տեխնոլոգիական համալսարանի, առևտրի բարձրագույն դպրոցի, ինչպես նաև օրգանական քիմիայի և հանքանյութերի բարձրագույն դպրոցի։

Սպորտ

1986 թվականին Կոմպյենյեում մեկնարկել է ամենամյա համաֆրանսիական ամենամեծ հեծանվավազքը՝ Փարիզ Ռուբեն։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կոմպյենյե by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé