Aller au contenu principal

Բյույուքադա


Բյույուքադա


Բյույուքադա (թուրքերեն՝ Büyükada՝ «մեծ կղզի», Պրինկիպո, հուն․՝ Πρίγκηπος - «արքայազն», Մեծ կղզի), Ստամբուլի հարևանությամբ՝ Մարմարա ծովում գտնվող Իշխանաց կղզիների՝ մակերեսով ամենամեծ կղզին։ Տարածքը՝ 5,36 կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի տվյալների՝ 7127 մարդ։

Աշխարհագրություն

Կղզին Ստամբուլի ափերից գտնվում է հարավ՝ 2,3 կմ հեռավորության վրա։ Պաշտոնապես կղզին գտնվում է Ստամբուլի Իշխանաց կղզիների շրջանում։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ Նիզամ և Մադեն։

Հիմնականում կառուցապատված է կղզու հյուսիսը և հյուսիս-արևելքը, որտեղ էլ գտնվում է Բյույուքադա ավանը։ Կղզու արևմտյան ափերին է գտնվում Նիզամ բնակավայրը, իսկ հյուսիս-արևելքում՝ Թեփեքյոյը։ Հարավային, առավել լեռնային հատվածը, փաստացիորեն բնակեցված չէ։

Կղզում կա երկու բլուր։ Հարավային հատվածում գտնվող բլուրը կոչվում է Յորգի. սրա բարձրությունը կազմում է 211 մետր։ Հյուսիսում գտնվող բլուրը կոչվում է Քրիստոս։ Բլուրների միջև գտնվող հովտում է գտնվում Սուրբ Նիկողայոսի եկեղեցին ու մենաստանը (Այոս Նիկոլաս) և նախկին տոնավաճառային հրապարակը, որը կոչվում է Լունա Պարկ։ Կղզու արևմտյան հատվածում գտնվում է Դիլ Բուռնու հրվանդանը (Dil Burnu), իսկ կղզու հարավում գտնվում է լողափը։

Կղզում գտնվում են մզկիթներ, ուղղափառ, կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող եկեղեցիներ։

Պատմություն

Բյուզանդական դարաշրջանում կղզին ճանաչված անձանց բնակատեղի էր։ Այստեղ ապրում էին նաև մենաստանների վանականները։ XIV դարասկզբին այստեղ հանգրվանեցին հույն փախստականները, որոնք թուրքերից փրկվելու նպատակով ապաստանեցին կղզում։

XX դարի սկզբին Բյույուքադայում սուլթանի և վերջինիս մերձավորների կողմից կառուցվեցին վիլլաներ։

Հեղափողությունից հետո կղզում ապրել է իշխան Դմիտրի Բորիսովիչ Գոլիցինը, որն իր վախճանն է գտնում կղզում 1920 թվականին. վերջինիս հուղարկավորված է տեղի ուղղափառ եկեղեցական գերեզմանատանը։ 1929 թվականի փետրվարից այստեղ է բնակվել նաև Լև Տրոցկին, երբ նրան աքսորեցին ԽՍՀՄ տարածքից։

Մինչև 1950-ական թվականները (Ստամբուլի ջարդերը) կղզու հիմնական բնակչներն էին հույն ձկնորսները և հույն հարուստները, հայերը և հրեաները։

Ժամանակակից կյանք

Կղզու բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 հազար մարդ։ Ինչպես կղզեխմբի մյուս կղզիներում, այնպես էլ այստեղ թույլատրված տրանսպորտի միակ տեսակը կենդանաքաշ տրանսպորտն է։ Բնակիչները (բացի հատուկ ծառայության աշխատակիցներից) և ճանապարհորդները կղզում տեղաշարվում են ոտքով, հեծանիվով, ձիերով և էշերով։

Տեսարժան վայրեր

  • Սուրբ Գևորգ հունական եկեղեցի, 963 թվական՝ կառուցված է հարավային բլրի գագաթին։
  • «Պայծառակերպության եկեղեցի» կամ պարզապես «Քրիստոս»՝ հյուսիսային բլրի գագաթին։
  • Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Այոս Նիկոլաս, Aziz Nicola Rum manastir)՝ երկու բլրի միջև՝ արևելյան ծովափին։
  • Դիմիտրոս Թեսաղոնիկեցու տաճար (հուն․՝ Ναός τοῦ Ἅγίου Δημητρίου Μυροβλύτου)՝ կառուցված 1856 թվականին (Alacam Sokak 17):
  • «Պնակե» եկեղեցի, ֆայտոնների կառանման վայրի հարևանությամ։

Համիդիյե մզկիթը (Hamidiye Camii) կառուցվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմի՝ 1892-1893 թվականներին։

Կղզում կան նաև սինագոգ, հայկական ու կաթոլիկ եկեղեցիներ։ Պահպանվել են մեծահարուստների առանձնատներ՝ կառուցված Օսմանյան դարաշրջանում։ Այստեղ է պահպանվում Եվրոպայում ամենամեծ փայտաշեն կառույցը, այսպես կոչված «Հունական մանկատուն» (Prinkipo Palace), որը գտնվում է Քրիստոսի բլրին (İsa Tepesi): Շինությունը կառուցվել է 1898 թվականին ֆրանսիական ընկերության կողմից որպես հյուրանոց և խաղատուն, սակայն այդպես էլ չի բացվել, քանի որ Աբդուլ Համիդը թույլ չի տվել։ Հետագայում փայտաշեն կառույցը ծառայել է որպես մանկատուն հույն երեխաների համար 1903-ից մինչև 1964 թվականը։ 2010 թվականի հունիսին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահում է Թուրքիայի կառավարության դեմ դատը (վիճարկվում էր սեփականության հարցը) և ծրագրում է կատարել ռեստավրացիոն աշխատանքներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • [1]
  • Büyükada Արխիվացված 2017-07-08 Wayback Machine / Բյույուքադան Ստամբուլի կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Բյույուքադա by Wikipedia (Historical)


Langue des articles



INVESTIGATION

Quelques articles à proximité

Non trouvé