Aller au contenu principal

Թոփհանե շատրվան


Թոփհանե շատրվան


Թոփհանե շատրվան (թուրքերեն՝ Tophane Çeşmesi), հանրային շատրվան, աղբյուր Ստամբուլում, որը կառուցվել է 18-րդ դարում օսմանյան սուլթան Մահմուդ I-ի կողմից։ Շատրվանը կառուցվել է օսմանյան ռոկոկո ճարտարապետական ոճով և գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի Թոփհանե թաղամասում։

Պատմություն

Հանրային շատրվանը, որը նախատեսված էր ճանապարհորդների և քաղաքաբնակների ջրային պաշարը բավարարելու համար, կառուցվել է Մահմուդ I սուլթանի հրամանով, որը կառավարել է 1730-1754 թվականներին։ Շատրվանը կառուցվել է 1732 թվականին։ Այդ ժամանակ մեծ նշանակություն էր տրվում նմանօրինակ շատրվանների կառուցմանը։

Թոփհանե շատրվանը գտնվում է Թոփհանե հրապարակում, որը ձևավորվում է Թոփհանե Իսքելեսի և Նեջաթիբեյ փողոցների հատման վայրում։ Շատրվանի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Քըլըչ Ալի փաշա մզկիթը և Թոփհանեի արհեստանոցները, հյուսիս-արևելքում՝ Նուսրեթիե մզկիթը և Բոսֆորի նեղուցը՝ հարավ-արևելքում։

Շատրվանը երկու անգամ վերակառուցվել է։ Առաջին անգամ շատրվանը վերակառուցվել է 1837 թվականին, որի արդյունքում կառույցի տանիքն ամբողջությամբ փոփոխվել է։ Վերակառուցման արդյունքում հարթ տանիքը դարձել է սանդղավանդե։ Երկրորդ վերակառուցումը տեղի է ունեցել 1956-1957 թվականներին, երբ շինարարությունն սկսվել է քաղաքային ճարտարապետության վերափոխումների արդյունքում։ Կառույցի տանիքն ու լայն քիվերն համապատասխանեցվել են կառույցի իրական չափերին, որոնք պատկերված էին փորագրությունների վրա։

2006 թվականին թուրքական խոշոր կոնգլոմերատներից մեկն զբաղվել է շատրվանի վերակառուցմամբ և մաքրմամբ։ Արդյունքում, շատրվանը վերագործարկվել է որպես խմելու ջրի աղբյուր։

Ճարտարապետություն

Շատրվանը կառուցվել է որպես առանձին կառույց՝ «հրապարակային շատրվանի» ոճով (թուրքերեն՝ meydan çeşmesi): Շատրվանը հանդիսանում է առանձին հուշարձան, սակայն ճարտարապետական տեսանկյունից ներառված է Քըլըչ Ալի փաշա մզկիթի համալիրի մեջ (կառուցվել է 1580 թվականին), որը գտնվում է շատրվանին կից։ Ընդհանուր առմամբ, շատրվանն ունի քառակուսու տեսք։ Ստորին հատվածում շատրվանն ունի ութանիստ կառուցվածք, որը բարձրանալով վեր ձեռք է բերում քառակուսու ձև։

Շատրվանը կառուցվել է պալատական ճարտարապետ Մեհմեդ աղայի կողմից։ Կառուցվել է օսմանյան ռոկոկո ճարտարապետական ոճով, որը բնորոշ է օսմանյան կակաչների դարաշրջանին (1703-1757)։ Շատրվանը զարդարված է զարդաքանդակներով, որը բնորոշում է կլասիցիզմից ռոկոկո ոճի անցնումը։ Նրա արտաքին տեսքը նման է Ահմեդ III-ի և Յուսքյուդարի Ահմեդ III շատրվաններին (1729)։

Շատրվանի որմնախորշը և աղեղնաձև կամարները կառուցված են օսմանյան ոճով, իսկ քիվը՝ բարոկկո ոճով։ Շատրվանը զարդարված է 23 կարատանոց ոսկե նրբաթիթեղով, որը 2006 թվականին օգտագործվել է Թոփհանե պալատի վերակառուցման ժամանակ։

Շատրվանի քարակոթողի վրա առկա է գրվածք, որը պատկանում է բանաստեղծ Նահիֆիին և պատկերված է արաբական մանրանկարչության ոճով։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Թոփհանե շատրվան by Wikipedia (Historical)


Langue des articles



Quelques articles à proximité

Non trouvé