Aller au contenu principal

Ջիմի Սիմփսոն


Ջիմի Սիմփսոն


Ջեյմս Ռեյմոնդ (Ջիմի) Սիմփսոն (անգլ.՝ James Raymond "Jimmi" Simpson,նոյեմբերի 21, 1975(1975-11-21), Hackettstown, Ուորեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսությունում կատարած աշխատանքով։ Նկարահանվել է «Թղթե տնակ», «Փախուստի թագավորներ», «Պայծառատես», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է», «C.S.I.: Հանցագործության վայրը», «Իմ անունն է Էռլ», «24 ժամ» և «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալներում, ինչպես նաև «Սպիտակ տան գրոհը», «Խելագար ժամադրություն» և «Խելահեղ մրցավազք» ֆիլմերի երկրորդական դերերում։

Վաղ կյանք

Սիմփսոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հակեթստաուն քաղաքում։ Նա երեք եղբայրներից ամենակրտսերն է։

Նա ավարտել է Բլումսբերգի համալսարանը և դարձել է արվեստի բակալավր թատրոնի բնագավառում։

Կարիերա

Կինոյում Սիմփսոնի առաջնելույթը կայացել է 2000 թվականին «Անհաջողակը» պատանեկական ֆիլմում։ 2002-2005 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել մի շարք սերիալներում (««Կարմիր վարդ» առանձնատուն», «24», «Նյու Յորքի ոստիկանություն», «Դետեկտիվ Ռաշ», «Դիմակահանդես»)։

2005 թվականի ամռանը Ջիմիի մասնակցությամբ կայացել է «Խելահեղ մրցավազք» ընտանեկան կատակերգության պրեմիերան։ Ֆիլմում նաև խաղացել են Լինդսի Լոհանը, Ջասթին Լոնգը և Մայքլ Քիթոնը։ Մեկ տարի անց թողարկվել է «Մնալ կենդանի» սարսափ ֆիլմը, որում Սիմփսոնը կատարել է էպիզոդիկ դեր։ 2006 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է «Հրեշտակի ջրվեժ» ֆիլմը։ Այս պատկերում Ջիմին կատարել է Մեծ Եղբոր դերը, իսկ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն են դարձել Լիամ Նիսոնը և Փիրս Բրոսնանը։

Սիմփսոնը խաղացել է «C.S.I.: Հանցագործության վայրը» սերիալի երեք էպիզոդներում, «Իմ անունն է Էռլ» սերիալի երկու էպիզոդներում և 2009 թվականի «Հաուս» սերիալի էպիզոդում, որը ստացել է «Unfaithful» անվանումը։ Նաև դերասանին կարելի է տեսնել «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալում։

Նա կատարել է «Զոդիակ» դետեկտիվի Մայք Մագոյի և «Խելագար ժամադրություն» կատակերգության Արմսթրոնգի դերերը։ 2011-2012 թվականներին Սիմփսոնը եղել է «Խելահեղ մրցավազք» սերիալի հիմնական դերասանական կազմում, իսկ 2005-2013 թվականներին պարբերաբար նկարահանվել է «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սիթքոմի Լիամ Մակփոյլի դերում։ 2013 թվականին կայացել է դերասանի մասնակցությամբ «Սպիտակ տան գրոհը» ֆիլմի պրեմիերան։

Սիմփսոնը խաղացել է «Լուրեր» սերիալի Ջեք Սփենիեի և «Թղթե տնակ» սերիալի Գևինա Օրսեայի դերը։ 2017 թվականին նրան կարելի էր տեսնել «Սև հայելի» սերիալի 4-րդ եթերաժրջանի առաջին սերիայում (դերը դերասանին բերել է «BAFTA» մրցանակի անվանակարգ)։

2016 թվականի աշնանը HBO-ով մեկնարկվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» գիտաֆանտաստիկ սերիալը, որը երկարացվել է 4 եթերաշրջանով։ Սերիալում Սիմփսոնը կատարել է գլխավոր դերերից մեկը և իր աշխատանքի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Հենց նրա կերպարի՝ Ուիլյամի գործողությունները դարձել են խթան մյուս եթերաշրջանների հետագա զարգացման համար։

2020 թվականի վերջին էկրան է դուրս եկել «Խելահեղ» թրիլլերը։ Սիմփսոնից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Ռասսել Քրոուն, Կարեն Պիստորիուսը և Գեբրիել Բեյթմանը։

Անձնական կյանք

Առաջին կնոջ՝ Մելանի Լինքսի հետ Սիմփսոնը ծանոթացել է 2001 թվականին՝ ««Կարմիր վարդ» առանձնատուն» մինի սերիալի նկարահանումների ժամանակ։ Զույգը նշանադրվել է 2005 թվականին և ամուսնացել՝ 2007 թվականի ապրիլի 14-ին Նոր Զելանդիայի Քուինսթաունի մոտ գտնվող մատուռում։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Լինքսը տվել է ապահարզան՝ հղում կատարելով անհաշտ տարաձայնությունները։ Ապահարզանը կայացել է 2014 թվականի մայիսի 23-ին։

2019 թվականի ապրիլին դերասանն ամուսնացել է դերասանուհի Սոֆի Դել Պիցոյի հետ։

Աշխատանք թատրոնում

Սիմփսոնը խաղացել է Բրոդվեյի «The Farnsworth Invention» պիեսում։ Նրա Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթի դերի կատարումը բարձր է գնահատել Chicago Tribune-ը, ինչպես նաև այս դերի համար ստացել է «Theatre World Award»։

Ֆիլմագրություն

Կինո

Հեռուստատեսություն

Collection James Bond 007

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ջիմի Սիմփսոն by Wikipedia (Historical)