Aller au contenu principal

Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (Հայաստան)


Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (Հայաստան)


Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը Հայաստանում (ռուս.՝ Партия социалистов-революционеров в Армении), պաշտոնական անունը՝ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպություն (ռուս.՝ Армянская организация партии социалистов-революционеров), քաղաքական կուսակցություն Հայաստանի Առաջին Հանրապետությունում, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության Հայաստանի մասնաճյուղը։ Հիմնադրվել է 1907 թվականին՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախկին անդամներ Լևոն Աթաբեկյանի և Արսեն Ամիրյանի կողմից։ Մինչև Հայաստանի խորհրդայնացումը հանդիսացել է երկրորդ ամենամեծ կուսակցությունը Դաշնակցությունից հետո։ 1919 թվականից մինչև լուծարումը կուսակցության պաշտոնաթերթն էր Թիֆլիսում հրատարակվող «Տրուդովոյե զնամյա» (ռուս.՝ Трудовое знамия, թարգմ. Աշխատանքային դրոշակ) թերթը։

1918 թվայանին կուսակցությունը մաս է կազմել նորանկախ Հայաստանի Ազգային Ժողովին՝ ստանալով 6 պատգամավորական մանդատ։ Սոցիալ-հեղափոխականները հրաժարվում են միանալ Հայ Յեղափոխական Դաշնակցություն-Հայ ժողովրդական կուսակցություն կոալիցիային, որը հիմնվեց նոյեմբերի 4-ին, ու հռչակում են իրենց ընդդիմություն։

1919 թվականին անցկացված առաջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ հունիսի 4-ին կազմավորված երկրորդ գումարման Ազգային Ժողովի մեջ Սոցիալիստ-հեղափոխականները ստանում են 4 պատգամավորական մանդատ։

1920 թվականի նոյեմբերի 24-ին ներկայացվում է Սիմոն Վրացյանի գլխավորած նոր կառավարությունը, ըստ որի կուսակցության առաջնորդ Արշամ Խոնդկարյանը նշանակվում է հաղորդակցության, իսկ Վահան Մինախորյանը կրթության նախարար։ Չնայած ՀՅԴ-ի հետ մշտական անհամաձայնություններին՝ երկու կուսակցությունները կոալիցիա կազմեցին, որը սակայն տևեց ընդամենը 9 օր և ավարտվեց Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատմամբ։ 1921 թվականին, կուսակցությունը սատարեց Փետրվարյան ապստամբությունը։ «Հայրենիքի փրկության կոմիտեի» մեջ ընդգրկվեցին կուսակցության առաջնորդներ Արշամ Խոնդկարյանը և Վահան Մինախորյանը։ Ապստամբության պարտությունից հետո նրանք լքեցին Հայաստանը և կուսակցությունը լուծարվեց։ Կուսակցության որոշ անդամներ անդամակցեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052

Text submitted to CC-BY-SA license. Source: Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն (Հայաստան) by Wikipedia (Historical)


PEUGEOT 205