Aller au contenu principal

Ամպրոպի ժամանակ (ֆիլմ)


Ամպրոպի ժամանակ (ֆիլմ)


«Ամպրոպի ժամանակ» (իսպ.՝ Durante la tormenta), 2018 թվականի իսպանական գեղարվեստական ֆիլմ, Օրիոլ Պաուլոյի ֆանտաստիկ թրիլլերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի նոյեմբերի 13-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։

Սյուժե

Բուժքույր Վերան ամուսնու՝ Դավիթի և փոքրիկ դստեր՝ դպրոցական Գլորիայի հետ, տեղափոխվում են նոր տուն։ Նկուղում Վերան գտնում է հին հեռուստացույց՝ միացված տեսախցիկով և շատ հին ձայներիզներով։ Ձայներիզներում տղա Նիկոն, ով մի ժամանակ ապրել է այդտեղ իր մոր հետ, ձայնագրել է իր կիթառ նվագելը։ 1989 թվականի նոյեմբերի 9-ին (Բեռլինի պատի անկման օրը) արձանագրված վերջին ձայներիզում երևում է, թե ինչպես է տղան փախչում տնից։ Ինչպես Վերան պարզում է հարևաններից, այդ օրը Նիկոն դուրս է վազել՝ դիմացի տանը աղմուկ լսելով և այնտեղ տեսնելով, որ ամուսինը (Անխելը) դանակով սպանել է իր կնոջը (Հիլդային), դուրս է վազել փողոց և մահացու վրաերթի է ենթարվել ընթացող մեքենայով։ Նոյեմբերի 9-ի գիշերը՝ այդ իրադարձություններից ուղիղ 25 տարի անց, կրկին ուժգին ամպրոպ է սկսվում։ Վերան արթնանում է և տեսնում, որ հեռուստացույցը միացել է։ Նա միացնում է տեսախցիկը և պարզվում է, որ նա տեսնում է տղային հենց այն երեկոյան ժամանակ, երբ տղան ձայնագրել էր դա, իսկ տղան էլ տեսնում է նրան։ Վերան զգուշացնում է տղային, որպեսզի նա դուրս չգա, այլապես ինչ-որ վատ բան կպատահի։ Այդուհանդերձ, Նիկոն վազում է տուն՝ հարևանների մոտ, սակայն այս անգամ մեքենան ավելի արագ է անցնում և նա չի մահանում։

Առավոտյան Վերան արթնանում է հիվանդանոցում, որտեղ նա աշխատում է։ Նրան անվանում են գլխավոր վիրաբույժ, ոչ թե բուժքույր։ Այն դպրոցում, որտեղ նա գնում է դստերը բերելու, նրան չեն ճանաչում, իսկ Գլորիան այնտեղ չի սովորում։ Գալով ամուսնու մոտ աշխատանքի՝ Վերան հայտնաբերում է, որ նա էլ չի ճանաչում իրեն։ Նա գնում է ոստիկանություն և ամեն ինչ պատմում քննիչ Լեյրային։ Վերան որոշում է իմանալ 1989 թվականի Նիկոյի ճակատագրի մասին։ Զուգահեռաբար, իրադարձությունների այլընտրանքային զարգացում է ցուցադրվում 1989 թվականին, երբ Նիկոն չի մահացել. Անխելը, ով սպանել է կնոջը, մասնատում է նրա դիակը և թաքցնում ճամպրուկի մեջ, ինչի ականատեսն է դառնում տանը թաքնված Նիկոն։ Նիկոն նաև հարևանի անձնագիր է գտնում կնոջ անունով, բայց Նիկոյի դասընկերոջ մոր՝ Կլարայի լուսանկարով։ Ինչպես պարզվում է ավելի ուշ, Անխելը բեմադրել է իր գերմանուհի կնոջ մեկնումը Բեռլին, իսկ հետո ամուսնացել Կլարայի հետ։

Վերան մտնում է այն տունը, որտեղ (նախնական տարբերակով) տեղափոխվել է ամուսնու և դստեր հետ, բայց հայտնաբերում է, որ Դավիթն ապրում է այնտեղ կնոջ՝ Ուրսուլայի հետ։ Լեյրան Վերային խնդրում է իրեն ավելի կոնկրետ ապացույցներ տալ, որ Վերան անցյալի այլ վարկածից է, իսկ Վերան հիշում է, որ սպանության համար ձերբակալված Անխելը խոսել է սպանդանոցի այն վայրի մասին, որտեղ նա պատրաստվում էր թաքցնել իր կնոջ դիակը։ Նա ասում է այդ վայրը Լեյրային և ոստիկանները իսկապես գտնում են այնտեղ փակված ճամպրուկ՝ լցված ոսկորներով։ Լեյրան հյուրանոցում սենյակի համար է տալիս Վերային՝ ասելով, որ այս կերպ նա կարող է գնալ Նիկոյի մոտ։ Սենյակի համարում Վերան Դավիթին հայտնաբերում է սիրուհու հետ։ Քանի որ Դավիթն աշխատում էր բանկում, Վերան ստիպում է նրան գիշերը գնալ գրասենյակ և տվյալների շտեմարաններում գտնել Նիկո Լազարտի մասին տեղեկություններ։ Նա գտնում է Նիկոյի ամբողջ անունը՝ Նիկոլաս Լազարտե Լեյրա։

Միևնույն ժամանակ տեսուչ Լեյրան հարցաքննում է ձերբակալված Անխելին՝ պատմելով նրան, թե ինչ է տեսել Նիկոն տանը և ինչ է եղել հետո․ երբ ոչ ոք չհավատաց Նիկոյի խոսքերին ապագայից կնոջ և Հիլդայի սպանության մասին, նրան ստիպեցին անցնել բազմաթիվ բժիշկական հետազոտություններ՝ իր հոգեպես կայուն լինելու փաստը ապացուցելու համար։ Մինչդեռ Նիկոն երկար տարիներ սպասել էր, որպեսզի կարողանա տեսնել իրեն փրկած ապագայից կնոջը։ Վերջապես, մի անգամ արդեն հասուն տարիքում նա տեսավ նրան կայարանում՝ գնացքի վագոնում, ներս մտավ և ծանոթացավ նրա հետ։ Այսպիսով պարզվում է, որ տեսուչ Լեյրան այն նույն տղան՝ Նիկոն է։

Վերան գնում է այն հասցեով, որտեղ ապրում էր Նիկոն։ Նա նայում է նկարներին և հասկանում, որ այս սցենարում նա ծանոթանալով Նիկոյի հետ գնացքում, սիրահարվում է և ամուսնանում նրա հետ։ Սակայն Վերան ուզում է վերադառնալ դստեր մոտ «իր» ժամանակին։ Նիկոյին դրդելու համար նորից փոխել իրադարձությունների ընթացքը՝ Վերան դուրս է նետվում պատւհանից։ Նիկոն, օգտագործելով հին հեռուստացույցը, մինչ ամպրոպը կավարտվի, 1989 թվականից կապ է հաստատում իր հետ՝ ասելու, որ տղա Նիկոն չպետք է հիշի ապագայից կնոջ մասին և փորձի գտնել նրան։

Վերան արթնանում է նորից նույն օրը, իր կողքին տեսնում է Դավիթին, իսկ հարևան սենյակում՝ Գլորիային։ Վերան անցած իրադարձությունների «շրջափուլից» հիշում է, որ Դավիթը դավաճանում էր իրեն։ Նա տեսնում է Անխելին փողոցում Կլարայի հետ՝ հասկանալով, որ սպանությունը բացահայտված չէ։ Վերան գնում է սպանդանոց՝ ստուգելու, թե արդյոք Անխելի կնոջ դիակի հետ ճամպրուկ կա, և գտնում է այն։ Հաղորդելով ոստիկանություն՝ Վերան սպասում է տեսուչ Լեյրայի գալուն։ Նա չի ճանաչում նրան, բայց Վերան, ժպտալով, ասում է նրան, որ պարզապես դեռ չի հիշել նրան։ Նիկոն ի պատասխան ժպտում է։

Դերերում

  • Ադրիանա Ուգարտե -Վերա Ռոյ
  • Չինո Դարին - տեսուչ Լեյրա
  • Ալվարո Մորտե - Դավիթ Օրտուս
  • Խավյեր Գուտերես - Անխել Պրիետո
  • Խուլիո Բոգաս Կոուտո - Նիկո Լազարտե (տղա)
  • Միմա Ռիերա - Մարիա Լազարտե
  • Նորա Նավաս - Կլառա Մեդինա
  • Միկել Ֆերնանդես - Այտոռ Մեդինա
  • Կլառա Սեգուրա - Հիլդա Վայս
  • Բելեն Ռուեդա - բժիշկ Սարդոն

Քննադատություն

Ռուս բլոգեր Ալեքս Էքսլերը գովաբանել է ֆիլմը՝ 10-ից 7,5 միավոր տալով և նշելով, որ ֆիլմը, իր կարծիքով, լավագույնն է Պաուլոյի գրախոսած երեք ֆիլմերից (բացի «Մարմին» և «Անտեսանելի հյուրը»)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Ամպրոպի ժամանակ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Ամպրոպի ժամանակ (ֆիլմ)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Ամպրոպի ժամանակ (ֆիլմ) by Wikipedia (Historical)