Aller au contenu principal

Bivol.bg


Bivol.bg


Bivol.bg (հայտնի է նաև «Bivol» անվամբ), հետաքննական մեդիա, որը գործունեություն է ծավալում Բուլղարիայում։ Անդամակցում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծին և հանդիսանում է ՎիքիԼիքսի պաշտոնական գործընկերը։ Թիմի անդամներն են Աթանաս Չոբանովը, Դիմիտար Ստոյանովը և Ասեն Յորդանովը։ Չոբանովը նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի գործադիր կոմիտեի անդամ է։

Եվրոպական հանձնաժողովը Բուլղարիայի վերաբերյալ Համագործակցության և վավերացման մեխանիզմի շրջանակներում կազմած զեկույցում (2016) հղում է կատարել «Bivol»-ի «Yaneva Gate» կոչվող հետաքննությանը։ Մեխանիզմը չափում է երկրի առաջընթացը կոռուպցիայի և դատական անկախության ոլորտում։ 2010 թվականին Ասեն Յորդանովին շնորհվել է Լայպցիգ մեդիա մրցանակ, որով պատվում են աշխարհի տարբեր երկրների լրագրողների, հրատարակիչների, հեղինակների և կազմակերպությունների, որոնք իրենց նվիրում են մամուլի ազատության ապահովմանն ու զարգացմանը՝ պատրաստակամ լինելով ռիսկի դիմել, ցույց տալ համառություն, խիզախություն և ժողովրդավարական համոզմունքներ ունենալ։ Յորդանովը մրցանակ է ստացել նաև 2013 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունից։ 2019 թվականին «Bivol»-ի լրագրող Դիմիտար Ստոյանովը Ռումինիայի «RISE Project» կազմակերպության իր գործընկերոջ հետ արժանացել է Աքսել Շպրինգերի անվան մրցանակի։

Հայտնի հետաքննություններ

Yaneva Gate

2015 թվականին «Bivol»-ը սկսեց հրապարակել Սոֆիայի երկու դատավորների՝ Ռումյանա Չենալովայի, Վլադիմիրա Յանևայի և փաստաբան Մոմչիլ Մոնդեշկու հեռախոսային խոսակցությունների արտահոսած ձայնագրությունները. գաղտնալսված ձայնագրությունը ստացավ «Yaneva Gate» անվանումը։ Խոսակցությունները ցույց են տալիս Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի, մեդիամագնատ, քաղաքական գործիչ Դելյան Պևեսկու և գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովի կողմից դատական համակարգի վրա անօրինական ճնշումը, դատարաններում առկա կոռուպցիան և բարոյական հետընթացը։ Ըստ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ գաղտնալսված խոսակցությունները ևս մեկ անգամ բարձրացնում են դատական պրակտիկայի, իշխանությունների տարանջատման բացակայության և օրենքի ուժի կասկածելի գերակայության հարցերը։ «Yaneva Gate»-ը դիմեց Եվրոպական հանձնաժողովին, որը Բուլղարիայի իշխանություններին խնդրեց հետաքննություն կատարել։ Բուլղարիայի գերագույն վճռաբեկ դատարանի նախագահ Լոզան Պանովը հրապարակայնորեն կոչ արեց անկախ հետաքննություն նախաձեռնել, որովհետև «Yaneva Gate»-ը «վարկաբեկում է դատարանները»։ Այդուհանդերձ, Բուլղարիայի դատախազությունը և Գերագույն դատական խորհրդի էթիկայի հանձնաժողովը հրաժարվեցին հետաքննել, քանի որ կարծում էին՝ ձայնագրությունները կեղծ են։ «Bivol»-ը դիմեց արտասահմանյան անկախ լաբորատորիայի, որը ձայնագրություններն ուսումնասիրելուց հետո հաստատեց դրանց իրական լինելը։ Խոսակցության մասնակից դատավորներից մեկը ևս հաստատեց ձայնագրության իսկությունը։ Այդ ժամանակ Արդարադատության նախարար Խրիստո Իվանովը ձայնագրությունները որակեց որպես «կոռուպցիոն մեգասկանդալ»։ Ընդհանուր առմամբ, հետաքննություն իրականացնելը բարդ էր, քանի որ Բուլղարիայի դատախազությունն ուղղահայաց կառուցվածք ունի, ինչը նշանակում է, որ գլխավոր դատախազը պետք է ինքն իրեն հետաքններ։

GP Gate

2018 թվականին «Bivol.bg»-ը հրապարակեց «GP Gate» հետաքննությունը, որը համատեղ նախագիծ էր Ռումինիայի «RISE Project»-ի հետ։ Այն բացահայտում էր խորհրդատուների, գործարարների և պետական պաշտոնյաների մի բարդ ցանց, որոնք, ինչպես վկայում էին փաստերը, առանց հանրային վերահսկողության «քեֆ էին անում» Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերի հաշվին։ Հետաքննության վրա աշխատելու ժամանակ՝ 2018 թվականի սեպտեմբերին, Բուլղարիայի իշխանությունները ձերբակալեցին «Bivol»-ի լրագրող Դիմիտար Ստոյանովին և «RISE Project»-ի լրագրող Աթիլա Բիրոյին։ Սկզբում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Իվայլո Սպիրիդոնովը ժխտեց ձերբակալման մասին լուրը, սակայն ավելի ուշ Պեռնիկի դատարանը ոչ միայն հրապարակեց ձերբակալության փաստը, այլև այն, որ այդ ձերբակալությունն անօրինական էր։ Ի պատասխան ձերբակալությանը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն իր մտահոգությունը հայտնեց Բուլղարիայի իշխանությունների կողմից լրագրողների «խոսքի և ֆիզիկական ահաբեկման» վերաբերյալ։ Եվրոպայի խորհուրդը նույնպես ահազանգեց և վերահսկողության տակ վերցրեց այդ դեպքը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հանրայնորեն դատապարտեց ձերբակալությունները։

Պանամայի փաստաթղթերը Բուլղարիայում

2018 թվականին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում «Bivol.bg»-ին հասանելի դարձան Պանամայի փաստաթղթերը, որի հիման վրա կազմակերպությունը հետաքննություն հրապարակեց օֆշորային «Viafot» ընկերության մասին, որը փորձում էր կարևոր ակտիվներ ձեռք բերել Բուլղարիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես «Dunarit» զենքի արտադրող ընկերությունում։ Պանամայի փաստաթղթերը բացահայտեցին, որ «Viafot»-ը պատկանում է մեդիամագնատ Դելյան Պեևսկու փաստաբան Ալեքսանդր Անգելովին։ նախկինում մեկ այլ բուլղարական մեդիա հաղորդել էր, թե ինչպես էին բոլոր պետական կառույցները գաղտնի օգնում «Viafot»-ին անօրինական ձևով ձեռք բերել «Dunarit» ընկերությունը։ Այդուհանդերձ, դատախազությունն այդպես էլ հետաքննություն չսկսեց։

Բոյկո Աթանասովի գործը

«Bivol.bg»-ը լույս է սփռել Բուլղարիայի դատախազության կոռուպցիոն գործունեության վրա՝ հարցազրույց վարելով քննիչ Բոյկո Աթանասովի հետ։ Աթանասը ճնշման է ենթարկվել, որովհետև բացահայտել էր հատուկ գաղտնի միավորում, որը «ուղղակիորեն ենթարկվում էր գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովին, վարչապետ Բոյկո Բորիսովին և հակասական գործարար, մեդիամագնատ և օրենսդիր Դելյան Պեևսկուն»։ Աթանասովը պնդում է, որ այդ միավորումը «զբաղված է հանցագործությունները թաքցնելով, կառավարությանը մոտ կանգնած մարդկանց դեմ գաղտնի ինֆորմացիա հավաքագրելով, միևնույն ժամանակ այդ գաղտնի ինֆորմացիան օգտագործում է անհարմարություն պատճառող անձանց շանտաժի ենթարելու համար»։ Աթանասովը բացահայտել է, որ «հատուկ միավորման անդամները այս կամ այն գործով զբաղվելիս ըստ իրենց հայեցողությամբ չեն որոշումներ կայացնում, այլ հետևում են Ցացարովի հրամաններին ու ցուցումներին, այլապես նրանց աշխատավարձը կրճատվում է, կարգապահական տույժերի են ենթարկվում, մեծանում է աշխատանքային ծանրաբեռնվածությունը»։ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը հայտնել է, որ «Աթանասովը նկարահանող խմբին ցույց է տվել Սոֆիայի դատախազության մոտ գտնվող աղբի տարաները՝ լցված մանրացված բիզնես պայմանագրերով և հարցաքննությունների փաստաթղթերով՝ ներառյալ Կորպորատիվ առևտրային բանկի սնանկացումը՝ իր մեծությամբ երրորդ մասնավոր վարկատուն Բուլղարիայում։ Նա պնդում էր, որ փաստաթղթերը ոչնչացվել են «Bivol»-ին տված իր առաջին հարցազրույցից անմիջապես հետո»։

2019 թվականին «Bivol»-ը հարցազրույց վերցրեց երկրորդ քննիչի՝ Ռադիանա Աբդուլովայի հետ, որը հաստատեց դատախազությանը կից հատուկ միավորման գոյության փաստը, որը գովաբանում է քաղաքական գործիչներին և հարձակվում կառավարությանը քննադատողների և ընդդիմադիրների վրա։

Apartment Gate

2019 թվականին Bivol.bg-ը օգնեց լույս սփռել այսպես կոչված «Apartment Gate» սկանդալի շրջանակներում Բուլղարիայի քաղաքական և վարչական էլիտայի կասկածելի գործարքների վրա, որը հասավ այնպիսի միջազգային լրատվամիջոցների, ինչպիսին է «The Financial Times»-ը։ «Bivol.bg»-ը հաղորդեց Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնախմբի փոխնախագահ Անտոն Սլավչևի (իրավաբան) կասկածելի փոխանցման մասին, որը չէր հայտարարագրել իր բնակարանների և 244 քմ մակերեսով ապակյա վերնահարկի ամբողջական արժեքը։ «Bivol.bg»-ը նաև հայտնեց, որ հանձնախմբի նախագահ Պլամեն Գեորգիևը ներգրավված է փաստաթղթերի կեղծման մեջ։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո Գեորգիևը հեռացավ պաշտոնից, որպեսզի գործի հանգամանքները քննվեն, ինչը նշանակում է, որ նրան հետաքննելու է փոխնախագահ Սլավչևը։ Գեորգիևը պաշտոնից ազատվեց 2019 թվականի հուլիսին, սակայն սխալ հայտարարագիր ներկայացնելը ոչ մի հետևանք չունեցավ նրա համար։

Բուլղարիայի Ազատություն ռադիոկայանը հաղորդեց, որ գլխավոր դատախազ Իվան Գեշևի ընկերուհին՝ Դետելինա Հանչևան, ումից երկու դուստր ուներ, բիզնես հարաբերություններ ունի այն գործի գլխավոր վկայի հետ, որտեղ դատախազը Գեշևն է։ Նրա ընկերուհին մասնաբաժին ունի շինարարության ոլորտում։ 2019 թվականի օգոստոսին դատախազությունը հաստատեց, որ ինֆորմացիան ճիշտ է, բայց հրաժարվեց հետաքննություն սկսել։

Ծովահենությունը Բուլղարական ջրերում

2018 թվականին «Bivol»-ը հրապարակեց իր հետաքննությունն այն մասին, թե ինչպես էին կասկածելի մասնավոր իրավապահ մարմինների գործակալներն առևանգել լիբիական BADR նավթատար նավը Բուլղարական ջրերում։ «Bivol»-ը պնդում է, որ սա աննախադեպ ծովահենային հարձակում էր Սև ծովում, որը ղեկավարել են բուլղարական կազմակերպություններ։

Garbage Gate

2020 թվականին «Bivol»-ը հրապարակեց, թե ինչպես էր իտալական մաֆիան վտանգավոր թափոններ արտահանում Բուլղարիա՝ վտանգի ենթարկելով Բուլղարիայի քաղաքացիների առողջությունը։ 2020 թվականի հոկտեմբերին «Bivol»-ը զգուշացրեց, որ Խրիստո Կովաչկին, չնայած մտահոգություններին, շարունակում է վտանգավոր թափոններ այրել Բոբով Դոլ ջերմաէլեկտրակայանում։

Տես նաև

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ ՎիքիԼիքս

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Bivol.bg by Wikipedia (Historical)