Aller au contenu principal

Աղասի Այվազյան


Աղասի Այվազյան


Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղասի Սիմոնի Այվազյան (սեպտեմբերի 7, 1925(1925-09-07)[…], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ - նոյեմբերի 21, 2007(2007-11-21), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983 թվականի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։

Կենսագրություն

Աղասի Այվազյանը ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 1990-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։

Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

2001 թվականի Դեկտեմբերին Լոս Անջլեսում՝ T.U. Studios-ում ներկայացվել է Աղասի Այվազյանի ԴԵԿՈՐՆԵՐԸ թատերախաղի ամենաառաջին բեմադրությունը (Տես՝ YouTube), իսկ 2006-ին, Գլենդելի Stars Theater-ում նրա ԺԱՆԳԱՌՔԸ, նույնպես առաջին անգամվա համար, մասնակցությամբ Վիոլետա Գևորգյանի և Թագուհի Հակոբյանի։ Երկու ներկայացումների բեմադրիչը՝ Արամազդ Ստեփանյան։

2004 թվականին «Նորք» ամսագրի թիվ 1 համարում լույս տեսավ, նույն թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվեց նրա՝ «Չարենցի Ուղղիչ տունը, իմպրովիզ 11 դրվագով» փաստագրական (ավելի ստույգ՝ կենսագրական) դրաման։ «Իմպրովիզ» բառն արդեն հուշում է, որ նրա հեղինակը, հիմնվելով երկարամյա ստեղծագործական փորձի, վարպետության, սուր դիտողականության վրա, ստեղծել Է դրամատիկական գործ։ Կար արդեն աղբյուրը՝ Չարենցի «Երևանի Ուղղիչ տնից» վիպակը, և Այվազյանը հիմնականում հավատարիմ Է մնացել փաստագրական նյութին։ Այվազյանը վերակերտել Է բանտային իրականությունը՝ համաձայն սեփական մտահղացման և գեղարվեստական միջոցների սեփական զինանոցի։ ժանրային փոփոխությունը միևնույն նյութի մշակման և մեկնաբանության հարցում ստեղծագործողին թույլ է տվել ավելի մեծ ազատություն։ Դրամատիկական երկին հատուկ ժանրային առանձնահատկությամբ Այվազյանի «Չարենցի Ուղղիչ տունը» կառուցվում է գործող անձանց մենախոսությունների և երկխոսությունների հի­ման վրա։ Ուստի կերպարները բնութագրվում են ոչ թե հեղինակային պատու­մի, ուղղակի գնահատականի, այլ սեփական խոսքի և գործողության միջոցով։ Անշուշտ, մեծ է Այվազյանի պիեսի դերը Չարենցի կյանքի և ստեղծա­գործության վերաիմաստավորման և վերագնահատման հարցում։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ընտանիքի հայրը» (Մոսկվա, 1975), «Փառահամար» (Երևան, 1976), «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Երևան, 1981), «Թիֆլիսի ցուցանակները» (Երևան, 1981), «Եռանկյունին» (Մոսկվա, 1983), «Աղի կոմսը» (Երևան, 1985), «Մեր տխրությունը Կեժոյի շուրջ» (Երևան, 1986), լիտվերեն՝ «Վիպակների ժողովածու» (Վիլնյուս, 1979), բուլղարերեն՝ «Սինյոր Մարտիրոսի արկածները» (Վառնա, 1981) գրքերը։

Երկերի մատենագիտություն

Գրքեր

Մամուլ

  • Կիրակոսը։ «Գրական թերթ», 1969, № 2:
  • Զրույցներ բարեկամության մասին (հունգար ժողովրդի արվեստը)։ «Գրական թերթ», 1969, № 3:

Թարգմանություններ

  • Եղբայրական ձայներ․- Երևան։ Լույս, 1978․- 294 էջ։
  • Տիչինա Պավլո։ Բանաստեղծություններ․- Երևան։ Սովետական գրող, 1980․- 166 էջ։
  • Տիչինա Պավլո։ Իմ ժողովրդին․- Երևան։ ՀԿԿ Կենտկոմի, 1973․- 115 էջ։
  • Ուկրաինական քնար․- Երևան։ Հայպետհրատ, 1954․- 405 էջ։
  • ՍՍՌՄ ժողովուրդների գրականություն։ (Հատընտիր)․- Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1958․- 285 էջ։

Աղբյուրներ

  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 41-42։
  • Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 1, Երևան, 1990։

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Արտաքին հղումներ

  • Աղասի Այվազյան․ «Անիվների տակ»
  • Աղասի Այվազյանը zarkfoundation.com կայքում
  • Աղասի Այվազյանը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-06 Wayback Machine
  • Աղասի Այվազյանը Գրանիշ գրական համայնքում

Text submitted to CC-BY-SA license. Source: Աղասի Այվազյան by Wikipedia (Historical)