Aller au contenu principal

Կողբ (Տավուշի մարզ)


Կողբ (Տավուշի մարզ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբաքար (այլ կիրառումներ)

Կողբ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևելքում։

Բնակավայրը գտնվում է Իջևանից Բագրատաշենի անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս-արևելք գտնվում է Բերդավան գյուղը, արևելքում՝ Նոյեմբերյան քաղաքը, հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում շրջապատված է անտառապատ լեռներով։

Աշխարհագրություն

Կողբ գյուղը տեղաբաշխված է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 50 կմ, մայրաքաղաք Երևանից՝ 195 կմ, մոտակա քաղաք Նոյեմբերյանից՝ 4 կմ։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան, որը բաժանված Կոտմանի լեռնաբազուկով։ Ծովի մակարդակից բարձր է 750 մետր։ Բնակավայրի սահմանային գոտով է հոսում Կողբ գետը։ Հայ-ադրբեջանական շփման գծից հեռու է շուրջ 5 կմ։

Կլիմա

Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 °C, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։

Զիկատար

Զիկատարը բնության հատուկ պահպանվող տարածք է Տավուշի մարզի հյուսիս-արևմուտքում։ 26 արգելավայրերից մեկն է։ Կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ ՀՀ կառավարության N 380-Ն որոշմամբ։ Ունի 150 հա տարածք և զբաղեցնում է Գուգարաց լեռնաշղթայի Ձիգկատար լեռնագագաթի հյուսիսարևելյան լանջերը՝ Կողբ գետի աջափնյա վտակների ավազանների վերին հատվածները։ Ծովի մակարդակից բարձր է 1250-1650 մ։

Արգելավայրը ստեղծվել է Ձիգկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու համար։

Կողբ գետ

Գուգարաց լեռներ

Կոտմանի լեռներ

Պատմություն

Կողբը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և ունի բազմադարյա պատմություն։ Այդ մասին են վկայում Կողբի տարածքում հայտնաբերված պատմական հուշարձանները, որոնցից մի մասը թվագրվում է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով։ Կողբ բնակավայրն ու Կողբաքար ամրոցը համապատասխանում են պատմական Կողբափոր գավառին, որի մասին հիշատակել է դեռևս Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։

Մեծ Հայքի ժամանակաշրջանում՝ մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականներին, Կողբը իր ընդարձակ տարածքներով հանդերձ եղել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի գավառներից և կրել է Կողբափոր անունը։ Գավառը սահմանակից էր Մեծ Հայքի Ուտիք նահանգին։

5-ից 7-րդ դարերի «Աշխարհացույց»-ում Կողբափորը հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ։

9-ից 11-րդ դարերում Կողբափոր գավառը եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում։

12-ից 13-րդ դարերում Կողբափոր գավառը Զաքարյանների իշխանության կազմում էր։

Պատմամշակութային հուշարձաններ

Կողբը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով։

Կողբ գյուղի թվով 72 հուշարձան Հայաստանի կառավարության կողմից 2004 թվականին հաշվառվել և ներառվել են Կողբի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։ Գյուղի տարածքում կան բազմաթիվ այլ պատմամշակութային կառույցներ, որոնք ներառված չեն պետական ցուցակում։ Այդպիսի հուշարձաններից են գրեթե ամբողջությամբ ավերված կառույցները և այլն։

Պետական հշվառվում ունեցող հուշարձաններն են՝

Մշկավանք

Մշկավանքը գտնվում է Կողբ գյուղից 3 կմ հարավ՝ անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա։ Հանդիսանում է հայ առաքելական վանական համալիր։ Կառուցման թվականի մասին հստակ հիշատակություններ չկան։ Կառույցի ճարտարապետական հորինվածքի հիման վրա կարելի է ասել, որ այն կառուցվել է 12-ից 13-րդ դարերում։ Վանական համալիրը կազմված է եղել մի շարք շինություններից, որոնցից այժմ պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, նրան կից գավիթը, հարակից գերեզմանոցը, կիսավեր մատուռը։ Հիմնական շինությունը կառուցված է դեղնակարմրավուն ֆելզիտի խոշոր սրբատաշ քարերով։ Վանքի մոտակայքում պահպանվել են վանքապատկան շինությունների ավերակներ։ Այն հայտնի է իր հարուստ խաչաքանդակներով և վիմական արձանագրություններով։ Կողբից դեպի վանական համալիր առկա է գրունտային դժվարանցանելի ավտոճանապարհ։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Բերդաթաղ (հնավայր)

Կոնդոխավանք (ամրոց)

Կոնդոխավանք, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ավերակները գտնվում են անտառապատ վայրում։ Ընդգրկած տարածքը հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է դժվարամատչելի թոեքադիր լանջերով, իսկ ամրոցը գտնվում է դրա գագաթին՝ հարթության վրա։ Ունի անկանոն ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան կողմերի 2․5-3 մետր լայնություն ունեցող պատերի ստորին շերտերը։ Այն կառուցված է անմշակ և խոշորածավալ քարերով, որոնց արանքում կա մանր քարերով լիցք։ Մուտքի կողմը չի նշմարվում, սակայն կարելի է ենթադրել որ եղել է համեմատաբար ավելի մատչելի հարավային կողմից։ Տարածքում կան ավերված այլ շինությունների ավերակներ։ Պահպանության տարածքը կազմում է 2,76 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,44 հա[2][3]։

Ագեղցի

Ագեղցի (5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ։ Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին եղել է փայտածածկ։

Պատաշար (ամրոց)

Պատաշար, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 5․5 կմ հարավ-արևմուտք։ Արևմտյան, արևելյան և հարավային կողմերից զառիթափ, իսկ հյուսիսային կողմից՝ մեղմաթեք լանջերով բարձունքի գագաթին։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գագաթի եզրագծին համապատասխան՝ արևմուտքում ձգվածությամբ, եռանկյունաձև հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Տեղ-տեղ կան պահպանված հատվածներ, որից կարելի է ենթադրել, որ ամրոցի պատշարը ունեցել է 3 մետր լայնություն, որը կառուցված է եղել անմշակ և խոշորածավալ քարերից։ Ամրոցը հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան, և արևմտյան անկյուններում ունեցել է աշտարակներ (պահպանվել են մնացորդները)։ Մուտքը եղել է հյուսային կողմից։ Ամրոցի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրված խեցեղենի բեկորներ։ Պահպանության տարածքը կազմում է 3,67 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,5 հա։

Դուրգանաձոր (ամրոց)

Տվարաեղցի

Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին։ Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով։ Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով։ Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է։ Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ։

Կոզման (ամրոց)

Կողբի կենտրոնական եկեղեցի

Կողբի կենտրոնական եկեղեցին կոչվել է Սուրբ Աստվածածին։ Կառուցվել է 5-րդ դարում։ Պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար։ 1936 թվականին եկեղեցին քանդել են։

Բնակչություն

Կողբը Հայաստանի ամենամարդաշատ գյուղերից է։ Բնակչության վիճակագրական թվային տվյալներ հայտնի են սկսած 1831 թվականից։

Վերջին 200 տարում բնակչության ամենաշատ թվաքանակն արձանագրվել է 1989 թվականին՝ 5063 մարդ։

Համաձայն Հայաստանի 2011 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների՝ Կողբ գյուղում բնակվում է 4420 մարդ, որից 2197-ը արական սեռի, 2223-ը՝ իգական։

Համայնքային կյանք

Կողբ գյուղն ընդգրկված է Կողբ համայնքի մեջ, որի կազմում է ներառված նաև Զորական գյուղը։ Կողբ համայնքի կենտրոնը Կողբ գյուղն է, որտեղ տեղակայված է համայնքապետարանը։

Կողբն ունի 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց, մշակույթի կենտրոն, պատմության թանգարան, բուժկետ։

1920 թվականին Կողբում է կառուցվել առաջին գյուղական հիվանդանոցը։

Կրթություն

Կողբ գյուղում զարգացած է կրթական ոլորտը։ Գյուղում գործում է 2 միջնակարգ, 1 երաժշտական, գեղարվեստի 1 դպրոց, 2 մանկապարտեզ։

Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը Կողբում գործել է ծխական դպրոց, իսկ ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում։

Թիվ 1 միջնակարգ դպրոց

Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցը կրում է Ջահան Կարախանյանի անունը։ Այն հիմնադրվել է 1928 թվականին։ Գտնվում է գյուղի 30-րդ փողոցի 20-րդ շենքում։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունում սովորել են շուրջ 300 աշակերտ։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 284 աշակերտ, աշխատում է 55 աշխատակից։ Դպրոցի տնօրենն է Գայանե Ավագյանը։

Թիվ 2 միջնակարգ դպրոց

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը կրում է Բագրատ Սահակյանի անունը։ Այն հիմնադրվել է 1972 թվականին։ Գտնվում է գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքում։ 2020 թվականի դրությամբ դպրոցում սովորում է 250 աշակերտ, աշխատում է 54 աշխատակից։ Դպրոցի տնօրենն է Հայկանուշ Ալեքսանյանը։

Երաժշտական դպրոց

Կողբի երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1993 թվականին Կողբի գյուղապետարանի նախաձեռնությամբ Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի հիմքի վրա։ Դպրոցում սովորում են շուրջ 76 աշակերտ և աշխատում մեկ տասնյակ աշխատակից։ Գործում է դաշնամուրի, քանոնի, կլարնետի և շվիի բաժիններ։ Երաժշտական դպրոցը մասնաճյուղեր ունի Բերդավան և Բագրատաշեն գյուղերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում են շուրջ 150 աշակերտ։

Գեղարվեստի դպրոց

Կողբի գեղարվեստական դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ, ով հանդիսանում էր Կողբի գյուղի բնակիչ։ Դպրոցում ուսուցանվում է գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն։ Յուրաքանչյուր տարի կատարվում է ընդունելություն` մրցութային կարգով։

Թիվ 1 մանկապարտեզ

Կողբի թիվ 1 մանկապարտեզը հիմնադրվել է 1965 թվականին։ Գտնվում է գյուղի Գետափնյա փողոցի 4-րդ շենքում։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ։ 2020 թվականի դրությամբ ունի 14 աշխատակից։ Դպրոցի տնօրենն է Ալինա Մամյանը։

Թիվ 2 մանկապարտեզ

Կողբի թիվ 2 մանկապարտեզը հիմնադրվել է 1974 թվականին։ Գտնվում է գյուղի Նորաշենի փողոցում։ Զբաղվում է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությամբ և կրթությամբ։ 1994-1995 թվականներին մանկապարտեզը վերափոխվեց մանկապարտեզ-դպրոցի։ Այդ կարգավիճակում այն գործեց 10 տարի, որից հետո կրկին ստացավ մանկապարտեզի կարգավիճակ։ 2020 թվականի դրությամբ ունի 20 աշխատակից։ Դպրոցի տնօրենն է Ծովինար Ասրիյանը։

Մշակույթ

Կողբ գյուղում ակտիվ է մշակութային կյանքը։ Գործում են մի շարք հաստատություններ, պարբերաբար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ։

Կողբի մշակույթի կենտրոն

Կողբի մշակույթի տունը սկսել է գործել 1945 թվականից Կողբ գյուղի գյուղխորհրդի կազմում։ 1976 թվականին շահագործման է հանձնվել մշակույթի տան տիպային նորակառույց շենքը։ 2002 թվականից մշակույթի տունը վերանվանվել է Կողբի մշակույթի կենտրոնի։ Մշակույթի կենտրոնում է գործում Կողբի պատմության թանգարանը, ինչպես նաև իր կազմի մեջ է գտնվում 2 գրադարան։ Մշակույթի կենտրոնում կազմակերպվում են պոեզիային և գրականությանը վերաբերող ցերեկույթներ, հիշատակի, տոնական և համերգային միջոցառումներ, մեծարման երեկոներ ու այլ մշակութային ծրագրեր։ Մշակույթի կենտրոնը գտնվում է գյուղի կենտրոնական մասում՝ գլխավոր ճանապարհին կից։ Տնօրենն է Արման Տեր-Արսենյանը։

Կողբի պատմության թանգարան

Կողբի պատմության թանգարանը տեղակայված է գյուղի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում և, որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից։

Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ, որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր, պատմական մետաղադրամներ, կենցաղում օգտագործված իրեր, ազգագրական այլ ցուցանմուշներ, տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է։

Սպորտ

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Բնական ռեսուրսներ

Կողբը և իր շրջակա տարածքները՝ անտառները, հարուստ են օգտակար հանածոներով՝ երկաթ, սնդիկ, ցիոլիտ, իսկ անտառները՝ արքայախնձորով, նուշով, նուռով, զեյթունով (տնային պայմաններում), լիմոնով, ընտանի խնձորով և այլն։

Պատմական ակնարկ

1921 թվականին Կողբում են կառուցվել Խորհրդային Հայաստանի առաջին գյուղական ՀԷԿ-ը, փայտամշակման կոմբինատը, սղոցարան։ 1922 թվականին ստեղծվել է առաջին փորձնական անտառտնտեսությունը։

Տես նաև

  • Կողբի պատմության թանգարան
  • Կողբի մշակույթի կենտրոն
  • Կողբի Ջահան Կարախանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)

Արտաքին հղումներ

  • Կողբի պաշտոնական կայք
  • Կողբի գեղարվեստի դպրոց

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Կողբ (Տավուշի մարզ) by Wikipedia (Historical)

Articles connexes


  1. Կողբ համայնք
  2. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ)
  3. Կողբ գետ
  4. Նիկոլ Աղաբաբյան
  5. Հովիկ Աբովյան
  6. Կողբ (այլ կիրառումներ)
  7. Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
  8. Տավուշի մարզ
  9. Սուրբ Հովհաննես եկեղեցի (Կողբ)
  10. Նորաշեն (Տավուշի մարզ)
  11. Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)
  12. Զիկատար արգելավայր
  13. Արտավազդ Սահակյան (բժիշկ)
  14. Տվարաեղցի
  15. Կողբի մշակույթի կենտրոն
  16. Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
  17. Մշկավանք
  18. Տավուշ (գյուղ)
  19. Կողբի պատմության թանգարան
  20. Մովսեսգյուղ (Տավուշի մարզ)