Aller au contenu principal

Եղիշե Պահլավունի


Եղիշե Պահլավունի


Եղիշե Պահլավունի (օգոստոսի 1, 1884(1884-08-01), Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 3, 1961(1961-02-03), Թեհրան, Իրան), Հայ հեղափոխական մարտիկ, վաշտապետ, ֆիդայի, Բաքվի հայոց գումարտակի հրամանատար։

Եղիշե Պահլավունին ծնվել է 1884 թվականի օգոստոսի 1-ին, Երևանի նահանգի, Սուրմալույի գավառի, Իգդիր քաղաքում։ Նա Մկրտիչ Պահլավունու (1841-1918) և Ծովինար Թադևոսի Կամսարականի (1845-1939, Երևան) նահապետական և բազմանդամ ընտանիքի 12-րդ զավակն է։ Իգդիրում է եղել Մկրտիչ Պահլավունու ավագ եղբայրը՝ Եղիշեն (որի անունն էլ կրում է հայդուկը), ապա նաև Արսենը, Մուշեղը, Գրիգորը, Մելիտոսը, Վահանը, Հակոբը և Նիկողոսը։ Նրանց տան ուսուցիչն է եղել Սարգիս Գնունին։

Պահլավունիների ընտանիքը ունեցել է կալվածքներ Բարդողյան լեռնաշղթայից դեպի հարավ ընկած Կոգովիտ գավառում՝ Մոլլա Ղամար, Գյուլլիջա և Աբասգյոլ գյուղերը։

Միացել է ֆիդայական շարժմանը, գործակցել է Անդրանիկի, Ռոստոմի և Սեպուհի հետ։ Սուրմալուի գավառի դեպքերում կարևոր դեր է ունեցել որպես Անդրանիկի և Իշխան Հովսեփ Արղությանի կամավորական գնդերի մարտիկ։ 1918 թվականի ամռանն ու աշնանը եղել է Գանձակի և Բաքվի հայության ինքնապաշտպանության ղեկավարներից իբրև Բաքվի հայոց զորային 20-րդ գումարտակի հրամանատար։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Եղիշե Պահլավունի մնացել է հայրենիքում։ Սակայն նախկին դաշնակցականների դեմ հալածանքների ժամանակ երեք անգամ ձերբակալվել է և վաղեմի բարեկամ, հայտնի համայնավար գործիչ Գայի երաշխավորությամբ ազատ արձակվել և ապաստանել Պարսկաստանում։

«Ալիք» օրաթերթի 1961 թվականի փետրվարի 4-ի համարի առաջին էջում հրատարակված մահազդով ՀՅԴ Բյուրոն, Թեհրանի և շրջանի ընկերները, «Ալիք»-ի խմբագրությունը և հրատարակչական մարմինը գուժում էին հետևյալը՝

«Այսու յայտնում ենք ընկերներին, բարեկամներին եւ ծանօթներին, որ ուրբաթ, Փետրւար 3-ին, երեկոյեան ժ. 5.1/2-ին երկարատեւ հիւանդութիւնից յետոյ իր մահկանացուն կնքեց Հ.Յ. Դաշնակցութեան մարտական սերնդի լաւագոյն ներկայացուցիչներից, վեթերան՝ ընկ. Եղիշէ Պահլաւունին»։

2 օր անց՝ երկուշաբթի օրը, փետրվարի 6-ին, առավոտյան ժամը 9-ին, Եղիշե Պահլավունու դին, «Ալիք»-ի շենքից փոխադրվում է Դուլաբի գերեզմանատուն և ամփոփվում ՀՅԴ պանթեոնում։

  • «Յուշամատեան», կազմեց եւ խմբագրեց՝ Նորայր Պահլաւունի, Երևան, 2006

Text submitted to CC-BY-SA license. Source: Եղիշե Պահլավունի by Wikipedia (Historical)