Aller au contenu principal

Մաքսիմ Հովհաննիսյան


Մաքսիմ Հովհաննիսյան


Մաքսիմ Երվանդի Հովհաննիսյան (իսկական անունը՝ Միսաք Ավանեսյան, փետրվարի 18, 1934(1934-02-18), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2020(2020-06-03), Ստեփանակերտ, Արցախ), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն

1952 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1958-1986 թվականներին աշխատել է ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա՝ գլխավոր խմբագիր, 1986-1987 թվականներին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի տնօրեն։

Գրողը միշտ կապված է եղել թատրոնին, եղել է նրա գեղարվեստական խորհրդի անդամ, ակտիվ մասնակցել է խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ալեքսանդր Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»)։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987 թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին, արժանացել մամուլի բարձր գնահատականին։

1988-1993 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում՝ «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր։ Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ադրբեջանի հետ առճակատումը տեղի էր ունենում գաղափարաքաղաքական բնագավառում։ Այդ պայքարի կենտրոնում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, որի սուր հրապարակումները մերկացնում էին Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը, կոչ հնչեցնում հանուն Արցախի հայ ժողովրդի ազատության ու անկախության, հանուն «Միացում» գաղափարի իրականացման։

1993-1995 թվականներին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար։ 1995-98-ին՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Աշխատություններ

Հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի», 1970, «Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շոգ», 1986, այլ ժողովածուներ)։ Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Հովհաննիսյանի «Մենք» (1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991), «Արցախ իմ, ցավ իմ» (1998) ժողովածուների պատմվածքներում։

2005-2009 թթ. հրատարակվել է նրա ստեղծագործությունների չորհատորյակը, 2006 թ. լույս է տեսել «Հարար-հարար» ժողովածուն, իսկ 2008-2009 թթ.` «Չաստվածների խնջույքը» գիրքը։

Թարգմանություններ

  • Կապուտակ ծովը։ Նշումներ ադրբեջանական ժամանակակից արձակից.- Բաքու։ Յազըչը, 1984.- 198 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Մրցանակներ, պարգևներ

  • «Մենք» գրքի համար՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1990)
  • «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար՝ ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակ (2004)
  • ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • «Վաստակավոր լրագրող» կոչում
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ

Ծանոթագրություններ

Giuseppe Zanotti Luxury Sneakers

Text submitted to CC-BY-SA license. Source: Մաքսիմ Հովհաննիսյան by Wikipedia (Historical)


ghbass