Aller au contenu principal

Նատո Վաչնաձե


Նատո Վաչնաձե


Նատո Վաչնաձե (ի ծնե անուն՝ Նատալյա Գեորգիի Անդրոնիկովա,վրաց.՝ ნატო ვაჩნაძე, հունիսի 4 (17), 1904, Վարշավա, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - հունիսի 14, 1953(1953-06-14), Զուգդիդ, Վրաստան), վրացի խորհրդային կինոդերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի։

Կինոյում նկարահանվել է 1920-ական թվականներին։ Համր կինոյի շրջանում խաղացել է գլխավորապես վրացական գրականության էկրանավորումներում՝ Նինո («Ավազակ Արսենը», վրացական ժողովրդի պոեմի մոտիվներով, 1924), Նունու («Անարգանքի սյան մոտ», ըստ Ղազբեգիի «Հայրասպանը» վեպի, 1924), Ֆատի («Ձիավորը «Ուայլդ-Վեստից», ըստ Նինաշիձեի «Ո՞վ է մեղավոր» վեպի, 1925)։ Ստեղծել է ոգեշունչ, քնարական կերպարներ։ Հնչուն կինոյի լավագույն դերերից են՝ Թամար («Վերջին դիմակահանդեսը», 1934), Նենո («Արսեն», 1937), Նանի («Ոսկեգույն հովիտ», 1937)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941)։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Նատո Վաչնաձե by Wikipedia (Historical)