![Արա Բաբլոյան Արա Բաբլոյան](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
Արա Սայենի Բաբլոյան (մայիսի 5, 1947(1947-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ ՀՀ ԱԺ նախագահ (2017-2018)։
1965-1971 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում։ 1970 թվականին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972 թվականին՝ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ և ուրոլոգ։ 1977 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982 թվականին նշանակվել է Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987 թվականին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձելէ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ 1989 թվականին անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում։ 1990 թվականին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։ 1991-1997 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003 թվականին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006 թվականին ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012 թվականի մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2017 թվականին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018 թվականներին եղել է ԱԺ նախագահը։ 2019 թվականից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ Վերադարձել է առողջապահական բժշկական ոլորտ աշխատանքի։
Աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին։ Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ։
Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։
2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ։ Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou