Aller au contenu principal

Յուրի Լոտման


Յուրի Լոտման


Յուրի Միխայլովիչ Լոտման (Юрий Михайлович Лотман, 28 փետրվարի, 1922, Պետրոգրադ - 28 հոկտեմբերի, 1993, Տարտու), հայտնի նշանագետ, մշակութաբան և բանասեր, Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն

Յուրի Լոտմանը ծնվել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Միխայիլ Լոտմանը, իրավաբան էր։ Նա զոհվել է 1942-ին Լենինգրադի շրջափակման ժամանակ։ Մայրը՝ Ալեքսանդրա (Սարա) Նուդելմանը, կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում և աշխատել որպես ատամնաբույժ։

Լոտմանը ընտանիքի կրտսեր երեխան էր և միակ տղան։ Նրա ավագ քույր Իննա Օբրազցովան կոմպոզիտոր էր և դասավանդում էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում։ Միջնեկ քույրը՝ Լիդիա Լոտմանը, գրականագետ էր, գիտությունների դոկտոր, որը երկար տարիներ աշխատել է «Պուշկինյան տանը»՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուսական գրականության ինստիտուտում։ Քույրերից կրտսերը՝ Վիկտորիան, բժիշկ-սրտաբան էր։

1930-1939 թթ Յուրի Լոտմանը սովորել է քաղաքի հնագույն Պետրիշուլե դպրոցում, այնուհետև ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, որտեղ նրան դասավանդել են Բորիս Էյխենբաումը, Վլադիմիր Պրոպը և այլ հայտնի գիտնականներ։ Առաջին կուրսը ավարտելուն պես նա զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում։ Արժանացել է «Կարմիր աստղի» և «Հայրենական պատերազմի» շքանշանների, մի շարք մեդալների։ Զորացրվել է 1946-ին։Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Լենինգրադ և շարունակել կրթությունը։ 1950 թ․ գերազանց ավարտել է համալսարանը, բայց տարածվող հակասեմականության պատճառով չի կարողացել ասպիրանտուրա ընդունվել և մեկնել է Էստոնիա՝ աշխատանքի ընդունվելով Տարտուի մանկավարժական ինստիտուտում։ Ռուսաց լեզու և գրականություն դասավանդելով էստոնական դպրոցների ուսուցիչներին, նա միառժամանակ շարունակում էր սեփական գիտական աշխատանքը և 1952 թ․ Տարտուի համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ա․ Ն․ Ռադիշչևը Ն․ Մ․ Կարամզինի հասարակական-քաղաքական հայացքների և արքունական էսթետիկայի հետ պայքարում» թեմայով («А. Н. Радищев в борьбе с общественно-политическими воззрениями и дворянской эстетикой Н. М. Карамзина»): 1961 թ․ պաշտմանել է դոկտորական թեզը «Նախադեկաբրիստական շրջանի ռուս գրականության զարգացման ճանապարհները» թեմայով («Пути развития русской литературы преддекабристского периода»)։ 1954 թ․ և մինչև կյանքի վերջ Լոտմանը դասավանդել է Տարտուի համալսարանում։ 1960-1977 թթ․ եղել է ռուս բանասիրության ամբիոնի վարիչ։

Լոտմանը Տարտուում նշանագիտության զարգացման հիմնադիրն է, նշանագիտության հնագույն գիտական ամսագրի՝ «Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» («Труды по знаковым системам») առաջին խմբագիրը։

Եղել է Բրիտանական ակադեմիայի (1977) թղթակից-անդամ, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի (1990), Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի (1987) և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի (1989) անդամ։

Խորհրդային միության Վերակառուցման շրջանում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Էստոնիայի քաղաքական կյանքին։ 1988-ին ընտրվել է Էստոնիայի ժողովրդական ճակատի (Eestimaa Rahvarinne) հանձնաժողովի անդամ։

Մահացել է 1993 թ․։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը։

Ընտանիք

Կինը՝ Զառա Մինցը, հայտնի գրականագետ էր, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործությունների և ռուսական սիմվոլիզմի հետազոտող։ Մինցը, ինչպես և Լոտմանը, երկար տարիներ դասավարդել է Տարտուի համալսարանում

Զույգը երեք որդի ուներ։ Ավագ զավակը՝ Միխայիլ Լոտմանը (ծնված 1952 թ․) Տալլինի համալսարանի նշանագիտության և գրականության տեսության պրոֆեսոր է, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի անդամ (2003-2007; 2019-) և Տարտուի քաղաքային խորհրդի նախագահ (2011-2013)։ Գրիգորի Լոտմանը (ծնված 1953 թ․) նկարիչ է, իսկ Ալեքսեյ Լոտմանը (ծնված 1960 թ․)՝ կենսաբան, Ռիյգիկոգուի անդամ (2003-2007 թթ․):

Գիտական գործունեություն

Լոտմանը եղել է Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիրն ու ակտիվ անդամը։ Իր գործունեությունը սկսելով որպես գրականագետ՝ նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խորն է զբաղվել նշանագիտությամբ՝ դառնալով մշակույթի նշանագիտության կարևորագույն հետազոտողը։ Լոտմանի՝ մշակույթին վերաբերող հետազոտությունների կարևոր մաս է կազմում տեքստի հասկացողությունը։ Նրա գիտական ժառանգության մեջ առանցքային է ինքնահաղորդակցության (ավտոկոմունիկացիայի) եզրը, սեմիոսֆերայի գաղափարը, «Մշակույթը և պայթյունը» աշխատությունը։

Բորիս Ուսպենսկու հետ հրապարակած «Մշակույթի նշանագիտական մեխանիզմի մասին» հոդվածում, ինչպես նաև «Հիշողությունը մշակութաբանական տեսանկյունից» հոդվածում Լոտմանը առաջ է քաշել «հավաքական հիշողություն» տերմինը։ Հիմնվելով այս աշխատանքների վրա՝ գերմանացի գիտնականներ Ալեյդա և Յան Ասսմանները ստեղծել են մշակութային հիշողության իրենց տեսությունը։ Հենց Լոտմանն է, սակայն, որ առաջինը նկարագրել է մշակույթը որպես ոչ ժառանգական, հավաքական հիշողություն.

«С точки зрения семиотики, культура представляет собой коллективный интеллект и коллективную память, т. е. надындивидуальный механизм хранения и передачи некоторых сообщений (текстов) и выработки новых. В этом смысле пространство культуры может быть определено как пространство некоторой общей памяти, т. е. пространство, в пределах которого некоторые общие тексты могут сохраняться и быть актуализированы». Юрий Лотман. «Память в культурологическом освещении». Избранные статьи. Таллинн: Александра, 1992

Հայաստանում Լոտմանի գաղափարները ազդել են բանասեր, հասարակական գործիչ և հրապարակախոս Սուրեն Զոլյանի վրա, ով նաև եղել է Լոտմանի և նրա գործընկերների ջանքերով կազմակերպվող Երկրորդական մոդելավորող համակարգերի ամառային դպրոցի մասնակիցներից։

Հիմնական աշխատություններ

  • Կառուցվածքային պոետիկայի դասախոսություններ (Лекции по структуральной поэтике, 1964)
  • Գեղարվեստական տեքստի կառուցվածքը (Структура художественного текста, 1970)
  • Կինոյի նշանագիտությունը և կինոէսթետիկայի հարցերը (Семиотика кино и проблемы киноэстетики, 1973)
  • Թեզեր մշակույթի նշանագիտական հետազոտման վերաբերյալ (կիրառված սլավոնական տեքստերի վրա) (Юрий Лотман, Александр Пятигорский, Борис Успенский, Вячеслав Иванов, Владимир Топоров. Тезисы к семиотическому изучению культур (в применении к славянским текстам), 1973)
  • Սեմիոսֆերայի մասին (О семиосфере, 1984)
  • Մշակույթը և պայթյունը (Культура и взрыв, 1992)
  • Հոդվածներ նշանագիտության և մշակույթի տիպաբանության վերաբերյալ (Статьи по семиотике и топологии культуры, 1992)
  • Բանական աշխարհների ներսում (Внутри мыслящих миров, 1996)

Յուրի Լոտմանը հայերեն

  • Յուրի Լոտման, «Միֆ, Անուն, Մշակույթ /Ուսումնասիրություններ նշանագիտության, մշակույթի տիպաբանության և ռուս գրականության վերաբերյալ/», Ստեփանակերտ, Ոգի-Նաիրի հրատ․, 2012, 344 էջ։
  • Յուրի Լոտման, «Պոեզիա և արձակ», Գրանիշ, 2013
  • Յուրի Լոտման, «Նշանի և նշանային համակարգի հիմնախնդիրները և 11-19-րդ դդ. ռուսական մշակույթի տիպաբանությունը», Գրեթերթ, 2007։ Թարգմանությունը արժանացել է Գրեթերթի մրցանակի Արխիվացված 2023-12-24 Wayback Machine
  • Միխայիլ Գասպարով, «Լոտմանը և մարքսիզմը», Գրանիշ, 2018
Collection James Bond 007

Հոդվածներ և հետազոտություններ գրականության տեսության մասին

  • Литературоведение должно быть наукой (1967)
  • О типологическом изучении литературы (1969)
  • О содержании и структуре понятия «художественная литература» (1973)
  • Замечания о структуре повествовательного текста (1973)
  • Каноническое искусство как информационный парадокс (1973)
  • К функции устной речи в культурном быту пушкинской эпохи (1979)
  • Литературная биография в историко-культурном контексте (К типологическому соотношению текста и личности автора) (1986)
  • Массовая литература как историко-культурная проблема (1991)

Տես նաև

  • Список печатных трудов Юрия Лотмана
  • Julia Kristeva, Martha Noel Evans, «On Yury Lotman», PMLA, 1994
  • Yuri Lotman, «Universe of the Mind», անգլերեն։ Նախաբանը՝ Ումբերտո Էկոյի, 1990
  • Юрий Лотман, «Беседы о русской культуре», հեռուստահաղորդումների շարք
  • Սուրեն Զոլյան, «Հետխորհրդային հասարակությունների նկարագրման կաղապարների հարցի շուրջ»

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Յուրի Լոտման by Wikipedia (Historical)


INVESTIGATION