Aller au contenu principal

Բյուզանդական իրավունք


Բյուզանդական իրավունք


Բյուզանդական իրավունք, VI-XV դարերի Բյուզանդական կայսրության իրավունքը, որը հռոմեական ստրկատիրական իրավունքի մշակումներից մեկն էր։ Բյուզանդական իրավունքում, առանձնապես Հուստինիանոսի կոդիֆիկացիայից հետո, իր ցայտուն արտահայտությունը գտավ ֆեոդալական իրավունքը։ Բյուզանդական իրավունքի պատմական նշանակությունը պայմանավորված է այն դերով, որ խաղացել է Բյուզանդական կայսրությունը Եվրոպայի և Առաջավոր Ասիայի կյանքում։ Բյուզանդական իրավունքի համար հատկանշական է աշխարհիկ և կրոնական օրենքների զուգահեռ գոյությունը։ Դա բացատրվում է նրանով, որ Բյուզանդիայում կայսրի ձեռքում էր կենտրոնացված ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր իշխանությունը։ Հոգևոր և աշխարհիկ նորմերը համախմբվում էին հատուկ ժողովածուներում՝ նոմոկանոններում։ Ժամանակի տեսակետից բյուզանդական իրավունքի վերջին պատմական աղբյուրը Կոստանդին Արմենոպուլոսի «Վեցամատյանն» է (1345 թվական)։ Բյուզանդական իրավունքի շատ դրույթներ փոխ են առնվել Հայաստանի ֆեոդալական ժամանակաշրջանի իրավունքի կողմից։


Text submitted to CC-BY-SA license. Source: Բյուզանդական իրավունք by Wikipedia (Historical)