![Լևոն Մելիք-Շահնազարյան Լևոն Մելիք-Շահնազարյան](/modules/owlapps_apps/img/nopic.jpg)
Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյան (փետրվարի 7, 1958(1958-02-07), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 2015(2015-08-11), Պտղնի, Կոտայքի մարզ, Հայաստան), հասարակական գործիչ, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1992-1995 թթ.)։
Ավարտել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտը (1980)։
1980-1988 թթ. Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես դասախոս, ապա՝ դեկանի տեղակալ, 1989-1991 թթ.՝ Ստեփանակերտի քաղգործկոմի բաժնի վարիչ, 1995-1997 թթ.՝ «ԼՂ Հանրապետություն» թերթի ռուսերեն տարբերակի խմբագիր, 1998-2000 թթ.՝ «Տիրաստ» բաժնետիրական ընկերության տնօրեն, 2000 թ.-ից՝ Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի և «Հայբուսակ» ինստիտուտի հասարակագիտության ամբիոնների վարիչ։
1988-1992 թթ.-ին մասնակցել է Կիրովաբադի ինքնապաշտպանությանը, Շահումյանի (Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ), Հադրութի (Տող, Սարինշեն, Ծամձոր և այլն), Ասկերանի (Փառուխ, Խրամորթ, Աղբուլաղ, Խոջալու և այլն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1990-1991 թթ.-ին թղթակցել է «Պայքար» ընդհատակյա հասարակական-քաղաքական, մշակութային պարբերականին։
1992-1995 թթ.-ին Եվրախորհրդում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, Արևելյան Եվրոպայի և Կովկասի հանձնաժողովների նիստերում պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա Ղարաբաղի անկախացման և ԼՂՀ ճանաչման, անհատական ինքնապաշտպանության իրավական քաղաքական մոտեցումները։
1991 թվականին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, 1992-1995 թվականներին ղեկավարել ԼՂՀ Գերագույն խորհուրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, եղել է ԼՂՀ ԳԽ նախագահությունի անդամ։
1997 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է մանկավարժական ու վերլուծական գործունեությամբ։ Հիմնադրել և ղեկավարել է «Ոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։
Ամուսնացած էր, ունի երեք զավակ։
Owlapps.net - since 2012 - Les chouettes applications du hibou