Aller au contenu principal

Երրորդ ալիք (գիտափորձ)


Երրորդ ալիք (գիտափորձ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երրորդ ալիք (այլ կիրառումներ)

Երրորդ ալիք (անգլ.՝ The Third Wave, 1967 թվական ապրիլ, ԱՄՆ, Կալիֆոռնիա, Պալո Ալտո), սոցիալական հոգեբանական գիտափորձ, իրական պատմություն, հոգեբանական գիտափորձ միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ։ Իրականացրել է պատմության ուսուցիչ Ռոն Ջոնսը՝ նպատակ ունենալով մեկնաբանել նացիոնալ-սոցիալիզմի ազդեցությամբ գերմանացի ժողովրդի դրսևորած ազգայնամոլական և ռասայական խտրականության վարքը։

Ռոն Ջոնսը գիտափորձը կատարելու ընթացում դպրոցականների (մինչև 15 տարեկան) նկատմամբ կոշտ կանոններ կիրառելով ստեղծել է երիտասարդական խմբավորում և ի զարմանս ուսուցչի՝ ո՛չ մեծերի և ո՛չ էլ աշակերտների կողմից որևէ արգելքի կամ դիմադրության չի հանդիպել։

Այն նախատեսված էր երկու շաբաթում իրականացնել, սակայն ընդհատվել է ժամկետից շուտ, քանի որ ուսուցիչը զգուշացել է՝ տեսնելով, թե ինչպես է աշխատում ամբոխի հոգեբանությունը, թե երեխաներն ինչքան հեշտությամբ, ինքնակամ ենթարկվում են ամբոխի մանիպուլյացիային (անգլ.՝ Crowd manipulation)։ Հինգերորդ օրը գիտափորձի ալիքն այնպիսի թափ է հավաքել, որ մասնակիցների թիվը, 30-ից աճելով, հասնել է 200-ի։ Ըստ Ռոն Ջոնսի, այդ օրերի ընթացքում «նրանց ենթարկվողական վարքն ամենևին չէր տարբերվում Երրորդ ռայխի շարքային քաղաքացիների արարքներից»։

Թեմայով նկարահանվել են բազմաթիվ մրցանակների արժանացած գեղարվեստական և փաստավավեգրական ֆիլմեր, գրվել է վեպ, որը տպագրվել է 23 լեզուներով, իսկ լիցենզավորված տարբերակն ընդգրկված է Գերմանիայի և Իսրայելի դպրոցական ծրագրերում։ Բեմադրվել են տարբեր ժանրերի երաժշտական ներկայացումներ, որոնք ներկայացվել են աշխարհի շատ թատրոններում։

Գիտափորձ

Դրդապատճառ

Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքի Էլվուդ Կաբեռլե (անգլ.՝ Ellwood P. Cubberley High School) դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը՝ Սթիվ Կոնիգլիոուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի դասի ընթացքում հարցրեց պատմության ուսուցչին՝ Ռոն Ջոնսին, թե Գերմանիայի շարքային քաղաքացիներն ինչպե՞ս էին կարողանում ձևացնել, որ ոչինչ չգիտեն համակենտրոնացման ճամբարների և իրենց երկրում հրեաների զանգվածային ոչնչացման մասին։ Ուսուցիչն այդ հարցի պատասխանը չգիտեր, ուստի հաշվի առնելով, որ դասարանը դպրոցական ծրագրից առաջ է ընկել, որոշեց այդ թեմայի վերաբերյալ մեկշաբաթյա գիտափորձ կազմակերպել։

Առաջին օր։ Ուժը կարգապահության մեջ է

Երկուշաբթի օրը ուսուցիչը աշակերտներին բացատրեց կարգապահության ուժի կարևորությունը։ Նա գրատախտակի վրա գրեց առաջին օրվա կարգախոսը` «Ուժը կարգապահության մեջ է».

Կարգապահության ուժը զգալու համար Ջոնսը աշակերտներին հրամայեց «զգաստ» նստել. ոտքերն իրար զուգահեռ, ոտնաթաթերը հատակին ամուր կպած, իսկ ձեռքերը՝ մեջքի ետևում, որպեսզի ողնաշարն ուղիղ լինի՝ մեկնաբանելով, որ դա նպաստում է լավ կենտրոնանալուն և կամքն է կոփում։ Հետո հրամայեց մի քանի անգամ նստել-վեր կենալ այդ դիրքով, հետո բազմաթիվ անգամ պահանջեց դուրս գալ լսարանից և անաղմուկ ներս մտնել և զգաստ դիրքով գրավել իրենց տեղերը։ Դպրոցականներին այդ «խաղը» դուր եկավ, և նրանք բավականությամբ կատարում էին այդ հրահանգները և վարժվեցին վեր կենալ - «զգաստ նստել» գործողությունը կատարել 15 վայրկյանում։ Ջոնսը աշակերտներից պահանջեց հարցերին պատասխանելուց առաջ «Միստր Ջոնս» ասել և հարցերին պատասխանել կարճ ու կոնկրետ, երկուսից երեք բառով։ Նույնիսկ պասսիվ աշակերտներն աստիճանաբար սկսեցին հետաքրքրությամբ ենթարկվել։ Դասարանի ակտիվությունն աճում էր։ Ուսուցման Ավտորիտար մթնոլորտը անսպասելիորեն այնքան բարենպաստ էր, որ ուսուցչին ստիպեց կասկածել իր՝ նախկինում ունեցած մանկավարժական համոզմունքների վրա։ «Մի՞ թե հավատը Կարլ Ռոջերսի ուսմունքի նկատմամբ մարելու է» (էջ 264)։

Երկրորդ օր։ Ուժը միասնության մեջ է

Երեքշաբթի օրը աշակերտները ինքնուրույնաբար «զգաստ» նստեցին։ Ջոնսը գրատախտակի վրա խոշոր տառերով գրեց առաջին օրվա կարգախոսը՝ «Ուժը կարգապահության մեջ է» և ևս մեկը՝ «Ուժը միասնության մեջ է».

Ջոնսը նրանց բացատրեց՝ ինչ է միասնության ուժը և այն զգալու համար աշակերտներին հանձնարարեց խմբակային վանկարկել իր մտածած կարգախոսները. «Ուժը կարգապահության մեջ է, ուժը միասնության մեջ է»։ Սկզբում այդ խոսքերն արտասանեցին աշակերտներից երկուսը, հետո՝ ևս երկուսը։ Աշակերտները, մեկմեկու նայելով, ոգեշնչվում էին։ Աստիճանաբար ամբողջ դասարանը հոտնկայս վանկարկում էր ինքնաներշնչող այդ խոսքերը։ Աշակերտները, տեսնելով իրենց խմբակային լինելու ուժը, կատարում էին բացահայտ ոգևորությամբ։ «Նրանք ընդհանուր գործ էին անում»։

Դասի ավարտին Ջոնսն աշակերտներին ցույց տվեց, թե ինչպես պետք է ողջունել իրար հանդիպելիս. պետք է ծալված աջ ձեռքը բարձրացնել աջ ուսի մոտ` ափը կորավուն ձգած։ Այս ձևը նա անվանեց Երրորդ ալիքի ողջույն` ձեռքի ափի բացվածքը նմանեցնելով մեծ ալիքի գագաթի։ Իսկ երրորդ ալիք, քանի որ ծովի ալիքները երեքական են գալիս, և ամենաուժգինը ամենավերջինն է լինում (այս խորհրդանիշը առկա է անգլիացի բանաստեղծ Ալֆրեդ Թենիսոնի Արթուրի վերադարձը հովվերգությունում որպես Երրորդ Ռայխի կամ նացիստական Գերմանիայի հոմանիշ)։ Հաջորդ օրերին աշակերտները պարբերաբար ամենուրեք իրար ողջունում էին այդ ժեստով։ Դա մեծացրեց շրջապատի հետաքրքրությունը դասարանի նկատմամբ։

Երրորդ օր։ Ուժը գործողության մեջ է

Չորեքշաբթի օրը գիտափորձի մեջ ներգրավված 30 աշակերտներին ինքնակամ միացան ևս 13-ը։ Ջոնսը որոշեց անդամության տոմսեր բաժանել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել մասնակցությունը։ Ոչ ոք չհրաժարվեց։ Նա գրատախտակին ավելացրեց երրորդ օրվա կարգախոսը.

Նա պատմեց գործողության ուժի մասին։ Նրա խոսքերով՝ անհատական մրցակցությունը հաճախ տխրություն է պատճառում, իսկ խմբակային գործունեությունը թույլ է տալիս ուսման մեջ հասնել առավել մեծ հաջողությունների։ Գործողության ուժը զգալու համար Ջոնսը աշակերտներին հանձնարարեց միասին մշակել Երրորդ ալիքի նախագիծ. այլ դպրոցի 20 ցածր դասարանցիների հասկացնել, որ ուսմանը նպաստում է «զգաստ» նստելը և ցույց տալ մեկական վստահելի դպրոցական, ովքեր կարող են միանալ գիտափորձին։ Ջոնսը աշակերտներից երեքին հանձնարարեց զեկուցել կարգ ու կանոնի խախտումների և Երրորդ ալիքի վերաբերյալ արված քննադատությունների մասին։ Սարսափելին այն էր, որ մոտ 20 աշակերտ կամավոր մատնություն էին անում, այսինքն դասարանի կեսը իր պարտքն էր համարում հետևել մյուսին և զեկուցել այդ մասին։ Աշակերտներից մեկը՝ Ռոբերտը, ով աչքի էր ընկնում իր խոշոր մարմնակազմությամբ և ցածր առաջադիմությամբ, Ջոնսին ասաց, որ նրա թիկնապահը կլինի, և դպրոցով մեկ գնում էր նրա հետևից։

Դասարանի երեք լավագույն աշակերտուհիները, որոնց ինտելեկտուալ ընդունակությունների պահանջը չկար ստեղծված իրավիճակում, նմանվել էին սովորական պայմաններում ցածր առաջադիմություն ունեցող աշակերտների, ամեն ինչ անում էին մեխանիկորեն, առանց նախաձեռնողականության։ Նրանք գիտափորձի մասին հայտնեցին իրենց ծնողներին։ Արդյունքում տեղի ռաբբին զանգահարեց Ջոնսին, սակայն բավարարվեց ուսուցչի պատասխանով, որ դա գերմանական անհատականության տեսակի գործնական ուսուցում է։ Հոգևորականը խոստացավ ամեն ինչ բացատրել ծնողներին, այդպիսով մեխանիկորեն, առանց իրավիճակի մեջ խորանալու դարձավ գիտափորձի մասնակից։ Ջոնսը խորապես հիասթափված էր, որ նույնիսկ ծնողները չեն դիմադրում, իսկ տնօրենը ողջունում էր Երրորդ ալիքի ողջույնով և արդարանում էր, որ գերմանական գերի է եղել, և խնդրում էր հասկանալ իրեն։

Չորրորդ օր։ Ուժը հպարտության մեջ է

Դպրոցն աստիճանաբար գեստապոյի էր նմանվում, խանգարվել էր դպրոցի անդորրը, այլ դասարանների աշակերտները հավաքներին մասնակցելու համար բացակայում էին դասերից, ուսուցիչներն անհանգստացած հարց ու փորձ էին անում։ Ջոնսը որոշեց դադարեցնել շարժումը, քանի որ այն դուրս էր գալիս իր վերահսկողությունից։ Աշակերտներն ավելի ու ավելի էին ներգրավված նախագծում։ Մի քանի աշակերտներ ինքնուրույն ստեղծել էին թիկնապահների բաժին, որը ֆիզիկական հարձակման էր ենթարկում այլախոհ ուսանողների և դպրոցի թերթի թղթակցի վրա։

Հինգշաբթի օրը Ջոնսը գիտափորձն ավարտելու մտադրությամբ աշակերտներին բացատրեց հպարտության ուժը։ Այդ նպատակով նա, ձայնը ցածրացնելով, սկսեց բացատրել Երրորդ ալիքի առաջացման իրական պատճառը։ 80 աշակերտներ, ովքեր հավաքվել էին լսարանում, լուռ և զգաստ նստած լսում էին, որ իրենք ազգային երիտասարդական ծրագրի մասն են կազմում, որի առաջ խնդիր է դրված քաղաքական վերափոխումներ կատարել հանուն ժողովրդի բարեկեցության։

Իր խոսքերի լրջությունն ապացուցելու համար Ջոնսը պահակախմբի չորս անդամների պատվիրեց լսարանից հանել և գրադարան ուղեկցել երեք աղջիկների, որոնց անձնվիրությունը կասկածելի էր թվում, և հաջորդ օրը նրանց լսարան չթողնել։

Հետո նա պատմեց, որ այս շարժումը համաժողովրդական շարժման մաս է. երկրի մյուս մարզերում նույնպես Երրորդ ալիքի նման հարյուրավոր խմբեր են գործում։ Իսկ ուրբաթ կեսօրին իրենց ստեղծման մասին կհայտնի շարժման ղեկավարը և նախագահական պաշտոնի նոր թեկնածուն։ Նա հրամայեց ուսանողներին մասնակցել ուրբաթ օրը կեսօրվա հանրահավաքին՝ ականատես լինելու այդ հայտարարությանը։

«Վաղվա հավաքին լրատվական միջոցներ են լինելու, վաղը դուք ցույց կտաք ձեր կարգապահությունը, միասնությունը, հպարտությունը, այն ամենը, ինչ սովորել եք մինչ օրս։ Այդ մասին ոչ մի խոսք։ Այդ հավաքը միայն շարժման մասնակիցների համար է» (էջ 272)։

Հինգերորդ օր։ Ուժը ըմբռնման մեջ է

Ուրբաթ կեսօրին 200 աշակերտ լցվեցին լսարան։ Նրանց թվում էին սպորտսմեններ, ճանաչում վայելողներ, բայքերներ, կեղծ հիպիներ, դադաիստներ, աշակերտներ, որոնց ըստ էության չէր էլ հետաքրքրում դպրոցական անց ու դարձը։ Սակայն դահլիճը միասնական էր։ Բոլորը բացարձակ զգաստ, լուռ նստած նայում էին չմիացրած հեռուստացույցի էկրանին (էջ 273)։ Ջոնսի ընկերները, ֆոտոնկարիչներ ձևանալով, անցնում էին լսարանով մեկ։

Պրես-կոնֆերանսը սկսելուց առաջ կարգապահությունը ցուցադրելու համար Ջոնսն ասաց, որ «ուզում եմ ցույց տաք մամուլին, թե որքան կազմակերպված ենք մենք»։ Այս խոսքերից հետո Երրորդ ալիքի ողջույնով ողջունեց, և բոլոր երկու հարյուր աշակերտները մեքենայաբար կրկնեցին, որից հետո ուսուցիչն ասաց իր կարգախոսը՝ «ուժը կարգապահության մեջ է»։ Եվ երկու հարյուր ձայներ կրկնեցին. «ուժը կարգապահության մեջ է»։ Այդպես կրկին ու կրկին, բարձր ու ավելի բարձր։

Կեսօրին հեռուստացույցը միացրեցին, սակայն էկրաններին ոչինչ չկար։ Սպասողական վիճակը աստիճանաբար վերաճեց անհանգստության։ Աշակերտների վրդովմունքը տեսնելով՝ Ջոնսը խոստովանեց, որ «ոչ մի շարժում էլ գոյություն չունի, չկա ազգային ծրագիր», իսկ աշակերտները, սեփական կարծիքից հրաժարվելով, հեշտությամբ ենթարկվել էին մանիպուլյացիային, հավատացել էին մեծ ստին։ Նրա խոսքերով՝ աշակերտների գործողությունները շատ չէին տարբերվում գերմանացի ժողովրդի վարքից։

Այս ասելով ուսուցիչը միացրեց պրոյեկտորը։ Էկրանի վրա Երրորդ ռայխի շքերթն էր, կարգապահություն, մահվան ճամբարներ, դատական գործընթաց... համր ֆիլմը ըմդհատվեց։ Էկրանին երևացին խոսքեր.

Լսարանը լուսավորվում էր միայն պրոյեկտորի լույսով։ Ուսուցիչը լուռ էր։ Դահլիճը ուշքի էր գալիս։ Ջոնսը խոսեց՝ հայտնելով իր մտքերը կատարվածի մասին։ Նա աստիճանաբար վերագտնում էր ինքն իրեն որպես ուսուցիչ։

Ահա թե ինչն է ստիպում մարդկանց իրենց հիշողությունից ջնջել անցյալը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը, գիտակցելով կատարվածը, երբևէ չի խոստովանի, որ եղել է Երրորդ ալիքի վերջին դասին, որևէ մեկը չի ցանկանա, որ իր հարազատներն ու ընկերներն իմանան, որ նրանք պատրաստ էին հրաժարվել անձնական ազատությունից և կամքից՝ հանուն կարգապահության դիկտատի և անտեսանելի առաջնորդների, որ Երրորդ ալիքը ընդունել են որպես կենսակերպ, որ մանիպուլյացիայի են ենթարկվել։ Այդ օրվա և այդ հավաքի գաղտնիությունը կպահեն։ «Այն կլինի նաև ի՛մ գաղտնիքը, մեր ընդհանուր գաղտնիքը»։ Ջոնսը ֆոտոսարքերից հանեց ժապավենները, լուսավորեց, որով Երրորդ ալիքը դադարեց գոյություն ունենալ։

Դպրոցականները ճնշված հեռանում էին, Ռոբերտը լալիս էր։ Ջոնսը նրան գրկել էր և սփոփում էր՝ ասելով, որ ամեն ինչ ավարտված է, ամեն ինչ կարգին է։ Շատերը չէին կարողանում արցունքները զսպել, հետ ու առաջ էին անում, իրար գրկում և գնում դեպի դուռը, գնում դեպի այդ դռնից այն կողմ գտնվող աշխարհ։

Հետևանքներ

Գիտափորձը ինքնաբուխ էր սկսվել, և երկար ժամանակ լայն մասսաները տեղյակ չէին այդ մասին, առավելապես այն պատճառով, որ մասնակիցներն ամաչում էին իրենց գործողությունների համար։ Նրանք մեկ շաբաթ ապրել էին ընդհանուր կյանքով, և ինչպես Ջոնսն էր ենթադրել, նրանք ընդհանուր գաղտնիք ունեին։ Չորս տարի շարունակ նրանք խոսում էին Երրորդ ալիքի մասին, բայց ո՛չ հավաքի մասին։ Նրանք ուզում էին այդ մասին մոռանալ։

Ֆիլմագրություն և գրականություն

  • 1970-ականների ավարտին Ջոնսն այս գիտափորձի արդյունքները հրատարակեց իր մանկավարժական գրքում
  • Մինչ այդ, 1967 թվականի ապրիլի 21-ին, գիտափորձի միակ նկարագրությունը «The Catamount» դպրոցական թերթում էր տպվել
  • 1981 թվականին գիտափորձի հիման վրա հրատարակվեց «Ալիք» վեպը և համանուն ամերիկյան հեռուստաֆիլմը
* 1982 թվականին արժանացել է Էմմի մրցանակաբաշխության Ականավոր մանկական ծրագիր (Outstanding Children's Program) մրցանակի
* 1981 թվականին Պիբոդի մրցանակի (Peabody Award)
* 1981 թվականի երիտասարդ արվեստագետ մրցանակի
* 1982 թվականին առաջադրվել է Հումանիտար մրցանակի 60 րոպե կատեգորիայում
* 1983 թվականին արժանացել է Ամերիկայի գրողների գիլդիայի ՄԱՆԿԱԿԱՆ ՇՈՈՒ մրցանակ
  • 2008 թվականի «Գիտափորձ 2. ալիք» ֆիլմը նույնպես գիտափորձի վրա էր հիմնված
  • 2011 թվականին էկրաններ բարձրացավ ամերիկյան «Lesson Plan» վավերագրական ֆիլմը, որը ներառում էր մասնակիցների հարցազրույցներն այդ գիտափորձի մասին, հեղինակը Ջոնսի աշակերտներից Ֆիլիպ Նիլն է
* Ֆիլմի թրեյլերը 2010 թվականի հոկտեմբերի 10-ին ներկայացվել է ամերիկյան կինոփառատոնին (Mill Valley Film Festival):

Տես նաև

  • Էլիոտ Ջեյն
  • Սթենֆորդի բանտային գիտափորձ
  • Միլգրեմի գիտափորձ
  • Ռոզենթալի էֆեկտ կամ Պիգմալիոնի էֆեկտ

Գրականություն

  • «The Third Wave» 1967 original experiment Արխիվացված 2017-05-20 Wayback Machine Մասնակիցների պաշտոնական կայք
  • Джонс, Рон. [Третья волна] // Практикум по социальной психологии. - СПб.: Питер, 2000. - С. 260-276. - 528 с.
  • Jones, Ron. No Substitute for Madness. A Teacher, His Kids & The Lessons of Real Life. - Covelo, California: Island Press, 1981. - ISBN 0-933280-06-8.
  • Official Wave FAQ website by original students
  • Wave Documentary Movie «Lesson Plan»
  • Dawson, Jeff «The Wave shows how to turn children into Nazis» Արխիվացված 2015-05-29 Wayback Machine, (31 August 2008), Sunday Times.
  • Strasser, T. (1981). The Wave. New York: Dell Publishing Co.
  • Williams, Sylvia Berry. (1970) Hassling. New York: Little, Brown. Page 51 in Chapter 7 «A Bill of Particulars on the USM».
  • Susan Stan. How Todd Strasser Became Morton Rhue Electronic Journals Volume 35, Number 2 Winter 2008. ISSN 0882-2840 (Print), ISSN 1547-741X (Online).
Giuseppe Zanotti Luxury Sneakers

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • The Third Wave Ռոն Ջոնսի իրական հակիրճ պատմությունը, առաջին հրատարակությունը 1976 թվականին, որի հեռուստատեսային տարբերակը "The Wave" (1981) Արխիվացված 2015-02-02 Wayback Machine
  • Պաշտոնական կայք
  • Социальная психология. Современный фашизм в эксперименте Джонса "Третья волна"
  • Эксперимент: Третий рейх за пять дней տեսանյութ գիտափորձի հեղինակ Ռոյ Ջոնսի և մասնակից աշակերտներից մի քանիսի մեկնաբանություններով

Text submitted to CC-BY-SA license. Source: Երրորդ ալիք (գիտափորձ) by Wikipedia (Historical)



ghbass