Aller au contenu principal

Հրաշք կին (ֆիլմ, 2017)


Հրաշք կին (ֆիլմ, 2017)


«Հրաշք կին», սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Ֆիլմը տեղայնացված է Warner Bros.-ի կողմից։ Այն կլինի DC-ի ընդարձակ տիեզերքի չորրորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորն է Փեթի Ջենքինսը, սցենարի հեղինակներն են Ալլան Հեյնբերգը և Ջեֆ Ջոնսը, ովքեր վերագրել են Հեյնբերգի և Զաք Սնայդերի պատմությունը։ Գլխավոր դերերում են Գալ Գադոտը, Քրիս Փայնը, Քոնի Նելսենը, Ռոբին Րայթը, Լյուսի Դևիսը, Դենի Հյուսթոնը, Ելենա Անայան, Սաիդ Տագմուին, Իուեն Բրեմները, Լիզա Լովեն Քոնգսլին և Դևիդ Թյուլիսը։

Հիմնական նկարահանումները սկսեցին 2015 թվականի նոյեմբերի վերջին և ավարտվեցին 2016 թվականի մայիսին։ «Հրաշք կին» կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունիսի 2-ին 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով։

Նկարագրություն

Ամազոնի արքայադուստր Դիանան մեծացել և պարապել է Թեմիսքիրա կղզում, որպես հավասարը չունեցող մարտիկ։ Մի ամերիկացի օդաչու, ով ինքնաթիռով վթարի է ենթարկվում կղզու վրա, պատմում է նրան տեղի ունեցող համաշխարհային պատերազմի մասին։ Դիանան լքում է իր տունը, որպեսզի փորձի կանգնեցնել պատերազմը։ Դառնալով Հրաշք կինը հերոսուհին, նա կռվում է կյանքեր փրկելու համար, սակայն նոր և վտանգավոր չարագործ Բժիշկ Թույնը հարց է տալիս Դիանային, թե արդյոք մարդկությունը պետք է փրկվի։

Դերակատարներ

  • Գալ Գադոտ՝ Դիանա Փրինս / Հրաշք կին։
Ամազոնի արքայադուստր և անմահ մարտիկ։ Գադոտն իր կերպարը նկարագրել է, որպես «շատ ուժեր և կարողություններ ունեցող, սակայն օրվա վերջում նա զգացմունքային բանականությամբ կին է»։ Կերպարը տարբերվելու է էկրաններին առաջին անգամ հայտնված «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմից, ինչի մասին Գադոտն ասել է․ «Մենք 100 տարի հետ ենք գնում, երբ նա ավելի պարզ է և բնական»։ Ավելի ուշ բացատրել է․ «Նա երիտասարդ իդեալիստ է։ Շատ մաքուր։ Ձեր տեսած ամենափորձառու, գեր-վստահ և հասուն կինը»։ Դերի համար Գադոտը հետևել է հատուկ սննդակարգի, պարապել տարբեր մարտարվեստներ և հավաքել 17 ֆունտ մկանային զանգված։ Էլոդի Յունգը և Օլգա Կուրիլենկոն նույնպես մասնակցել են դերի քասթինգին։ Գադոտին նախկինում առաջարկել էին «Պողպատե մարդը» ֆիլմում մարմնավորել Ֆաորա Հու-Ուլի դերը, սակայն վերջինս մերժել էր, քանի որ այդ ժամանակ հղի էր։ Ավելի ուշ նա համաձայնեց ֆիլմի սիկվելում լինել Հրաշք կին։ Գադոտը կնքել է երեք ֆիլմանոց պայմանագիր և իր դեբյուտը կատարել է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում։
  • Քրիս Փայն՝ Սթիվ Թրեվոր։
Միացյալ Նահանգների զինված ուժերի օդաչու և Դիանա Փրինսի սիրային հետաքրքրությունը։ Փայնն իր կերպարը նկարագրել է, որպես «խարդախ, ցինիկ ռեալիստ, ով տեսել է ժամանակակից հասարակության սարսափելի և վայրագ բնավորությունը»։ Փայնը ստորագրել է բազմաֆիլմանոց պայմանագիր։
  • Քոնի Նելսեն` Հիպոլիտա։
Ամազոնի Թեմիսքիրա կղզու թագուհի և Դիանայի մայրը։ Նիկոլ Քիդմանը նայվում էր դերի համար, սակայն վերջինս ստիպված եղավ «Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալի հետ ունեցած իր վեճերի պատճառով լքել նախագիծը։ Նիլսենն իր հերթին նախկինում առաջարկվել էր «Պողպատե մարդը» ֆիլմում կերպավորելու Սուպերմենի մոր՝ Լառա Լոր-Վենի դերը։
  • Ռոբին Րայթ՝ գեներալ Անտիոպ։
Թագուհի Հիպոլիտայի քույրը և Դիանայի մորաքույրը։
  • Լյուսի Դևիս՝ Էտտա Քենդի։
Սթիվ Թրեվորի քարտուղարուհին, ով դառնում է Դիանայի ընկերուհին։
  • Լիզա Լովեն Քոնգսլի՝ Մենալիպե։
Անտիոպի տեղակալը։

Ելենա Անայան, Դենի Հյուսթոնը, Դևիդ Թյուլիսը, Իուեն Բրեմները և Սաիդ Տագմաուին դերասանական կազմում էին անհայտ դերերի համար։ Մեյլինգ Էնջին, Ֆլորենս Կասումբան և Մադլեն Վալը հաջորդաբար խաղում են ամազոնուհիներ Օրանայի, սենատոր Ականթայի և Էգերիայի դերերը։ Դանիացի մոդել Դաութզեն Կրուսը և բրնցքամարտուհի Էն Վուլֆը կմարմնավորեն ամազոնուհիների։ Սամանթա Ջոն, ով «Պողպատե մարդը» ֆիլմում խաղացել է Քար-Վեքսի դերը, միացել է դերասանական կազմին որպես Էուբեա անունով ամազոնացի։

Արտադրություն

Զարգացում

«Հրաշք կնոջ» անանուն կինոթատրոնային թողարկման զարգացումները սկսել էին դեռ 1996 թվականից, որի պրոդյուսեր Իվան Ռեյթմանը նաև հավանական ռեժիսորն էր։ Երեք տարի անց ծրագիրը կցվեց Ջոն Կոհենին, ով «Հրաշք կինը» պետք է ադապտացներ պրոդյուսեր Ջոել Սիլվերի համար և հույս ուներ, որ Սանդրա Բուլոքը կլիներ գլխավոր դերում։ Երկու տարի անց Սիլվերը Թոդ Ալքոթին վստահեց սցենարը վերագրելու հարցում՝ Silver Pictures-ի օժանդակությամբ։ Նախնական բամբասանքների համաձայն, Հրաշք կնոջ դերի հավանական թեկնածուներն էին Անջելինա Ջոլին, Բիյոնսե Նոուլզը, Բուլոքը, Ռեյչել Բիլսոնը, Նադյա Բյորլինը, Մեգան Ֆոքսը, Էլիզա Դուշկուն և Քեթրին Զետա-Ջոնսը։ Լեոնարդ Գոլբերգը խոսելով 2001 թվականի մայիսին տված իր հարցազրույցում, Բուլոքին անվանեց նախագծի ուժեղ հավակնորդ։ Բուլոքը հաստատեց, որ նրան դիմել են դերի համար, մինչ ըմբշամարտուհի Չայնան հետաքրքրություն ցուցաբերեց։ Ետ գնալով անցյալ, կիմանանք, որ «Քսենա» հեռուստասերիալի աստղ Լյուսի Լոուլեսն ասել է, որ ինքն ավելի հետաքրքրված կլիներ Հրաշք կնոջով, եթե վերջինս մարմնավորվեր որպես «անփույթ հերոս»։ Երկար ժամանակ սցենարը ձեռքից ձեռք գնաց, հայտնվելով մի շարք սցենարիստների՝ Ալքոթի, Ջոն Կոհենի, Բեքի Ջոնսթոնի և Ֆիլիպ Լևենսի սևագրերում։ Եվ արդեն 2003 թվականի օգոստոսից Լևենսին փոխարինեց գրող Լաետա Կալոգրիդիսը։

2005 թվականի մարտին Warner Bros.-ը և Silver Pictures-ը հայտարարեցին, որ Ջոսս Ուիդոնը (Բաֆի, անգլ.՝ Buffy) կգրի Հրաշք կնոջ ֆիլմի ադապտացիայի սցենարը և կլինի ռեժիսորը, և նրա նախնական գումարը կկազմի 2-3 միլիոն դոլար։ Երբ Ուիդոնը սկսեց «Սերենիթի» ֆիլմի նկարահանումները, նա ժամանակ չգտավ Հրաշք կնոջ համար, այդ պատճառով աշխատանքները հետաձգվեցին մինչև 2005 թվականի վերջ։ Մինչ 2005 թվականի մայիսին Ուիդոնը հայտարարեց, որ չի կարող դերասանական կազմ ընտրել, մինչև սցենարի ավարտը։ Քարիզմա Կարպենտերը, Մորենա Բակարին և Պրիանկա Չոպրան արդեն բանակցություններ էին տանում Ջոս Ուիդոնի ադապտացիայում Հրաշք կնոջ դերում նկարահանվելու համար։ Մոտավորապես երկու տարի համարվելով ֆիլմի սցենարիստ, այնուամենայնիվ, Ուիդոնը չվերջացրեց սևագիրը։ Ուիդոնը վերջ ի վերջո լքեց նախագիծը։

Հրաշք կնոջից Ուիդոնի լքելու նախորդ օրը Warner Bros.-ը և Silver Pictures-ը ձեռք բերեցին Մեթյու Ջենիսոնի և Բրենթ Սթրիքլենդի կողմից գրված մտահայեցողական սցենարը։ Գործողությունները տեղի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սցենարը գերեց Silver Pictures-ի գործադիրներին։ Այնուամենայնիվ, կինոընկերությունը նշեց, քանի որ չէր ցանկանում հեղինակային իրավունքները հայտնվեն նախկին վիճակում։ Չնայած սցենարում առկա լավ մտքերին, ընկերությունը չցանկացավ, որ «Հրաշք կին» ֆիլմը լինի ինչ-որ ժամանակաշրջանի մաս։ 2008 թվականի ապրիլից Silver-ը վարձեց Ջենիսոնին և Սթրիքլենդին գրելու նոր սցենար, որի գործողությունները տեղի ունենալով տարբեր ժամանակաշրջաններում չպետք է մոռացվեն Հրաշք կնոջ արմատները, այլ նաև բացահայտեն Դրախտ կղզու (անգլ.՝ Paradise Island) պատմությունը։ Մի փոքր ուշ՝ 2010 թվականին Warner Bros.-ը հայտարարեց, որ ֆիլմը զարգացման փուլում է այն կինոնկարների հետ միասին, որոնք հիմնված են DC Comics-ի իր մյուս թիմակիցների՝ Ֆլեշի և Ակվամենի մասին պատմող կոմիքսների վրա։ 2011 թվականին ռեժիսոր Նիկոլաս Ուինդինգ Ռեֆին և դերասանուհի Քրիստինա Հենդրիքսը իրենց «Դրայվ» ֆիլմի համար հարցազրույցներից մեկում խոսեցին, որ ցանկանում են միասին ստեղծել Հրաշք նոջ մասին ֆիլմը։ Դևիդ Ս․ Գոյերն ասաց, որ նա կցանկանա նկարահանել Հաշք կինը ֆիլմը։ Ըստ TheWrap վեբկայքում 2013 թվականի կատարած հրապարակման, Հրաշք կինը Warner Bros.-ի այն երկու նախագծերից մեկն էր, որը պետք է բարձրանար մեծ էկրաններին։ Warner Bros.-ի աղբյուրներից մեկն ասաց TheWrap-ին, որ նրանք քննարկում են Պողպատե մարդու, Բեթմենն ընդդեմ Սուպերմենի, Հրաշք կին և Ակվամեն ֆիլմի հիշատակումներ կատարելու հնարավորությունները։ DC-ի գլխավորը՝ Դիանա Նիլսենն ասաց, որ ամազոնուհի արքայադուստրը այնքան կարևոր է, որքան Սուպերմենն ու Բեթմենը ֆիլմում։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Worner Bros.-ի նախագահ Քևին Թսուջիհարան ցանկացավ Հրաշք կնոջը տեսնել ֆիլմում կամ հեռուստատեսությամբ։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին IGN-ը հարցազրույց վերցրեց Փոլ Ֆեյգից ստուդիայի համար Հրաշք կնոջ փիթչինգի մասին, որպես կատակերգական մարտաֆիլմ։

2014 թվականից ստուդիան ֆիլմի համար փնտրում էր կին ռեժիսոր, և հաջորդ օրը Forbes-ը հայտնեց, որ ստուդիայի հիմնական թեկնածուներն են Քեթրին Բիգելոու, Քեթրին Հարդվիքը, Միմի Լեդերը, Կարին Կուսաման, Ջուլի Թեյմորը, Միշել Մաքլարենը և Տրիսիա Բրոկը։ Մաքլարենը ստուդիայի կողմից ընտրվել էր որպես ռեժիսոր մինչ այն ժամանակ, երբ նա ինքը ցանկություն հայտնեց։ Սակայն ստեղծագործական տարաձայնությունների պատճառով Մաքլարենը լքեց նախագիծը։ Վերջապես ֆիլմի ռեժիսոր ընտրվեց Փեթի Ջենքինսը, Ալան Հեյնբերգի և Ջեֆ Ջոնսի սցենարով և Հեյնբերգի ու Զաք Սնայդերի համատեղ գրված պատմությամբ։ Այն սուպերհերոսի մասին պատմող առաջին մեծամասշտաբ ֆիլմն է, որը նկարահանվել է իգական սեռի ներկայացուցչի կողմից, ինչպես նաև Ջենքինսը առաջին կին ռեժիսորն է, ով նկարահանել է ֆիլմ, ինչի գլխավոր հերոսը նույնպես կին է։ Բացի այդ, սցենարը տեղափախում է Հրաշք կնոջ բնօրինակ կոմիքսային արմատները Երկրորդ աշխարհամարտից դեպի 1910 թվականներ և Առաջին համաշխարհային պատերազմ։ Ինչպես նաև ֆիլմում Դիանան ներկայանում է DC Comics-ի The New 52 թարմացված տարբերակով, ըստ որի նա ոչ թե աստվածների կողմից կավից ստեղծված մարմին է, այլ Զևսի դուստրը։

Քասթինգ

Մինչ Էլոդի Յունգը և Օլգա Կուրիլենկոն մասնակցում էին Հրաշք կնոջ կինեմատոգրաֆիական առաջին ելույթի («Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին») լսումներին, այդ դերը տրվեց Գալ Գադոտին։ 2015 թվականի մայիսի 27-ին Variety-ն, հայտնեց, որ Քրիս Փայնը բանակցությունների է տանում Սթիվեն Թրեվորի՝ Հրաշք կնոջ սիրային հետաքրքության դերի համար։ 2015 թվականի հուլիսին հաստատվեց, որ ֆիլմում Փայնը կմարմնավորի Թրեվորին, ինչպես նաև հայտնի դարձավ մի քանի ֆիլմերում նկարահանվելու պայմանագրի կնքման մասին։ Ավելի ուշ բացահայտվեց, որ Շոն Բինը և Եվա Գրինը հնարավոր է կերպավորեն ֆիլմի չարագործներին՝ Արեսին և Կիրկային, համապատասխանաբար։ 2015 թվականի նոյեմբերին Սաիդ Տագմաուին հաստատվեց անհայտ դերում։ Մինչ Նիկոլ Քիդմանը զրույցներ էր տանում դերի համար, վերջում նա լքեց նախագիծը։

Նկարահանումներ

Նկարահանումները սկսեցին 2015 թվականի նոյեմբերի 21-ին «Սոխակ» աշխատանքային վերնագրի ներքո։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ոչ միայն Լոնդոնի Տրաֆալգարյան հրապարակում, որոշ տեսարաններ նկարահանվել են Հարավային Իտալիայի այնպիսի բնակավայրերում, ինչպիսիք են Սասսի դի Մատերան, Կաստել դել Մոնտե ամրոցը, Պալինուրոն և Կամերոտան։ Գլխավոր օպերատորը Մեթյու Ջենսենն է, ով նկարահանել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Լոնդոնում այն ավարտվեց 2016 թվականի մարտի 13-ին։ 2016 թվականի մարտի 20-ին Իտալիայում ավարտվեցին նկարահանումները։ Ապրիլի վերջին նկարահանումները տեղափոխվեցին Լուվր, որտեղ Wayne Enterprises-ի բեռնատարը նկատվում է Գադոտի կողքին։ Նկարահանումներն ավարտվեցին 2016 թվականի մայիսի 9-ին։

Հետարտադրություն

Բիլլ Ուեսթենհոֆերը կծառայի, որպես վիզուալ էֆեկտների ղեկավար։ Մարթին Ուոլշը հաստատվել է մոտնաժողի պաշտոնում։ 2016 թվականի նոյեմբերին հաստատվեց, որ Ռուպերտ Գրեգսոն-Ուիլյամսը կլինի «Հրաշք կնոջ» ֆիլմի երաժշտության կոմպոզիտորը։

Թողարկում

«Հրաշք կին» կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի հունիսի 2-ին։ Ֆիլմը կթողարկվի IMAX ձևաչափով։ Այն պաշտոնապես պլանավորվել է դուրս գալ 2017 թվականի հունիսի 23-ին։

Ծանոթագրություններ

Collection James Bond 007

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • Հրաշք կինը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • «Հրաշք կինը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  • Հրաշք կինը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
  • «Հրաշք կինը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:

Text submitted to CC-BY-SA license. Source: Հրաշք կին (ֆիլմ, 2017) by Wikipedia (Historical)


PEUGEOT 205