Aller au contenu principal

Հայերը Ֆրանսիայում


Հայերը Ֆրանսիայում


Ֆրանսահայեր, Ֆրանսիայում բնակվող հայերը։

Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։

Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս և այլ քաղաքներում։ Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում։

Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներ» են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։

Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։

Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը և այլն։

Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում։

Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը, Մասիսն ու Էքս Ան Պրովանսը և այլն։

Տես նաև

  • Հայեր
  • Հայկական սփյուռք

Text submitted to CC-BY-SA license. Source: Հայերը Ֆրանսիայում by Wikipedia (Historical)