Aller au contenu principal

Վասիլի Գորդով


Վասիլի Գորդով


Վասիլի Գորդով (ռուս.՝ Василий Николаевич Гордов, դեկտեմբերի 12, 1896(1896-12-12), Käcä, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1950(1950-08-24), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս զորապետ, Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ, Ստալինգրադյան ռազմաճակատի զորքերի հրամանատար։

Կենսագրություն

Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ծնվել է Ուֆիմսկի նահանգի Մատվեևկա գյուղում, ներկայումս Թաթարստանի հանրապետության, Մենզելինսկի շրջան։ Ռուսական բանակում հանդես է եկել է 1915 թվականից, ավարտել է հրամանատարական ուսումնական դասընթացները։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ավագ ունտեր-սպա, Կարմիր բանակում հանդես է եկել 1918 թվականից։ Քաղաքացիական պատերազմի տարիներին վաշտի հրամանատարից հասել է մինչև գնդի հրամանատար։ Մասնակցել է Ն. Ի. Մախնոյի զինված խմբավորումների ոչնչացմանը։ 1925 թվականին ավարտել է Բարձրագույն տակտիկական դպրոցի ավագ հրամանատարական կազմի դասընթացները և որպես հրահանգիչ գործուղվել Մոնղոլական ժողովրդական բանակ։ 1933 թվականից Մոսկովյան Կարմրադրոշ ռազմական հետևակային դպրոցի շտաբի պետն է, այնուհետև հրաձգային դիվիզիայի շտաբի պետը։ 1937 թվականից հրաձգային դիվիզիայի հրամանատարն է։

1939-1940 թվականներին Կալինինի ռազմական օկրուգի շտաբի պետն է, այնուհետև Պրիվոլժեի ռազմական օկրուգի։ Մասնակցել է Ձմեռային պատերազմին, մինչև 1939 թվականի դեկտեմբերի 6-ը եղել է 7-րդ բանակի շտաբի պետը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում գեներալ-մայոր Գորդովը 21-րդ բանակի հրամանատարն էր, մասնակցել է Գոմելյան պաշտպանական օպերացիային, իսկ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարը, մասնակցել է Կուրսկ-Օբոյանսկի հարձակողական օպերացիային : 1942 թվականի հուլիս-օգոստոսին Ստալինգրադի ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր և ապահովում էր Ստալինգրադի հեռավոր մատույցների պաշտպանությունը։ Մարշալ Տիմոշենկոյի փոխարեն գեներալ-լեյտենանտ Վ. Ն. Գորդովի նշանակմանը դեմ էր Ա. Ս. Չույանովը, սակայն Գ. Մ. Մալենկովը հրաժարվում է փոխել նոր նշանակված ռազմաճակատի հրամանատարին։ Այս պաշտոնում Վ. Ն. Գորդովը պաշտպանության կազմակերպման գործում թույլ է տալիս մի շարք սխալներ և հեռացվում պաշտոնից։ 1942 թվականի հոկտեմբերի 18-ից եղել է 33-րդ բանակի հրամանատար։ 1943 թվականի մարտին բանակը մասնակցել է Ռժև-Վյազմայի հարձակողական օպերացիային, այնուհետև Սմոլենսկի, Օրշանսկի և Վիտեբսկի հարձակողական օպերացիաներին։ 1944 թվականի ապրիլին գեներալ-գնդապետ Գորդովը նշանակվում է 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 3-րդ գվարդիական բանակի հրամանատար։ Վերխնեսիլեզսկի հարձակողական օպերացիայի ընթացքում Գորդովի բանակը գտնվելով հարձակման գլխավոր հարվածի սուր ծայրում խափանեց գերմանական զորքերի պաշտպանությունը և ջախջախեց թշնամուն Կելց քաղաքի շրջանում։ 1945 թվականի ապրիլ-մայիսին 3-րդ գվարդիական բանակը Վ. Ն. Գորդովի գլխավորությամբ մասնակցեց Բեռլինի և Պրահայի հարձակողական օպերացիաներին։ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով 1945 թվականի ապրիլի 6-ին զորքերի հմուտ կառավարման և այդ գործում ցուցաբերած արիության ու հերոսության համար Վասիլի Նիկոլաևիչ Գորդովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։

Պատերազմի ժամանակ Գորդովը տասնհինգ անգամ հիշատակվել է ստալինյան շնորհակալագրերում և հրամաններում։ Պատերազմից հետո Վ. Ն. Գորդովը Պրիվոլժեի ռազմական օկրուգի հրամանատարն էր։ 1946 թվականի նոյեմբերից պահեստազորում էր։

1947 թվականի հունվարի 12-ին Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ձերբակալվում է։ Աբակումովի հարցումով ձերբակալությունը սանկցավորված է եղել անձամբ Ստալինի կողմից։ Հետագայում դատապարտվում է խորհրդային կառավարության անդամների նկատմամբ տեռորիստական պլանների կազմակերպման մեղադրանքով և 1950 թվականի օգոստոսի 24-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ դատապարտվում պատժի առավելագույն չափին:Դատավճիռը նույն օրը ի կատար է ածվում Մոսկվայի Լեֆորտովյան բանտում։ Թաղված է Դոնի գերեզմանատան տարածքում:Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակին 3-րդ տեղամասում տեղադրված է հուշարձան, որի վրա փորագրված է Վ. Ն. Բորդովի անունը։ Արդարացվել է 1956 թվականի ապրիլի 11-ին։

Կոչումներ

  • Կոմբրիդ (1939)
  • Գեներալ-մայոր (1940)
  • Գեներալ-լեյտենանտ (1942)
  • Գեներալ-գնդապետ (1943)

Պարգևներ

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 6096 (6.04.1945)
  • Լենինի երկու շքանշան (21.02.1945, 6.04.1945)
  • Կարմիր Դրոշի երեք շքանշան (1921, 27.03.1942, 3.11.1944)
  • Սուվորովի 1-ին աստիճանի երեք շքանշան (9.04.1943, 25.08.1944, 29.05.1945)
  • Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (28.09.1943)
  • Կարմիր Աստղի շքանշան (22.02.1941)
  • «Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի XX տարի» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար » մեդալ
  • «1941-1945թթ –ին Հայրենական Մեծ Պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Օտարերկրյա պարգևներ

  • Ռազմական խաչ (Չեխոսլովակիա)

Գրականություն

  • Т. Бортаковский. Расстрелянные Герои Советского Союза. - М.: Вече, 2012. - ISBN 978-5-9533-6190-3
  • Коллектив авторов. Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь / Под общей ред. М. Г. Вожакина. - М.; Жуковский: Кучково поле, 2005. - С. 51-53. - ISBN 5-86090-113-5.
  • Герои Советского Союза. Краткий биографический словарь в двух томах - М.: Воениздат, 1987.

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վասիլի Գորդով by Wikipedia (Historical)