Aller au contenu principal

Մայքլ Քեյն


Մայքլ Քեյն


Սըր Մայքլ Քեյն (անգլ.՝ Michael Caine, ի ծնե անունը՝ Մորիս Ժոզեֆ Միքլուայթ (անգլ.՝ Maurice Joseph Micklewhite, մարտի 14, 1933(1933-03-14)[…], Rotherhithe, Սաութուրք), բրիտանացի դերասան, խաղացել է 150-ից ավելի ֆիլմերում։ Արժանացել է երկու «Օսկարի» և երեք «Ոսկե գլոբուսի»։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Մորիս Ժոզեֆ Միքլուայթը ծնվել է 1933 թվականի մարտի 14-ին Լոնդոնի արվարձանում, հավաքարարի ու բեռնակրի ընտանքում։ Դպրոցում վատ է սովորել, 16 տարեկանում թողել է ուսումն ու մի քանի մասնագիտություն փոխելուց հետո դարձել է պայմանագրային զինծառայող Կորեայում տեղակայված բրիտանական էքսպեդիցիոն կորպուսում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որպես ադմինիստրատորի օգնական աշխատել է Սուսսեքս կոմսության թատերախմբերից մեկում։

1955 թվականին՝ դերասանական երեկոյան դասընթացներն ավարտելուց հետո, սկսել է հանդես գալ գավառական թատրոնների բեմերում, 1957 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, որոնցում մինչև 1960-ական թվականների վերջը խաղացել է ավելի քան 100 դեր։

Դերասանական կարիերայի սկզբում օգտագործել է Մայքլ Սկոտ բեմական կեղծանունը, սակայն ավելի ուշ վերցրել է Մայքլ Քեյն կեղծանունը։ Իր գրքերից մեկում Քեյնը գրում է, որ այդ կեղծանունն ինքն ընտրել է բոլորովին պատահականորեն։ Գործակալի հետ հեռախոսով զրուցելիս հարցրել են կեղծանունը, ինքը շրջվել է ու տեսել «Խռովություն «Քեյնի» վրա» ֆիլմի ազդագիրը և առանց երկմտելու ասել այդ անունը։ Նկարահանման հրապարակից դուրս դերասանը շարունակել է օգտագործել իր իսկական անունը։

1960-ական թվականներ

30 տարեկան հասակում Մայքլ Քեյնն արժանացել է միջազգային ճանաչման՝ 1964 թվականին «Զուլու» ֆիլմում կատարելով լեյտենանտ Գոնվիլ Բրոմհիդի դերը։ Շոն Քոններիի երաշխավորությամբ նա նկարահանվել է «Իպկրեսի դոսյեն» ֆիլմի գլխավոր դերում՝ մարմնավորելով էքսցենտրիկ ու կնամոլ լրտես Հարի Պալմերին, ով ակնոց էր կրում։ Հետագայում Հարի Պալմերը դարձել է Օսթին Պաուերսի նախատիպը։ 1966 թվականին նկարահանված «Էլֆի» ֆիլմում Քեյնը կատարում է կապուտաչյա շիկահերի դեր, որի համար նա առաջին անգամ ներկայացվել է «Օսկարի»։ Առաջին ամերիկյան ֆիլմը, որում նկարահանվել է Քեյնը, եղել է «Գամբիտ» կինոնկարը, որում նա նկարահանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի Շիրլի ՄաքԼեյնի հետ միասին։

1970-ական թվականների սահմանագծին Մայքլ Քեյնը նկարահանվել է հաջողության արժանացած երկու ֆիլմերում՝ «Պանդորայի արկղը» և «Իտալական աշխատանք» (1969)։ 1971 թվականին նա Թեդ Լյուիսի վեպի հիման վրան նկարահանված «Վերացնել Քարթերին» ֆիլմում կատարել է դաժան գանգստերի դեր (Քեյնը ոչ մեծ դեր է կատարել այդ ֆիլմի ռեմեյքում, որ նկարահանվել է 2000 թվականին)։

1970-1980-ական թվականներ

1972 թվականին Մայքլ Քեյնը Լոուրենս Օլիվիեի հետ միասին խաղացել է «Խուզարկու» ֆիլմում, որ նկարահանվել է Էնթոնի Շաֆերի պիեսի հիման վրա։ Այդ դերի համար նա նորից առաջադրվել է «Օսկարի»։ 35 տարի անց՝ 2007 թվականին, Մայքլ Քեյնը Ջուդ Լոուի հետ նկարահանվել է «Խուզարկու» ֆիլմի ռեմեյքում՝ այս անգամ կատարելով ծեր գրող Էնդրյու Ուայկի դերը։

1970-ական թվականների երկրորդ կեսից Մայքլ Քեյնին քննադատել են դերերի ոչ հետևողական ընտրության համար։ Նրա մասնակցությամբ նկարահանված շատ ֆիլմեր անհաջողություն են ունեցել, սակայն եղել են նաև ստեղծագործական առանձին հաջողություններ. «Ռիտայի դաստիարակությունը» (1983) ֆիլմում կատարած հարբեցող պրոֆեսորի և «Անաուղղելի խարդախները» (1988) ֆիլմում կատարած արկածախնդրի դերերի համար Մայքլ Քեյնն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակների, իսկ Վուդի Ալլենի «Հաննան ու նրա քույրերը» ֆիլմում կատարած ֆինանսիսիտի դերի համար ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերակատարում անվանակարգում։ 1988 թվականին նկարահանված «Առանց ապացույցի» ֆիլմում Մայքլ Քեյնը մարմնավորել է խուզարկու Շերլոկ Հոլմսին (ավելի ստույգ՝ նա մարմնավորում է հարբեցող անտաղանդ դերասանի, ով կատարում է Հոլմսի դերը)։

1990-ական թվականներ

1992 թվականին Մայքլ Քեյնը «Մապետների սուրբծննդյան երգը» ֆիլմում կատարել է Էբենեզեր Սկրուջի դերը։ Քեյնի խոստովանությամբ՝ դա իր ամենասիրելի դերն է կինոյում։ 1990-ական թվականներին նա սկսեց արժանանալ ավելի շատ մրցանակների։ «Փոքր ձայն» (1998) ֆիլմում իր դերակատարման համար Քեյնն ստացավ երրորդ «Ոսկե գլոբուսը», իսկ «Գինեգործների կանոնները» (1999) ֆիլմում կատարած դերի կամար՝ երկրորդ «Օսկարը»

1992 թվականին Մայքլ Քեյնը հրատարակել է իր առաջին ինքնակենսագրությունը՝ «Ինչի՞ մասին է այս ամենը» (անգլ.՝ What's It All About?):

1995 թվականին Քեյնը նկարահանվել է «Ճեպընթաց մինչև Պեկին» կանադական մարտաֆիլմում, որի նկարահանումները նա անվանել է «մասնագիտական ամենավատ փորձը կարիերայի ընթացքում»։

2000-ական թվականներ

2000 թվականին Ելիզավետա II թագուհու կողմից ստացել է ասպետի տիտղոս։

«Խաղաղ ամերիկացին» (2002) դրամայում կատարած գլխավոր դերի համար կրկին առաջադրվել է «Օսկարի»։

Բեթմենին նվիրված ֆիլմերում՝ «Բեթմեն։ Սկիզբը» (2005), «Մռայլ ասպետը» (2008) և «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» (2012), Մայքլ Քեյնը մարմնավորել է ծառայապետ Ալֆրեդին։

2007 թվականին էկրան է բարձրացել «Խուզարկուն» ֆիլմը, որում Քեյնը մարմնավորել է դետեկտիվների հեղինակ Էնդրյու Ուայկին։ 2010 թվականին Քեյնը գրել է իր երկրորդ ինքնակենսագրությունը՝ «Փիղը Հոլիվուդում» (անգլ.՝ The Elephant to Hollywood):

2013 թվականի մարտին իր 80-ամյակը տոնելուց հետո Մայքլ Քեյնը հայտարարել է, որ դերասանական կարիերան կավարտի 90 տարեկանում։ Այդ տասնամյակի ընթացքում, ըստ դերասանի, ինքը կհասցնի ստանալ «Օսկարի» երրորդ արձանիկը։

Անձնական կյանք

Մայքլ Քեյնն ամուսնացած է եղել երկու անգամ.

  • Առաջին կինը՝ Պատրիսիա Հեյնս (անգլ.՝ Patricia Haines), դերասանուհի (1955-1962, նրանք ունեցել են մեկ դուստր՝ Դոմինիկը),
  • Շակիրա Բեկշ (անգլ.՝ Shakira Caine), մոդել (1973 թվականից, նրանք ունեն մեկ դուստր՝ Նատաշան)։

2016 թվականի հուլիսին պաշտոնապես փոխել է անունը՝ անձնագրում դրաձնելով «Մայքլ Քեյն», որպեսզի հեշտ լինի օդանավակայաններում մաքսակետերն անցնելը։

Մրցանակներ

Ընդհանուր թվով ստացել է 31 մրցանակ, ներկայացված է եղել ևս 43-ի, որոնց թվում 6 Օսկարի, ստացել է 2-ը երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, 11 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը, 9 անգամ ներկայացվել է BAFTA-ի, ստացել 2-ը, 3 անգամ ներկայացվել է Էմմիի։ Նաև 2 անգամ ներկայացվել է Ոսկե Ազնվամորի հակամրցանակին։

«Օսկարի» պատմության մեջ միայն դերասաններ Ջեք Նիկոլսոնին ու Մայքլ Քեյնին է հաջողվել 5 տասնամյակում անընդմեջ ներկայացվել Օսկարի (1960-2000-ական թթ.)։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

Պրոդյուսեր

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Մայքլ Քեյն by Wikipedia (Historical)