Aller au contenu principal

Ադրբեջանցիները Հայաստանում


Ադրբեջանցիները Հայաստանում


Ադրբեջանցիները Հայաստանում (ադրբ.՝ Ermənistan azərbaycanlıları), Հայաստանի տարածքում ձևավորված տարբեր պետական կազմավորումների ադրբեջանցի ազգաբնակչության ընդհանուր անվանումը։ Պետք է նկատի ունենալ,որ Ցարական Ռուսատանի կողմից անցկացված 1897-ի առաջին մարդահամարում Երևանի, Նախիջևանի նահանգներում,Կարսի և Սուրմալուի մարզեում ապրել են թուրքեր, թաթարներ, ղփչաղներ, լեզգիններ, քրդեր, պարսիկներ որոնք մարդահամորվ նշվել են որպես մուսուլմաններ։

Նախքան Արցախյան հակամարտությունը՝ Հայաստանի խորհրդայնացումից հերո երկրի տարածքում ապրող մուսուլմանները ճանաչվեցին որպես ադրբեջանցիներ։ Արցախյան պատերազմին հաջորդած հայ-ադրբեջանական լարված իրադրության հետևանքով ադրբեջանական համայնքը լքել է Հայաստանի տարածքը։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հայ բնակչությունը ենթարկվել է զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Միավորված Ազգերի Կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համոզմամբ 2004 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում բնակվում են 30 ադրբեջանցիներ։

Ադրբեջանցիները չունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ, սակայն նշվում են միջազգային մի շարք կառույցների վիճակագրական տվյալներում։ Ի հակասություն այս փաստի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ ներկայումս ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Արցախի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի ապրում։

Հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը աճել է Երևանի խանության գոյության տարիներին։ 1879 թվականին պարսկական լծից ազատված ռուսահպատակ Հայաստանում բնակվում էր 313 հազար մուսուլման (այդ անվան տակ հանդես էին գալիս նաև Իրանի Արևմտյան Ադրբեջան երկրամասի պարսիկ բնակչությունը և մյուս թյուրքերը) և շուրջ 50 հազար քուրդ և եզդի։ Չնայած 1918-1920 թվականների հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին՝ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվել է շուրջ 12 հազար մուսուլման։ Հայաստանի ադրբեջանական (երազ) բնակչությունը վերստին աճել է Հայաստանի խորհրդայնացումից հետո։ 1939 թվականին Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր ավելի քան 130 հազար ադրբեջանցի, 1959 թվականին՝ 107 հազար, 1970 թվականին՝ 148 հազար։

Պատմություն

Հայկական լեռնաշխարհի իսլամադավան բնակչության ակունքեր

Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով խուժեցին Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու տիրույթները։ Իսկ ուղիղ չորս տասնամյակ անց սելջուկյան կոչվող մեկ ուրիշ թյուրքական ցեղ սկսեց իր արշավանքները։ 11-14-րդ դարերում սելջուկները սկսեցին ամրապնդել իրենց դիրքերը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Հենց այս ժամանակից էլ սկսվեց Հայկական լեռնաշխարհի թյուրքաբնակեցման բազմադարյա երկարատև գործընթացը, որը հատկապես ակտիվացավ Լենկթեմուրի արշավանքներից հետո։

Հայաստանի թյուրքաբնակեցման գործընթացին նպաստել է 17-րդ դարի սկզբին իսլամադավան երկու գերտերությունների՝ Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև մղվող պատերազմը։ Ցանկանալով վերահաստատել 1555 թվականի Ամասիայի պայմանագրով նախատեսված թուրք-պարսկական սահմանագիծը՝ պարսից շահ Աբբաս I-ը, 1603 թվականին կազմակերպեց հայ բնակչության մեծ բռնագաղթը։ 17-րդ դարի սկզբներին Նախիջևանի երկրամասը էթնիկ տեսանկյունից Հայաստանի միատարր կազմ ունեցող շրջաններից էր, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունն հայերն էին։ Վերոհիշյալի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում 17-րդ դարի վերջի ֆրանսիացի ճանապարհորդ և հայագետ, հիսուսյան միսիոներ Յակոբ Վիլլոտը, համաձայն որի Նախիջևանը ըստ տեղաբնիկների հաղորդման, նախկինում ուներ 40 հազար ծուխ բնակչություն։ Պարսից շահի կազմակերպած բռնագաղթի արդյունքում՝ Շիրակից մինչև Գողթն ընկած ամբողջ տարածքը հայաթափվեց։ Շահ Աբբասի բռնագաղթի հետևանքով Հայաստանի շրջանների բնակչությունը նոսրացավ, փոխարենը՝ մեծացավ օտար ազգությունների բնակեցման հնարավորությունները, իսկ երկիրը երկար ժամանակ զրկվեց պաշտպանունակությունից։ Քրիստոնյա բնակիչներից Հայաստանի ամայացումը հնարավորություն ընձեռեց մի շարք իսլամադավան ազգությունների բնակություն հաստատել Հայաստանի տարածքում։ Դրանց թվում էին քրդերը, պարսիկները, իրանական ադրբեջանցիները, թաթարները և այլք։ 1604-1605 թվականներին 250-300 հայեր վերաբնակեցրեցին Հայաստանի տարածքը։ Ըստ ամերիկահայ պատմաբան Ջորջ Բուռնությանի՝ անգամ բռնագաղթից հետո 18-րդ դարում հայերը կազմում էին Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը։ 16-17-րդ դարերում ոչ միայն տարերայնորեն, այլ նաև միտումնավոր Հարավային Կովկասում բնակություն են հաստատել թուրքմենական և քրդական ցեղերը, որոնց այդ քայլը խրախուսվում էր տեղական իշխանությունների կողմից։

19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ

19-րդ դարի սկզբին ադրբեջանցիները և թաթարները կազմել են Հայաստանի բնակչության մի զգալի մասը։ Դա գլխավորապես պայմանավորված է 1849 թվականին կայսերական հատուկ հրամանագրով Երևանի նահանգի կազմավորմամբ։ Երևանի նահանգն իր սահմանների մեջ ընդգրկում էր նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Երևանի նահանգի քաղաքների հիմնական բնակչությունը քրիստոնյաներ էին, ովքեր զբաղվում էին արհեստներով ու առևտրով, մինչդեռ իսլամադավան թուրքերն ու քրդերը ապրում էին լեռնային շրջաններում և զբաղվում կիսաքոչվոր անասնապահությամբ։ Հայերը կազմում էին բնակչության 53 %-ը՝ 441 000 բնակիչ, կովկասյան թաթարները՝ 38 %-ը՝ 313 000 բնակիչ, քրդերը և եզդիները՝ 6 %-ը՝ 50 000 բնակիչ, ռուսները՝ 2 %-ը՝ 20 000 բնակիչ։

16-րդ դարի սկզբին Իրանում հիմնված ղզլբաշների պետության օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը։ Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով Սեֆյանները հիմնում են չորս խոշոր կուսակալություններ՝ Հյուսիսային Իրանի ու Հարավային Կովկասի տարածքում։ Երևանի կուսակալությունը հիմնվել էր դեռ 14-րդ դարի վերջին՝ թուրքմենական Կարակոյունլուների տերության օրոք։ Իրանական չորս խոշոր կուսակալություններից մեկը Երևանի խանությունն էր, որի գոյության ժամանակահատվածում՝ 1747-1828 թվականներին, Հայաստանի միատարր բնակչության մեջ զգալի մաս սկսեցին կազմել մուսուլմանները։ Ըստ Ջորջ Բուռնությանի՝ 19-րդ դարի առաջին քառորդում մուսուլմանները (այդ թվում՝ պարսիկները, թուրքմենները, ադրբեջանական թաթարները և քրդերը) կազմել են Երևանի խանության բնակչության 80 %-ը, իսկ հայերը՝ միայն 20 %-ը։ Այնուամենայնիվ վիճակագրական այս տվյալները գիտականորեն ապացուցված չեն։ Ի տարբերություն Երևանի նահանգի՝ հայերը շարունակեցին մնալ Գանձակի խանության բնակչության ճնշող մեծամասնությունը։ Այս մասին վկայում են մի շարք հայ և օտարազգի պատմիչներ։ Կիլիկյան Հայաստանի պատմիչ Հեթումը գրել է․

Պարսկական իշխանության հայտնվելու հետ մեկտեղ Երևանում ստվարանում են թուրքմենական սակավամարդ թաղամասերը։ 1725 թվականին, երբ օսմանցյան թուրքերը գրավել էին Երևանը, Ռեջեբ փաշան կառուցում է Երևանի բերդի առաջին մզկիթը։ Խախտելով Գյուլիստանի պայմանագիրը՝ 1826 թվականին Ռուսական կայսրությունը պատերազմ սկսեց ընդդեմ Սեֆյան Իրանի և 1828 թվականին ռուսական բանակը գրավեց Երևանի բերդը և պարտության մատնեց պարսից շահին։

Պարսկական լծից անկախանալուց հետո շատ մուսուլմաններ (իրանական ադրբեջանցիներ, թաթարներ, քրդեր և այլն) մասսայական կերպով լքեցին Հայաստանը։ Իսլամի հետևորդների փոքր մասշտաբի միգրացիան շարունակվեց 19-րդ դարի վերջին ևս։ Արդեն 1832 թվականին հայերը վերականգնեցին հայրենի երկրի բնակչության մեծամասնության տիտղոսը։ Ըստ իտալացի ճանապարհորդ Լուիջի Վիլարիի՝ 1832 թվականին Երևանում ապրել է 5338 կովկասյան թաթար։ Ինչպես տեղեկացնում է բրիտանական Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանը՝ 20-րդ դարի սկզբին ադրբեջանցիները (աղբյուրում հիշատակված է «ադրբեջանական թաթարներ» անվանումով) բնակվել են ամբողջ Ռուսական Հայաստանով մեկ։ Նրանց թիվը կազմել է 300 հազար մարդ՝ ամբողջ բնակչության 37.5 %-ը։ Կովկասյան թաթարների մեծամասնությունը բնակվել է գյուղական բնակավայրերում և զբաղվել է անասնապահությամբ և գորգագործությամբ։

1905 թվականին Լուիջի Վիլարին այցելել է տարածաշրջան։ Ըստ նրա՝ Երևանի ադրբեջանցիները նյութապես ավելի ապահով էին քան հայերը։ Նրանց հիմնական մասը հողատերեր էին, իսկ հայերը՝ աշխատավոր գյուղացիներ։ Իր այցից հետո Երևանի թաթարական շուկան իտալացի ճանապարհորդը նկարագրել է հետևայլ կերպ․

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին

20-րդ դարում Հայաստանում դարեր շարունակ ապրող թաթարները սկսեցին ենթարկվել խտրականության, որն էլ իր հերթին հանգեցրեց Հայաստանի էթնիկական քարտեզի լուրջ փոփոխություններին։ Չնայած սրան՝ ադրբեջանցիները շարունակում էին մնալ Հայաստանի տարածքում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնությունները (նրանք պահեցին այս կարգավիճակը մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը)։ Հեղափոխական Ռուսաստանի ցարական կառավարությունը ազատագրական շարժումներից զերծ մնալու համար 1905-1906 թվականներին սկսեց հրահրել ազգամիջյան բախումներ։ Դրանց վառ օրինակներից էր հայ-թաթարական խռովությունները, որը տեղի էր ունենում Ռուսական առաջին հեղափոխության ֆոնին։ 1905 թվականի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ հայատյաց նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա։ Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թվականի մայիսի 23-ից 25-ը։ Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել։  Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում և Վարանդայում ևս։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո տարածաշրջանում սկսեց կառավարել անարիխիան և էթնիկ հակամարտությունները վերածվեցին բաց պատերազմի։

Հայ-ադրբեջանական ազգամիջյան հակասություններն առավել սրվեցին Հայաստանի և Ադրբեջանի անկախ պետական կազմավորումների ստեղծումից հետո։ 1918 թվականին նորաստեղծ երկու հարևան պետությունների միջև սկսվեցին պատերազմական գործողություններ։ Ռազմական գործողությունների ֆոնին շատ ադրբեջանցիներ լքեցին Հայաստանը և հաստատվեցին իրենց հայրենի երկրում։ 1919 թվականի խորհրդարանական ընտրություններում ադրբեջանական համայնքը ներկայացնող «թաթարական կուսակցություն»-ը հավաքեց ամբողջ ձայների 3,5 %-ը և զբաղեցրեց խորհրդարանի 80 աթոռներից 3-ը։ Բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի խոսքերով՝ Գարեգին Նժդեհը 1921 թվականին ազատագրում է Զանգեզուրը, որից հետո տեղի ադրբեջանցիները ենթարկվում են տեղահանման։

Հայկական ԽՍՀ-ի գոյության տարիներին

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո վերստին աճեց ադրբեջանցիների ներհոսքը՝ սակայն համեմատաբար ավելի քիչ քանակությամբ։ 1926 թվականի տվյալներով Հայկական ԽՍՀ-ում բնակվում էր 78 հազար ադրբեջանցի։ 1939 թվականին նրանց թիվը հասավ 131 հազարի։ 1921-1926 թվականներին ՀԿԿ կենտկոմը հրատարակեց առաջին ադրբեջանալեզու պարբերականները, որոնք կրում էին «Ռանջբար» և «Զենգի» անվանումները։ Խորհրդային տարիներին Երևանում ստեղծվեց ադրբեջանական աշխատավորական ակումբ, իսկ հետո նաև ադրբեջանցի կանանց ակումբ։ 1928 թվականին հիմնադրվեց Երևանի ադրբեջանական պետական շրջիկ թատրոնը, որը Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գործող միակ ազգային թատրոնն էր։ Այն նաև առաջին ոչ հայկական ազգային թատրոնն էր Հայկական ԽՍՀ-ի տարածքում։ 1992 թվականին Հայաստանում գործում էր 32 ադրբեջանալեզու դպրոց․ 1924 թվականին դրանց թիվը հասնում էր 104-ի։

1947 թվականին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանն ընդունեց ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի ադրբեջանական գյուղերի վերաբնակեցման և ադրբեջանցիների տեղահանման վերաբերյալ։ Ըստ այդ հրամանագրի՝ ադրբեջանցիների տեղահանությունները պետք է կատարվեին «կամավոր» կերպով։ Այս դեպքերից հետո 1959 թվականին հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը նվազեց մինչև 107 հազար մարդու։ 1979 թվականին ադրբեջանցիներին բաժին էր ընկնում Երևանի բնակչության 0,7 %, իսկ 1989 թվականին՝ 0,1 %-ը։ Դա պայմանավորված էր նրանով, որ տեղահանություններից բացի մեծ թվով ադրբեջանցիներ լքեցին մայրաքաղաքը, սակայն Ադրբեջան վերադառնալու փոխարեն ապաստակ գտան Խորհրդային Հայաստանի ծայրամասային շրջաններում։

Արցախյան հակամարտություն

Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խնդրահարույց տարածք դարձավ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ավելին՝ 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը վերաճեց բաց պատերազմի, որի ֆոնի վրա հակամարտող երկու երկրներում սկսեցվին էթնիկ զտումներ։ Չարդախլուի (հայկական անվանումը՝ Խաչիսար) արյունահեղություններից հետո Հայաստանի ադրբեջանցիների (որոնց Ադրբեջանի ադրբեջանցիներն անվանում են երազ) վիճակը ծայրահեղ ծանրացավ։ 1987 թվականին հայ զինյալները հարձակում գործեցին ադրբեջանցիներով բնակեցված Ղափանի շրջանի վրա։ 1988 թվականի հունվարի 25-ին Հայկական ԽՍՀ-ից Ադրբեջանական հանրապետություն ժամանեց փախստականների առաջին ալիքը։ Ղափանաբնակ շատ փախստականների վրա նկատվել են կապտուկներ։ Ադրբեջանցի փախստականների մեծ զանգված ապաստանեց Բաքվի ազգականների մոտ։ Այս դեպքերին զուգընթաց տեղի ունեցան նաև Բաքվի և Սումգայիթի ջարդերը, որի հետևանքով Ադրբեջանի հայկական համայնքը գրեթե ամբողջովին վերացավ։ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային արտաքսումները սկսվեցին 1988 թվականի նոյեմբերին։ Մի շարք ադրբեջանցիներ հրաժարվեցին թողնել իրենց տները և հայերը ստիպված եղան վերջիններիս տեղահանել բռնի կերպով։ 1988 թվականի նոյեմբերին Գուգարքում սպանվեցին 20 ադրբեջանցիներ։ 1988 թվականին հարյուրավոր ադրբեջանցիներ Հայաստանում ենթարկվել են հալածանքների և ծեծ ու ջարդի։ Ըստ որոշ տվյալների՝ Արցախյան շարժման և պատերազմի տարիներին Հայաստանում սպանվել է ընդհանուր հաշվով 217 ադրբեջանցի։ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Հայկական ԽՍՀ-ի տարածքում բնակվել են շուրջ 84 860 ադրբեջանցիներ։ 1989 թվականի հուլիսի 29-ին խզվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերը։ Դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը» Հայաստանին միացնելու մասին։ Պատերազմական գործողությունների տարիներին Արցախի ադրբեջանցիները ևս զտվում են։ 1992 թվականի հունվարին հայկական ուժերը բոլոր կողմերից շրջափակում են Խոջալուն։ Խոջալուի ազատագրումից հետո այստեղ տեղի են ունենում արյունահեղություններ, որի զոհ են գնում տասնյակ ադրբեջանցիներ։ Մինչև 1991 թվականը Հայաստանի և Արցախի գրեթե ամբողջ ադրբեջանական համայնքը դատարկվում է։ Հակամարտության պահին նրանց ճշգրիտ թիվը հայտնի չի եղել, քանի որ 1989 թվականի մարդահամարի անցկացման ժամանակ ադրբեջանցիների արտագաղթն արդեն ընդունել էր ծավալուն մասշտաբներ։

Ներկայիս կարգավիճակ

Էթնիկական զտումներից հետո հայկական իշխանությունները ձեռնամուխ եղան ադրբեջանական մշակութային և կրթական հաստատությունների փակմանը։ 1989 թվականին քանդվում է Երևանի ադրբեջանական շրջիկ թատրոնի շենքը, իսկ 1990 թվականին բուլդոզերները հիմնահատակ ոչնչացնում են նախկինում ադրբեջանցիների համար աղոթատեղի հանդիսացող երևանյան բոլոր մզկիթները, բացառությամբ մեկի։ Միակ շիա իսլամական կառույցը, որը կանգուն մնաց դա կապույտ մզկիթն էր։ Այն սկսեց ծառայել Հայաստանի պարսկական համայնքի հոգևոր կարիքները հոգալու համար։

Մուսուլմանաբնակ գյուղերի էթնիկ զտումներից հետո տեղի ունեցավ լեզվական մանիպուլյացիա։ Նախկինում ադրբեջանաբնակ բնակավայրերի օտարածին անունները փոխարինվեցին հայկական տեղանուններով։ Հարկ է նշել, որ այս գործընթացը սկսվել էր դեռևս 1930 թվականին։ Արցախյան պատերազմի ավարտից հետո հայկական և նորաստեղծ արցախյան իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ղեկավարած երկրները զտված են ադրբեջանական բնակչությունից։ Այնուամենայնիվ որոշ անձինք պնդում են, որ Հայաստանի տարածքում բնակվում են որոշակի քանակությամբ ադրբեջանցիներ։ Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների թիվը կազմում է շուրջ 500 մարդ։ Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Նշանավոր ազգագրագետ, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կառավարությանն առընթեր վարչության պետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ ադրբեջանցիներն ապրում են Երևանում, Արմավիրի մարզում և Վարդենիսում։ 

Հրանուշ Խառատյանի խոսքով, ադրբեջանցիներն Հայաստանում մեծ թիվ են կազմում, ինչի մասին վկայում է նաև վերջին անգամ անցկացված մարդահամարը։ Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հաղորդելը միջազգայնորեն արգելված է, քանի որ վերջիններս համարվում են ռիսկային էթնիկ խումբ։ Մեկ այլ աղբյուրի պնդմամբ ադրբեջանցիները բնակվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում։

Վիճակագրական տվյալներ

Հայտնի անձինք

Տես նաև

  • Հայերն Ադրբեջանում
  • Հայ-ադրբեջանական հարաբերություններ
  • Արևմտյան Ադրբեջան (քաղաքական հասկացություն)
  • Հայրենիք կուսակցություն (Ադրբեջան)

Նշումներ

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Ադրբեջանցիները Հայաստանում by Wikipedia (Historical)



ghbass