Aller au contenu principal

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)


Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախագահ (2020-2023), խոշոր գործարար, Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Արայիկ Հարությունյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։

Կենսագրություն

Կրթություն

  • 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
  • 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
  • 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։

Գործունեություն

  • 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
  • 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
  • 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
  • 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
  • 2005-2007 թվականներին Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր։
  • 2007-2009 թվականներին - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
  • Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
  • Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
  • Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետ։
  • 2017 թվականին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման։
  • Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով Արխիվացված 2017-09-30 Wayback Machine նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
  • 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու։
  • 2020 թվականին կայացած նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու։
  • Արցախի Հանրապետության նախագահ 2020 թվականի մայիսի 21-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը։
  • 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և բերվել Բաքու։

Կոչումներ և պարգևներ

Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի։

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) by Wikipedia (Historical)