Aller au contenu principal

Դավիթ Հարքացի


Դավիթ Հարքացի


Դավիթ Հարքացի (մոտ 610-685), հայ փիլիսոփա և աստվածաբան։

Կյանք ու գործունեություն

Դավիթ Հարքացին ծնվել է VII դարի սկզբին Հարք նահանգի Գերետ գյուղում։ Կյանքի վաղ տարիներից ոչինչ հայտնի չէ։ Կրթությունը ստացել է Կոստանդնուպոլիս քաղաքում, որտեղ սովորել է փիլիսոփայություն և աստվածաբանություն, ապա վերադարձել է Հայաստան։ Նա գործունեություն է ծավալել 660-680 թվականների ընթացքում և հիմնականում ուղղությունը եղել է Հայ առաքելական եկեղեցու քարոզած քրիստոնեական գաղափարախոսության ամրապնդումը։ Հայտնի է, որ հաճախ մասնակցել է աստվածաբանական վիճաբանությունների, որտեղ համամիտ է եղել Հուլիանոս Հալիկառնասցու հայացքներին և քննադատել է Սևերոս Անտիոքացուն։ Նա ղեկավարում էր հայ գրականության հունափիլիսոփայական դպրոցը, որտեղ հիմնական արդյունքը իր ընկերների և հետևորդների թարգմանած ու մեկնաբանած Փիլոն Ալեքսանդրացու ստեղծագործություններն էին։ Վերջինիս ազդեցությունը զգացվում էր Հարքացու ստեղծագործական աշխատանքներում։ Նա Աստծո գոյության տիեզերաբանական ապացույցի կողմնակիցն էր։ Նա գրել է մի քանի փիլիսոփայական և աստվածաբանական աշխատություններ, սակայն, դրանցից պահպանվել են միայն հատվածներ։ Բացի հայերենից, ըստ երևույթին, ստեղծագործել է նաև հունարեն։ Նրա ամենակարևոր աշխատությունը համարվում է կրոնափիլիսոփայական «Հարցուածք» աշխատությունը։

Դավիթ Հարքացու տեղեկությունները Դանիելյան նշանագրերի մասին շատ արժեքավոր են։

Նրան հաճախ շփոթում են նույն անունով VI և VII դարերի այլ հեղինակների՝ Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի, Դավիթ Բագրևանդցու և Դավիթ Տարոնացու հետ։

Գրականություն

  • «Հարցուածք» // «Արարատ» ամսագիր — 1902. — № 9—10 — էջ 937—973
  • «Բան հավատոյ ընդդեմ հերձուածողաց» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 261—268
  • «Կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցուն տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 269—270
  • «Աշոտ Պատրիարքին տրված պատասխանը» // «Արարատ» ամսագիր — 1906. — № 3 — էջ 270—272
  • «Առ երկաբնական ընդդիմադրութիւն» // «Արարատ» ամսագիր — 1916. — էջ 909—911

Դավիթ Հարքացուն վերագրում են նաև փիլիսոփայական՝ «Նկատումն Արիստոտէլի» աշխատանքը։

Կենսագրական ակնարկներ

  • Տեր-Մկրտչյան Գ., Դավիթ Հարքացի, Վաղարշապատ, 1903։
  • Ակինյան Ն., Դաւիթ Հարքացի, Վիեննա. 1959:

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Դավիթ Հարքացի by Wikipedia (Historical)


INVESTIGATION