Aller au contenu principal

Վասիլի Իգնատենկո


Վասիլի Իգնատենկո


Վասիլի Իվանովիչ Իգնատենկո (ռուս.՝ Василий Иванович Игнатенко, բելառուս․՝ Васіль Іванавіч Ігнаценка ուկրաիներեն՝ Василь Іванович Ігнатенко, մարտի 13, 1961(1961-03-13), Սպերիժյե, Չեմերիս, Բրահինի շրջան, Գոմելի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 13, 1986(1986-05-13), Մոսկվա, ԽՍՀՄ), հրշեջ-լիկվիդատոր, Պրիպյատ քաղաքի պաշտպանության 6-րդ հրդեհային բաժանմունքի (СВПЧ-6) հրամանատար, ավագ սերժանտ, հետմահու Ուկրաինայի հերոս (2006):

1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Ճառագայթման մահացու չափաբաժին ստանալու պատճառով, երկու շաբաթ անց՝ մայիսի 13-ին, մահացել է սուր ճառագայթային հիվանդությունից։

Կենսագրություն

Ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին, Բելառուսական ԽՍՀ Գոմելի մարզի Բրահինի շրջանի Սպերժիե գյուղական համայնքում։ Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։

Ավարտել է Գոմելի ռադիոտեխնիկայի մասնագիտական դպրոցը, գործուղվել Բոբռույսկ քաղաք։ Ծառայել է Մոսկվայի հրշեջ տեղամասում։ Ծառայությունից հետո փորձել է աշխատանքի տեղավորվել է Չեռնիգովում, սակայն չի կարողացել, ինչից հետո տեղափոխվել է ՈւԽՍՀ Պրիպյատ քաղաք և աշխատանքի անցել հրշեջ ծառայությունում։

1986 թվականի ապրիլի 25-ի, լույս 26-ի գիշերը, հրշեջ բրիգադի հետ միասին անմիջականորեն մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի հրդեհի մարման աշխատանքներին։ Սուր ճառագայթային չափաբաժին ստանալուց հետո, ապրիլի 27-ին, մյուս հրշեջների հետ տարհանվել է Մոսկվայի թիվ 6 հիվանդանոց՝ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության։ Վիրահատությունն ապարդյուն է անցել, և մայիսի 13-ին, ընդամենը 25 տարեկան հասակում, Իգնատենկոն վախճանվել է ճառագայթային հիվանդությունից։

Թաղված է Մոսկվայի Միտինոյի գերեզմանատանը։

Իգնատենկոյի պատմությունն առկա է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչի «Ձայներ Չեռնոբիլից» ստեղծագործության մեջ։ Ալեքսիևիչը հիմնվել է Իգնատենկոյի այրու՝ Լյուդմիլա Իգնատենկոյի վկայությունների վրա։

Իգնատենկոյի կերպարն առկա է «HBO» ընկերության 2019 թվականին նկարահանած «Չեռնոբիլ» 5-մասանի հեռուստաֆիլմում, որտեղ նրան մարմնավորում է բրիտանացի դերասան Ադամ Նագայտիսը։

Տես նաև

  • Չեռնոբիլի ատոմակայանի վթար

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Վասիլի Իգնատենկո by Wikipedia (Historical)