Aller au contenu principal

Բորիս Բալայան (բժիշկ)


Բորիս Բալայան (բժիշկ)


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Բալայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Բորիս Հայկի Բալայան (դեկտեմբերի 10, 1938(1938-12-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2019(2019-02-18)), հայ բժիշկ, ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր։ Բուխարայի գլխավոր ախտաբան-անատոմ (1964-1973)։

Զորի Հայկի Բալայանի եղբայրը։

Կենսագրություն

Բորիս Բալայանը ծնվել 1938 թվականին Ստեփանակերտում (ԼՂՀ), ԼՂ կրթության հանձնակատար Հայկ Բալայանի ընտանիքում։ 1958 թվականին ընդունվել և 1964 թվականին ավարտել է Անդիջանի (Ուզբեկստան) բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1964-1973 թվականներին ղեկավարել է Բուխարայի ուռուցքաբանական դիսպանսերի պաթոհիստոլոգիայի լաբորատորիան։ Սանկտ Պետերբուրգում ասպիրանտուրան ավարտելուց հետո 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1979-1982 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1980 թվականին Բորիս Բալայանը տեղափոխվել է Հայաստան, որտեղ 1982-2010 թվականներին ղեկավարել է Շտապ օգնության քաղաքային հիվանդանոցին կից պաթանատոմիական կենտրոնը, հանդիսացել Երևանի գլխավոր պաթանատոմը, միաժամանակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի դոցենտ։ 1988 թվականին Բորիս Բալայանին շնորհվել է բժիշկ-պաթանատոմի բարձրագույն որակավորում։ 1992-1993 թվականներին գործուղվել է Արցախ, որտեղ կազմակերպել է պաթանատոմիական ծառայությունը։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, ստացել պրոֆեսորի կոչում։ 2005 թվականից եղել է Ազգային առողջապահության ինստիտուտի ախտաբանաանատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար։ 2006-2009 թվականներին Բալայանը նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի պաթանատոմիայի ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

Աշխատանքները վերաբերում են սրտի սուր անբավարարությունից հանկարծամահության ժամանակ սրտամկանի այտուցի մահաբանական նշանակությանը։ Ավելի քան 200 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Բորիս Բալայանը մահացել է 2019 թվականի փետրվարի 18-ին։

Երկեր

  • Սրտամկանի այտուցի տանատոլոգիական նշանակությունը սուր սրտային անբավարարության ժամանակ (հանկարծամահություն)։
  • Танатологическое значение отека миокарда при острой сердечной недостаточности (внезапной смерти), Ереванский государственный медицинский университет им. М. Гераци, (2005).

Ծանոթագրություններ


Text submitted to CC-BY-SA license. Source: Բորիս Բալայան (բժիշկ) by Wikipedia (Historical)