Aller au contenu principal

Կուզնեցովի ընկերակցության վարչություն


Կուզնեցովի ընկերակցության վարչություն


Կուզնեցովի ընկերակցության վարչություն (ռուս.՝ Правление Товарищества Кузнецова), պատմական շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Մյասնիցկայա փողոց, 8, շինություն 2։ Կառուցվել է որպես հախճապակյա և ճենապակյա իրեր արտադրող Ռուսական կայսրությունում խոշորագույն ընկերության գրասենյակ և խանութ։

Պատմություն

Սկզբնապես Մատվեյ Սիդորովիչ Կուզնեցովի ընկերակցության (հիմնվել է XIX դարի սկզբին) սեփականությունն էր Դուլյովո (այժմ՝ Լիկինո-Դուլյովո քաղաք) գյուղի ճենապակու գործարանը։ 1891 թվականին ընկերությունը գնել է Ֆրանց Գարդների գործարանները, և նրա շրջանառությունը անընդհատ աճել է։

Կուզնեցովի խանութի շենքը կառուցվել է 1898 թվականին ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելի նախագծով։ Դեպի Մյասնիցկայա փողոց նայող ճակատը զարդարված էր եռահարկ պատուհան-կամարներով, որոնց վերևում նեոբարոկկո ոճի վահանազարդեր էին։ Դրանք անջատվում էին առևտրի աստծո Մերկուրիոսի դիմակներով զարդարված որմնասյուներով։ Բոլշոյ Զլատոուստինսկի նրբանցքի թևի դեկորը մոդեռն ոճով էր (1930-ական թվականներին կառուցվեց ևս երկու հարկ) և զարդարված էր աղջիկների գլուխների տեսքով դիմակներով։

1907 թվականին Կուզնեցովի խանութի երկրորդ հարկում կայացել է նկարների «Երկնագույն վարդ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Ոսկե գեղմ» ամսագրի խմբագրությունը։ Միջոցառմանը ներկա էին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Նիկոլայ Կրիմովը, Պավել Կուզնեցովը, Նիկոլայ Սապունովը, Մարտիրոս Սարյանը, Սերգեյ Սուդեյկինը և այլք։

Հոկտեմբերյան հեղափոխության ընթացքում ընկերակցության բոլոր ձեռնարկություններն ու շենքերը ազգայնացվել են։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. 1992.

Text submitted to CC-BY-SA license. Source: Կուզնեցովի ընկերակցության վարչություն by Wikipedia (Historical)



INVESTIGATION