Aller au contenu principal

Վասիլի Սուրիկով


Վասիլի Սուրիկով


Վասիլի Իվանի Սուրիկով (ռուս.՝ Василий Иванович Суриков, հունվարի 12 (24), 1848 կամ հունվարի 24, 1848(1848-01-24), Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6 (19), 1916, Մոսկվա, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, մասշտաբային պատմական գեղանկարչության վարպետ։

Սուրիկովի տոհմից են սերում Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին։

Կենսագրություն

Ընտանիք

Ծնվել է 1848 թվականի հունվարի 12-ին (24) Կրասնոյարսկում։ Մկրտվել է հունվարի 13-ին Ամենայն Սրբոց եկեղեցում։ Պատկանել է կազակական դասին։

Պապը՝ Վասիլի Իվանովիչ Սուրիկովը (1786-1836), որպես հարյուրապետ ծառայել է Տուրուխանսկում, պապի զարմիկ Ալեքսանդր Ստեպանովիչ Սուրիկովը (1794-1854), եղել է Ենիսեյի կազակական գնդի ատաման։ Նրա պատվին, ըստ Մաքսիմիլիան Վոլոշինի գրառումների, անվանվել է Ենիսեյի Ատամանյան կղզին։ Մորական պապը եղել է Ֆեդոր Եգորովիչ Տորգոշինը։

Հայրը՝ կոլեգիական մատենավար Իվան Վասիլևիչ Սուրիկովն էր (1806-1859), մայրը՝ Պարասկևա (Պրասկովյա) Ֆեդորովնա (ծննդյամբ՝ Տորգոշինա, 1818-1895), ծնվել է Կրասնոյարսկում։ 1854 թվականին հորը տեղափոխել են Սուխոյ Բուզիմ գյուղի ակցիզային վարչություն (ներկայումս՝ Կրասնոյարսկի երկրամասի Սուխոբուզիմսկոե գյուղ, Սուխոբուզիմսկի շրջան)։

Սուրիկովի դուստրը՝ Օլգան, ամուսնացած էր նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ։ Նրա թոռնուհի Նատալյա Կոնչալովսկայան գրող էր, նրա ստեղծագործություններից է պապիկի կենսագրությունը՝ «Անգնահատելի նվերը»։ Նրա երեխաները Վասիլի Սուրիկովի ծոռներն են՝ Նիկիտա Միխալկովը և Անդրեյ Կոնչալովսկին, ծոռնուհին՝ Օլգա Սեմյոնովա։

Կրասնոյարսկում

Ութ տարեկանում Սուրիկովը տեղափոխվել է Սուխոյ Բուզիմ և ավարտել Ամենայն Սրբոց եկեղեցուն կից ծխական դպրոցի երկու դասարանը։ 1858 թվականից սկսել է սովորել գավառական ուսումնարանում։ Ծնողները մնացել են ապրելու Սուխոյ Բուզիմում։ 1859 թվականին Վասիլի Իվանովիչի հայրը մահաացել է տուբերկուլոզից Սուխոյ Բուզիմում։ Մայրն ու երեխաները վերադարձել են Կրասնոյարսկ։ Գումարը չի բավականացրել և ընտանիքը վարձով է տվել իրենց տան երկրորդ հարկը։

Սուրիկովը սկսել է նկարել վաղ մանկությունից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել Կրասնոյարսկի գավառական ուսումնարանի նկարչության ուսուցիչ Նիկոլայ Վասիլևիչ Գրեբնյովը ։ Սուրիկովի ամենավաղ թվագրված աշխատանքը համարվում է 1862 թվականի «Լաստանավեր Ենիսեյի վրա» ջրաներկ կտավը (պահվում է Կրասնոյարսկի Վ. Ի. Սուրիկովի թանգարան-կալվածքում)։

Գավառական ուսումնարանում ուսումն ավարտելուց հետո Սուրիկովն աշխատանքի է ընդունվել նահանգային վարչությունում որպես գրագիր, ընտանիքի գումարը չի բավականացրել նրա ուսումը գիմնազիայում շարունակելու համար։ Նահանգային վարչությունում աշխատելու ընթացքում Սուրիկովի նկարները տեսել է Ենիսեյի նահանգապետ Պավել Զամյատնինը։ Նահանգապետը գտել է բարերար՝ Կրասնոյարսկում ոսկի արդյունահանող Պյոտր Կուզնեցովին, ով վճարել է Գեղարվեստի ակադեմիայում Սուրիկովի ուսման համար։

Սանկտ Պետերբուրգում

1868 թվականի դեկտեմբերի 11-ին Սուրիկովը Պյոտր Կուզնեցովի գումակի հետ Կրասնոյարսկից մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Նա չի կարողացել ընդունվել Գեղարվեստի ակադեմիա և 1869 թվականի մայիս-հուլիսին սովորել է Նկարիչների խրախուսման ընկերության Պետերբուրգի նկարչական դպրոցում։ 1869 թվականի աշնանը նա հանձնել է քննությունները և դարձել Գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր, իսկ մեկ տարի անց՝ ակադեմիայի ուսանող։

1869-1875 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում Պավել Չիստյակովի մոտ։ Ուսման ընթացքում իր աշխատանքի համար ստացել է չորս արծաթե մեդալ և մի քանի դրամական մրցանակ։ Նա մեծ ուշադրություն է դարձրել կոմպոզիցիայի վրա, որի համար ստացել է «Կոմպոզիտոր» մականունը։

Սուրիկովի առաջին ինքնուրույն աշխատանքը՝ «Պյոտր I-ի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Սենատի հրապարակում» (1870), ձեռք է բերել Պյոտր Կուզնեցովը (նկարի առաջին տարբերակը պահվում է Կրասնոյարսկի Վասիլի Սուրիկովի անվան արվեստի պետական ​​թանգարանում)։ 1873 թվականի ամռանը Սուրիկովը մեկնել է Կրասնոյարսկ և որոշ ժամանակ ապրել Խակասիայում՝ Կուզնեցովի ոսկու հանքերում։ 1874 թվականին նկարիչը Կուզնեցովին է նվիրել իր «Բարի սամարացին» կտավը (պահվում է այդտեղ), որի համար նա ստացել է Փոքր ոսկե մեդալ։

1875 թվականի նոյեմբերի 4-ին Սուրիկովն ավարտել է Գեղարվեստի ակադեմիան՝ ստանալով առաջին աստիճանի նկարչի կոչում։

Մոսկվայում

Սուրիկովը պատվեր է ստացել ստեղծել չորս որմնանկարներ՝ Քրիստոս Փրկչի տաճարի համար Տիեզերական ժողովների թեմաներով։ Սանկտ Պետերբուրգում սկսել է աշխատել որմնանկարների վրա, իսկ 1877 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սեփական բնակարան չուներ, ապրել է վարձով բնակարաններում և հյուրանոցներում, հաճախ մեկնել է Կրասնոյարսկ, որտեղ անցկացրել է ամառը։

1878 թվականի հունվարի 25-ին Սուրիկովն ամուսնացել է Ելիզավետա Ավգուստովնա Շարեի (1858-1888) հետ (տարբեր աղբյուրներում նշվում են անվան տարբեր ուղղագրություններ՝ Էլիզավետա Արթուրովնա Շարե)։ Նրա մայրը՝ Մարիա Ալեքսանդրովնա Շարեն, դեկաբրիստ Պյոտր Նիկոլաևիչ Սվիստունովի (ենթադրաբար զարմուհին, Գլաֆիրա Նիկոլաևնա Սվիստունովայի և կոմս Ալեքսանդր Անտոնովիչ դե Բալմենի դուստրն էր) ազգականն էր։ Սուրիկովն ու Շարեն ունեցել են երկու դուստր՝ Օլգան (1878-1958) և Ելենան (1880-1963)։

Սուրիկովը երբեք դիմանկարների պատվերներ չի ընդունել, բայց իր հետագա, զուտ ստեղծագործական աշխատանքները հաճախ սկսել է դիմանկարային կերպարից։ Սակայն, Սուրիկովի մի շարք դիմանկարներ այնքան էլ պաշտոնական նշանակություն չունեին, նկարիչը դրանք չի ներառել իր նկարչական աշխատանքներում։ 1899-1900 թվականներին նկարել է Ֆ. Ֆ. Պելեցկու երկու գրաֆիկական դիմանկարները։ Դրանցից առաջինի վրա կա հեղինակի մակագրությունը՝ «Հարգարժան Ֆյոդոր Ֆեդորովիչ Պելեցկուն։ Վասիլի Սուրիկով։ 1899»։ Նկարը պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Պելեցկի Ֆեդոր Ֆեդորովիչը (1853-1916) հայտնի մոսկվացի կիթառահար էր, ելույթներ էր ունենում իր եղբոր՝ Պելեցկի Դմիտրի Ֆեդորովիչի հետ։

Սուրիկովը սիրել է օպերան, եղել է երաժշտության սիրահար։ Երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա։ Վասիլի Իվանովիչ Սուրիկովը կիթառ նվագելու հմտությունը սովորել է իր ընկերոջից՝ կիթառահար Ֆյոդոր Ֆեդորովիչ Պելեցկուց և նրանք հաճախ ինքնամոռաց կերպով նվագել են երկու կիթառի համար նախատեսված պիեսներ։

Կարևոր նկարներ

«Ստրելեցների մահապատժի առավոտը»

1878 թվականին Սուրիկովը սկսել է աշխատել «Ստրելեցների մահապատժի առավոտը» նկարի վրա։ Նկարն ավարտել է 1881 թվականին։ Նկարում պատկերված են 1698 թվականին ապստամբած ստրելեցները, որոնց տանում են մահապատժի ենթարկելու։

1881 թվականին Սուրիկովը դարձել է Պերեդվիժնիկների արվեստի ցուցահանդեսների ընկերակցության անդամ։

«Մենշիկովը Բերյոզովում»

1883 թվականին Պավել Տրետյակովը ձեռք է բերել Սուրիկովի «Մենշիկովը Բերյոզովում» կտավը։ Նկարիչը գումար է ունեցել արտասահման ուղևորության մեկնելու համար․ եղել է Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ծանոթացել Դրեզդենի պատկերասրահի և Լուվրի հավաքածուին։

«Բոյարուհի Մորոզովա»

1881 թվականին Սուրիկովը պատրաստել է «Բոյարուհի Մորոզովայի» առաջին էսքիզը, իսկ 1884 թվականից աշխատել է նկարի վրա։ Առաջին անգամ Վասիլի Իվանովիչը բոյարուհի Մորոզովայի մասին լսել է իր մորաքույր Օլգա Մատվեևնա Դուրանդինայից, որի հետ նա ապրել է Կրասնոյարսկում՝ գավառական ուսումնարանում սովորելիս։ Սուրիկովը երկար ժամանակ չի կարողացել նախատիպ գտնել ազնվականուհու համար։ Մորոզովայի նախատիպ է դարձել Սուրիկովի մորաքույրը՝ Ավդոտյա Վասիլևնա Տորգոշինան։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ֆեդորովիչը, պատկերված է «Ստրելեցների մահապատժի առավոտը» նկարում՝ սև մորուքով ստրելեց։ Սուխոբուզիմի Սուրբ Երրորդություն եկեղեցու նախկին ատենադպիր Վարսանոֆի Սեմյոնովիչ Զակուրցևը «Բոյարուհի Մորոզովա» կտավում ձախ կողմում պատկերված է ծիծաղող վաճառականի կերպարանքով։ Զակուրցևը կեցվածք է ընդունել Սուրիկովի «Ծիծաղող քահանան» էսքիզի համար Կրասնոյարսկում, դեռևս 1873 թվականին։ Նկարի աջ կողմում գավազանով օտարականի պատկերի համար հիմք է հանդիսացել մի գաղթական, որին Սուրիկովը հանդիպել է Սուխոբուզիմսկոեի ճանապարհին։ «Բոյարուհի Մորոզովա» կտավը ցուցադրվել է Պերեդվիժնիկական XV ցուցահանդեսում 1887 թվականին։

Սուրիկովն ամռանը մեկնել է Կրասնոյարսկ։ 1887 թվականի օգոստոսի 8-ին նա դիտել է արևի ամբողջական խավարումը և նկարել երկու էտյուդ (101-ը՝ ամբողջական խավարում և 102-ը՝ մարող խավարում, որը պահվում է Տվերի պատկերասրահում՝ «Տեսարան Կրասնոյարսկից» անվանումով։

1887 թվականից Սուրիկովն աշխատել է դիմանկարի ժանրում։ Առաջիններից մեկը մոր դիմանկարն է եղել (1887)։ «Իմ եղբայրը» դիմանկարը հավանաբար ստեղծվել է 1887 թվականին։

«Ձյունե քաղաքի գրավումը»

1888 թվականի ապրիլի 8-ին մահացել է Սուրիկովի կինը։ 1889 թվականի ամռան սկզբին նկարիչը դուստրերի հետ մեկնել է Կրասնոյարսկ, որտեղ ապրել է մինչև 1890 թվականի աշունը։ Կրասնոյարսկում նկարել է «Ձյունե քաղաքի գրավումը» կտավը (ավարտել է 1891 թվականին, պահվում է Ռուսական թանգարանում)։

«Ձյունե քաղաքի գրավումը» խաղը Սուրիկովն առաջին անգամ տեսել է վաղ մանկության տարիներին՝ մոր հայրենի գյուղ՝ Տորգոշինո գնալու ճանապարհին։ Նկարի գաղափարը նկարչին տվել է նրա կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդրը։ Նա պատկերված է նկարի աջ կողմում՝ կանգնած թաղքեպատ սահնակում։ Սահնակում նստած է պրոֆիլով պատկերված Եկատերինա Ալեքսանդրովնա Ռաչկովսկայան՝ Կրասնոյարսկի հայտնի բժշկի կինը։ Ձյունե քաղաքը կառուցվել է Սուրիկովի կալվածքի բակում։ Խաղին մասնակցել են Բազաիխա գյուղի գյուղացիները։

Փարիզի միջազգային ցուցահանդեսում (1900) «Ձյունե քաղաքի գրավումը» նկարի համար Սուրիկովը ստացել է անվանական բրոնզե մեդալ։

«Երմակ Տիմոֆեևիչը նվաճում է Սիբիրը»

Սիբիր այցելելության ընթացքում Սուրիկովն ուսումնասիրել է տեղի ժողովուրդների՝ վոգուլների, օստյակների, խակասների և մյուսների կյանքն ու կենցաղը։ 1891 թվականին սկսել է աշխատել «Սիբիրի նվաճումը Երմակ Տիմոֆեևիչի կողմից» նկարի վրա։ Սուրիկովը նկարի էտյուդները է նկարել Օբ գետի վրա։ 1892 թվականի ամռանը Վասիլի Իվանովիչն բնակվել է Խակասիայում Իննոկենտի Կուզնեցովի ոսկու հանքերում։ Իր նամակում նա գրել է․ «Ես գրում եմ թաթարներին։ Ես բավականին շատ եմ գրել։ Երմակի համար նախատիպ եմ գտել»։ «Երմակ Տիմոֆեևիչը նվաչում է Սիբիրը» նկարի վրա աշխատանքը շարունակվել է Դոնի վրա 1893 թվականին և ավարտվել 1895 թվականին։

1893 թվականից Սուրիկովը եղել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։

«Սուվորովի անցումn Ալպերով»

1895 թվականի հոկտեմբերին, երբ գտնվել է Կրասնոյարսկում, Սուրիկովը մտադրվել է նկարել «Սուվորովի անցումը Ալպերով» կտավը։ Սուվորովի առաջին նախատիպը եղել է Կրասնոյարսկի պաշտոնաթող կազակ սպա Ֆեոդոր Ֆեդորովիչ Սպիրիդոնովը։ Ֆեոդոր Սպիրիդոնովը եղել է Սուրիկովի տոհմից։ Այդ ժամանակ Սպիրիդոնովը 82 տարեկան էր։ 1898 թվականին հայտնվել է էտյուդ, որտեղ ժամանակակիցները որպես Սուվորովի նախատիպը տեսել են Կրասնոյարսկի տղամարդկանց գիմնազիայի երգի ուսուցիչ Գրիգորի Նիկոլաևիչ Սմիրնովին։ Գրիգորի Սմիրնովը նաև սպիտակ ձի է ունեցել, որը Սուրիկովը պատկերել է Սուվորովի տակ։ 1897 թվականի ամռանը Սուրիկովն այցելել է Շվեյցարիա, որտեղ նկարել է էտյուդներ։ «Սուվորովի անցումը Ալպերով» նկարի վրա աշխատանքն ավարտել է 1899 թվականին՝ Սուվորովի իտալական արշավանքի 100-ամյակին։ Նկարը ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և ձեռք է բերվել կայսեր կողմից։

«Ստեպան Ռազին»

«Ստեպան Ռազին» նկարի գաղափարը Սուրիկովի մոտ ծագել է դեռևս 1887 թվականին, սակայն նկարի վրա աշխատանքները սկսվել են 1900 թվականին։ Սուրիկովը նկարի համար էտյուդներ է նկարել Սիբիրում և Դոնի վրա։

Ստեպան Ռազինի նախատիպը կրասնոյարսկցի գիտնական Իվան Տիմոֆեևիչ Սավենկովն էր կամ նրա որդին՝ Տիմոֆեյ Իվանովիչը։ Հավանաբար, վաղ շրջանի էտյուդներն արվել են Իվան Տիմոֆեևիչից, իսկ ավելի ուշ՝ նրա որդուց։

Ստեղծագործության հետազոտող Ա. Դյոմկինը կարծիք է հայտնել, որ «Ստեպան Ռազին» կտավում արտացոլում են գտել Սուրիկովի սեփական խորը ապրումները, որը կապված էր այդ տարիների նրա կյանքի հանգամանքների հետ։ Նկարի 1887 թվականի առաջին էսքիզը նկարիչը ստեղծել է մինչև իր կնոջ՝ Ելիզավետա Շարեի մահը, պատկերելով Ռազինին պարսիկ արքայադստեր հետ՝ արշավանքի մեկնող նավատորմի գլխին, ընդ որում, նշվում է, որ կոմպոզիցիայի կենտրոնում գտնվող արքայադստեր կերպարում նկարիչը, ըստ ամենայնի, պատկերել է իր կնոջը՝ Ելիզավետա Ավգուստովնային։ 1888 թվականին կնոջ մահից հետո նկարի կոմպոզիցիան և նրա հուզական տրամադրությունը փոխվել էին, 1900-ականների էսքիզներում մնացել է միայն մեկ նավ, պարսից արքայադստեր կերպարն անհետացել է, ցավալի մտքերի մեջ ընկղմված Ռազինը կապված չէ մյուս կազակների ունեցած զգացմունքների ու ապրումների հետ։ Նշվում է Ռազինի կերպարի նմանությունը Սուրիկովի այդ տարիների լուսանկարների և ինքնանկարների հետ։ Սուրիկովը շարունակել է աշխատել Ռազինի դեմքի վրա նույնիսկ 1907 թվականին նկարի վաճառքից հետո և այն ավարտել է միայն 1910 թվականին։ Ենթադրվում է, որ արդյունքում հսկայական նկարը եղել է նկարչի յուրատեսակ զգացմունքային ինքնանկար։

Ռազինի հուզական մեկուսացումն իրեն շրջապատող կերպարներից, որն այդ նկարը տարբերում է նախորդ Երմակից և Սուվորովից, Ռազինի կերպարի վրա երկար աշխատանքը, կոմպոզիցիայի այլ հատկանիշների և կատարման թվացյալ թերությունների հետ մեկտեղ, նշել է նաև նրա ժամանակակից Մաքսիմիլիան Վոլոշինը։ Նկարը սեփականատիրոջ կողմից ցուցադրվել է Հռոմի համաշխարհային ցուցահանդեսում (1911)։

1907 թվականին Սուրիկովը դարձել է Ռուս նկարիչների միության անդամ՝ հեռանալով Պերեդվիժնիկների ընկերակցությունից։

«Ստեպան Ռազինին» զուգահեռ Սուրիկովն աշխատել է մի քանի նկարների վրա։ 1901 թվականին Վլադիմիր Կրուտովսկին Սուրիկովին ցույց է տվել Ն. Օգլոբլինի բրոշյուրը Կրասնոյարսկի խռովության մասին (հրատարակվել է Տոմսկում 1902 թվականին)։

Սուրիկովի նախնիները՝ Պյոտր և Իլյա Սուրիկովները, մասնակցել են 1695-1698 թվականների Կրասնոյարսկի խռովությանը։ Սուրիկովը սկսել է աշխատել «1695 թվականի Կրասնոյարսկի խռովություն» նկարի վրա։

«Արքայադուստր Օլգան այցելում է դրևլյանների կողմից սպանված արքայազն Իգորի մարմնին» նկարի գաղափարը մնացել է անկատար։ Նկարը մտահղացվել է 1909 թվականին Շիրա լիճ կատարած ճամփորդության ժամանակ։

«Արքայադստեր այցը կանանց մենաստան»

Իվան Զաբելինի «Ռուս թագուհիների տնային կենցաղը 16-17-րդ դարերում» գիրքը կարդալուց հետո Սուրիկովը 1908 թվականին սկսել է նկարել «Արքայադստեր այցը կանանց մենաստան» նկարը (1912)։ Արքայադստեր նախատիպերն են եղել նկարչի թոռնուհին՝ Նատալյա Կոնչալովսկայան և Ասյա Դոբրինսկայան։

Վերջին տարիներ

1910 թվականին Սուրիկովը իր փեսայի՝ նկարիչ Պյոտր Կոնչալովսկու հետ մեկնել է Իսպանիա։ 1910 թվականին Կրասնոյարսկում Սուրիկովի և Լեոնիդ Չերնիշովի նախաձեռնությամբ բացվել է նկարչական դպրոց։ Սուրիկովը Սանկտ Պետերբուրգից գրենական պիտույքներ է ուղարկել դպրոցի համար։

1914 թվականի ամռանը Վասիլի Իվանովիչն այցելել է Կրասնոյարսկ, որտեղ նկարել է մի շարք բնապատկերներ՝ «Կրասնոյարսկ, Ավետման եկեղեցու տարածքում», «Տափանավ Ենիսեյի վրա» և մի քանի ջրաներկ նկարներ։ Նկարչի վերջին աշխատանքը եղել է «Ավետում» նկարը (պահվում է Կրասնոյարսկի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի թանգարանում)։

1915 թվականին Սուրիկովը բուժման է մեկնել Ղրիմ։

Սուրիկովը մահացել է Մոսկվայում 1916 թվականի մարտի 6-ին (19)՝ սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդությունից։ Թաղվել է կնոջ կողքին՝ Վագանկովյան գերեզմանատանը (21-րդ տեղամաս)։

Քննադատություն

Ակադեմիական շրջանակներում Սուրիկովին երկար ժամանակ քննադատել են բազմամարդ կոմպոզիցիաների, կերպարների դեմքերի «խառնաշփոթի» համար, իսկ նրա կտավները արհամարհանքով անվանել «դիպակե գորգեր»։ Սակայն, «Արվեստի աշխարհը» այդ, այսպես կոչված, «արատներ»-ի մեջ տեսել է հենց սուրիկովյան գեղանկարչության առավելությունները։ Խմբավորման ղեկավար Ալեքսանդր Բենուան գովաբանել է Սուրիկովին այն ամենի համար, ինչ արևմտյան չէ, զուտ ազգային է իր նկարներում, այն բանի համար, որ «Վասնեցովի հետ միասին նա ականջ դրեց հին ռուս նկարիչների պատվիրաններին, բացեց նրանց հմայքը, կարողացավ նորից գտնել. նրանց զարմանալի, տարօրինակ և դյութիչ մի գամմա, որը չկա արևմտյան գեղանկարչության մեջ»։

Անվան հավերժացում

  • 1948 թվականին Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը կոչվել է Վասիլի Սուրիկովի անունով։
  • Նկարչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում, 1954 թվականին կանգնեցվել է Սուրիկովի հուշարձանը (քանդակագործ Լ. Յու. Էյդլին, ճարտարապետ Վալերի Կիրխոգլանի), իսկ 1948 թվականին այնտեղ բացվել է Սուրիկովի տուն թանգարանը, այժմ՝ Կալվածք-թանգարանը, որտեղ 2002 թվականին բացվել է նոր հուշարձան (քանդակագործ՝ Յուրի Զլոտյա)։ Տուն-թանգարանի բացման ժամանակ հավաքածուի համար հիմք է հանդիսացել գավառագիտական ​​թանգարանի նկարների և տարբեր առարկաների հավաքածուն։
  • 1959 թվականին ռեժիսոր Անատոլի Ռիբակովը նկարահանել է «Վասիլի Սուրիկով» պատմական և կենսագրական ֆիլմը։
  • Սուրիկովի պատվին է կոչվել խառնարանը Մերկուրիի վրա և Սուրիկով աստերոիդը (2965), որը 1975 թվականին հայտնաբերել է աստղագետ Լյուդմիլա Չեռնիխը։
  • Սուրիկովի անվամբ փողոցներ կան Լիպեցկում, Եկատերինբուրգում, Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Մոսկվայի Սոկոլ ավանում, Կիևում, Օդեսայում, Իրկուտսկում, Կիրովում, Վլադիմիրում, Լենինսկ-Կուզնեցկում, Նիժնի Նովգորոդում, Խաբարովսկում, Կրասնոյարսկի երկրամասի Սուխոբուզիմսկ գյուղում։
  • Ղազախստանի Ռուդնի քաղաքում կա Սուրիկովի նրբանցք։
  • Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքում գործում է Վասիլի Սուրիկովի անվան անվան գեղարվեստի դպրոց։
Կրասնոյարսկ
  • Վասիլի Սուրիկովի անվան փողոց,
  • Վասիլի Սուրիկովի թանգարան-կալվածք (Լենինի փողոց 98) հուշարձանով,
  • Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի թանգարան (Փարիզի կոմունայի փողոց 20),
  • Վասիլի Սուրիկովի անվան թիվ 1 մանկական գեղարվեստի դպրոց (Լենինի փողոց 79),
  • Վասիլի Սուրիկովի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց (Կրասնոդարսկայա փողոց 7 բ),
  • Վասիլի Սուրիկովի անվան արվեստի ուսումնարան (Սվերդլովյան փողոց 5),
  • Սուրիկովյան պուրակ կիսանդրիով Լենինի փողոցում,
  • Հուշարձանով պուրակ Խաղաղության պողոտա/Վասիլի Սուրիկովի փողոց,
  • Նստարան և վերստացույց սյուն, այն վայրում, որտեղ Սուրիկովը որոշել էր նկարիչ դառնալ (Ենիսեյ մայրուղու և Փառքի փողոցի խաչմերուկում)։
Գետային նավեր՝
  • Տանկեր «Վասիլի Սուրիկով» - Յենիսեյյան գետային նավագնացության ձեռնարկություն,
  • «Վասիլի Սուրիկով» շոգենավ - Մոսկովյան գետային նավագնացության ձեռնարկություն։

Ֆիլատելիայում

Դրամագիտության մեջ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • М.М. Алленов. «Василий Суриков»
  • Суриков В. И. Альбом. Вступ. ст. Н. Г. Машковцева. М.։ 1960
  • Суриков В. И. Альбом. Вступ. ст. Д. Сарабьянова. М.։ 1963
  • Суриков В. И. Письма. Воспоминания о художнике. Л.։ 1977
  • Г. Васильева-Шляпина «Сибирские красавицы В. Сурикова. Портрет в творчестве художника»// «Иван Федоров». Санкт-Петербург. 2002
  • В. Ануфриева «Отрада суриковская».//«Сибирские промыслы». Красноярск. 2007
  • Аференко В. А. «Суриков в Сухобузимском»//г. Железногорск, 1999
  • Кеменов В. С. «Историческая живопись Сурикова. 1870—1880-е гг.» М.։ 1963
  • Машковцев Н. Г. «В. И. Суриков» М.։ 1994
  • Евдокимов И. В. Суриков, 1933. - 164 с. (Жизнь замечательных людей)
  • Шанин В. Я. «Суриков, или Трилогия страданий», 2010.

Մամուլ

  • Ռուբեն Դրամբյան, Սուրիկով։ «Գրական թերթ», 1948, № 5:

Արտաքին հղումներ

  • "Я Суриков, русский казак..."
  • Վասիլի Սուրիկովի բոլոր նկարները

Text submitted to CC-BY-SA license. Source: Վասիլի Սուրիկով by Wikipedia (Historical)