Aller au contenu principal

Love of My Life (երգ, Queen)


Love of My Life (երգ, Queen)


«Love of My Life» (անգլ. թարգմանաբար՝ «Իմ կյանքի սեր»), անգլիական Քուին ռոք խմբի երգը 1975 թվականի «A Night at the Opera» ալբոմից։ Տեքստի հեղինակը Ֆրեդի Մերկուրին է։ Երգի համերգային տարբերակը ճանաչում է ձեռք բերել, և այդ ձայնագրություններից մեկը, «Live Killers» համերգից, թողարկվել է որպես սինգլ՝ «Now I’m Here» երգի «Բ» կողմում։

Երգի հիմնական երաժշտական գործիքը դաշնամուրն է։ Մերկուրին ասել է, որ դաշնամուրի հատվածի վրա ազդեցություն են ունեցել Շոպենը և Բեթհովենը։ Երգում նաև օգտագործվում է տավիղ, էլեկտրակիթառ և բաս կիթառ։ Տավիղը հնչում է սկզբում և վերջում։ Բրայան Մեյը, դաշնամուրի նվագակցությամբ, կիթառային սոլո է նվագում։ Ջոն Դիքոնը մի քանի հատվածներում բաս է նվագում։ Մեկ հատվածում ծնծղան է օգտագործվում։

Տեսահոլովակի ռեժիսորը Դենիս Դե Վալանսն է։ Հոլովակը նկարահանվել է երգի համերգային տարբերակի համար։ Տեսահոլովակում ցուցադրվում է խմբի ելույթը Տոկիոյում և Մայնի Ֆրանկֆուրտում, սակայն տեսահոլովակի ձայնը Ֆրանկֆուրտի համերգից է։

Տեսահոլովակում ցուցադրվում են երկու համերգների ձայնագրություններ։ Կադրերը միահյուսվում են միմյանց միջև և արտաքնապես բավականին տարբեր են։ Տոկիոյի տեսարաններում առկա է փիրուզագույն թեթևակի լուսավորում, իսկ Ֆրանկֆուրտում լուսավորումը սովորական է։ Նաև կա տարբերություն երաժիշտների հագուստների միջև՝ Տոկիոյում Մեյը սպիտակ վերնաշապիկ է կրում, իսկ Ֆրանկֆուրտում՝ սև վերնաշապիկ և սպիտակ բաճկոնակ։ Մերկուրին երկու համերգներում միանման է հագնված՝ մուգ տաբատ և տաբատակալներ։

Տեսահոլովակում հիմնականում ցուցադրվում են Մերկուրին և Մեյը։ Մուգ լուսավորման հետևանքում Դիքոնը և Ռոջեր Թեյլորը չեն երևում, երբեմն ցուցադրվում են նրանց համերգային լուսանկարները։

Համերգային ելույթների համար Մեյը երգի ավելի սովորական տարբերակն է արել։ Այդ տարբերակում գերիշխող գործիքը տասներկու լարանոց կիթառն է։ Դաշնամուրի և տավիղի հատվածները բացակայում են։ Երգում առկա է կիթառային սոլո, սակայն այն կատարվում է առանց էլեկտրակիթառ։ 1979 թվականին, «Love of My Life»-ի համերգային ելույթը «Live Killers» ալբոմից թողարկվել է որպես սինգլ։

Երգի կատարման ժամանակ լուսավորությունը մարում է, որի արդյունքում միասին երևում են միայն Մերկուրին և Մեյը։ Երգիչը կանգնած է խոսափողով, իսկ նրա մոտ նստած է կիթառահարը՝ կիթառի հետ միասին։ Երբեմն կրկներգը երգում է հանդիսատեսը, որի ընթացքում Մերկուրին դիրիժոռություն է անում։ Հարավային Ամերիկայում սա շատ հավանեցին և այդ պատճառով այնտեղ սիրեցին այս երգը։ Երգը՝ «The Prophet’s Song» երգի հետ միասին, երբեք չի կատարվել, սակայն ալբոմում սահուն անցում է կատարվում մյուսին։

«Queen + Paul Rodgers» շրջագայության ժամանակ երգի վոկալային հատվածները կատարել է Մեյը։ Սովարաբար, նա երգը նվիրում էր Ֆրեդիին, սակայն «Return of the Champions» համերգի ժամանակ նա ասաց, որ դահլիճում գտնվում է Մերկուրիի մայրը, և երգը նվիրեց նրան։

  • Տիեզերագնաց Իլամ Ռամոնը տիեզերքում կատարել է այս երգը, որից հետո ուղերձ է արել իր կնոջը՝ «Հատուկ բարի լույս իմ կնոջը՝ Ռոնային, իմ կյանքի սիրուն» («Special good morning to my wife, Rona, the love of my life»):
  • Ամերիկյան «Այդ 70-ականների շոուն» սիթքոմի սերիաներից մեկը երգի պատվին է անվանվել։
  • Սինգլի համերգային ձայնագրությունը Արգենտինայի չարթերում մնացել է մեկ տարուց ավել։
  • Երգը նվիրված է Մերի Օսթինին։
  • Extreme խումբը երգը կատարել է «The Freddie Mercury Tribute Concert» համերգի ժամանակ։
  • Սքորպիոնս խումբը երգը կատարել է 2001 թվականի «Acoustica» համերգի ժամանակ։
  • Երաժշտական տեսահոլովակ

Text submitted to CC-BY-SA license. Source: Love of My Life (երգ, Queen) by Wikipedia (Historical)