Aller au contenu principal

Մերի Օսթին


Մերի Օսթին


Մերի Օսթին (անգլ.՝ Mary Austin; մարտի 6, 1951(1951-03-06), Ֆուլհեմ, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), 1970-1976 թվականներին բրիտանական Queen ռոք խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի ընկերուհի և օգնական։

1970-ականների վերջին իր հարցազրույցներից մեկի ժամանակ Ֆրեդի Մերկուրին խոստովանել է, որ Օսթինը «նրա ամբողջ կյանքի սերն է և մի մարդ, ում չի կարողացել փոխարինել ոչ մի սիրեկան», իսկ նրա հետ հարաբերությունները նա ընդունում էր որպես «ամուսնություն»։ Մերիից բաժանվելուց հետո, Մերկուրին աշխատանքի է վերցրել նրան իր սեփական ընկերության մեջ և դարձել է նրա որդու՝ Ռիչարդի, կնքահայրը։

Կենսագրություն

Նա ծնվել է 1951 թվականի մարտի 6-ին Անգլիայի Լոնդոն քաղաքում՝ աշխատող դասի ընտանիքում։ Նրա երկու ծնողներն էլ խուլ էին։ Մերին ստիպված էր աշխատել 15 տարեկանից՝ սկզբում որպես քարտուղարուհի, հետո էլ՝ բուտիկում։

Մերկուրին և Օսթինը ծանոթացել են 1969 թվականին՝ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի շնորհիվ, ում հետ նա հանդիպում էր։ Մերկուրին առաջարկություն է արել Օսթինին 1973 թվականի Սուրբ Ծննդյան օրը։ Մերին համաձայնվել է, սակայն նրանք այդպես էլ չեն ամուսնացել։ 1973-1976 թվականներին նրանք միասին ապրում էին Լոնդոնում։ Մերին բաժանվել է Ֆրեդիից այն բանից հետո, երբ երգիչը խոստովանել է, որ բիսեքսուալ է։ Մերկուրին մի քանի երգ է գրել Մերի Օսթինի մասին, հատկապես «A Night at the Opera» (1975) ալբոմի «Love Of My Life» երգը։

Ֆրեդի Մերկուրին կտակել է նրան իր ունեցվածքի կեսը, ներառյալ Garden Lodge տունը Լոնդոնի Քենսինգթոն շրջանում և իր ձայնասկավառակների հետագա վաճառքից շահույթի իրավունքները։ Օսթինը Mercury Phoenix Trust բարեգործական ֆոնդի անդամ է։ Արտիստի խնդրանքով նա նաև միակ մարդն է, ով տեղյակ է, թե որտեղ է թաղված Ֆրեդիի աճյունը։

2017 թվականի Օսթինը հեռացրել է Garden Lodge-ի ցանկապատի վրա գտնվող Ֆրեդի Մերկուրիի հիշատակի վայրը, որի վրա երգչի երկրպագուները պատկերներ և գրություններ էին թողնում։ ԶԼՄ-ները դժգոհություն են հայտնել այս որոշման վերաբերյալ։

Անձնական կյանք

Մերկուրիից բաժանվելուց հետո նա սկսել է հանդիպել երաժիշտ Ջո Բերթի հետ։ 1990-1993 թվականներին նա հարաբերությունների մեջ էր գտնվում ճարտարապետ Փիրս Քեմերոնի հետ։ Նրանք երկու որդի են ունեցել՝ Ռիչարդ և Ջեյմս։ 1998-ից 2006 թվականներին նա ամուսնացած էր բիզնեսմեն Նիք Հոլֆորդի հետ։

Հանրամատչելի մշակույթում

Ռոնալդ Ռիթեր և Էվերմոր Սուսանի «Խոսակցություն Ֆրեդի Մերկուրիի հետ» (անգլ.՝ «Conversations With Freddie Mercury») գրքում Մերիին մի ամբողջ գլուխ է հատկացվել։ Տեղեկություններ նրա մասին կարելի է գտնել նաև Մերկուրիի կենսագրական գրքերի մեջ, օրինակ, Մարկ Բլեյքի «Ֆրեդի Մերկուրի․ Կախարդության տեսակ» (անգլ.՝ «Freddie Mercury: A Kind Of Magic») կամ Դևիդ Բրեթի «Ֆրեդի Մերկուրի․ Ինտիմ կենսագրություն» (անգլ.՝ «Freddie Mercury: An Intimate Biography») գրքերում։

Օսթինը հայտնվել էր Ֆրեդի Մերկուրիի մասին վավերագրական կենսագրական «Ֆրեդի Մերկուրի․ Չպատմված պատմությունը» (անգլ.՝ «Freddie Mercury: The Untold Story») (2000) ֆիլմում։ Ներկայումս նա հանրային մարդ չէ և հազվադեպ է հարցազրույցներ տալիս։

Ամերիկաբրիտանյան «Բոհեմական Ռապսոդիա» ֆիլմում նրա դերը կատարել է Լյուսի Բոյնտոնը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Մերի Օսթին Internet Movie Database կայքում
Collection James Bond 007

Text submitted to CC-BY-SA license. Source: Մերի Օսթին by Wikipedia (Historical)